Խորհրդա-չինական պատերազմը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | November 20, 2010 14:17
1960-ական թթ. Խորհրդային Միության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության հարաբերությունները լարված էին: Այդ տարիներին առհասարակ ԽՍՀՄ-ի միջազգային հեղինակությունն ընկած էր: Նոր էին ավարտվել կարիբյան ճգնաժամը, Չեխոսլովակիայի «նվաճումը» … Ի լրումն` Չինաստանը ԽՍՀՄ-ի դեմ հանդես եկավ հողային պահանջներով:
Կռվախնձորը խորհրդա-չինական սահմանագծի Ուսսուրի գետի Դամանսկի կղզին էր: Այս տարածքը դեռևս 1858 թ. Ռուսական կայսրությունը «գնել» էր Չինաստանից: Այնուամենայնիվ, Չինաստանի ղեկավարությունը չէր հրաժարվում կղզու հետ կապված իր նկրտումներից:
1960-ական թթ. Չինաստանի վարչապետ Էնլայը հայտարարեց, որ իր երկրի և ԽՍՀՄ-ի միջև տարածքային վեճ գոյություն ունի: 1963 թ. ԽՍՀՄ ղեկավարությունը փորձեց հարցի խաղաղ կարգավորման նպատակով միջպետական հանձնաժողով ստեղծել: Սակայն 1964 թ. ստեղծված հանձնաժողովի ջանքերն ապարդյուն էին: Չինաստանը տարբեր ատյաններում դիվանագիտական ճնշումներ էր գործադրում ԽՍՀՄ-ի վրա: Սակայն դիվանագիտական ճանապարհով արդյունքի չհասնելով` չինացիները փորձեցին ուղղակի բռնագրավել կղզին: Այս տարածքում խորհրդային և չինացի սահմանապահների բախումները սովորական երևույթ էին: Բայց այս անգամ չինական կողմը վճռական էր տրամադրված և 1969 թ. մարտի 1-ին մի քանի հարյուր զինվորներով գրավում է կղզին և գնդակահարում խորհրդային սահմանապահներին:
Անակնկալի եկած խորհրդային կողմը, վախենալով մեծ աղմուկից, իրադարձությանն արագ չարձագանքեց:
Միայն դիվանագիտական նոտաների փոխանակումից հետո ԽՍՀՄ ղեկավարությունը փորձեց լուրջ քայլեր ձեռնարկել. մոտոհրաձգային մի դիվիզիա փորձում է գրավել կղզին, բայց չինացիները, որ արդեն դիրքավորվել էին, հզոր հարված են հասցնում և պահպանում դիրքերը: Այս կռվում խորհրդային բանակի ղեկավարությունն առաջին անգամ փորձարկեց նորագույն T-62 տանկը, որ հագեցած էր ժամանակի ռազմարդյունաբերության վերջին նվաճումներով: Սակայն դեռ մարտի մեջ չմտած` տանկը խփվեց: Որպեսզի այն որպես ռազմավար չանցնի չինացիների ձեռքը, ռուս զինվորականները ոչնչացրին:
Կասեցնելով խորհրդային զորքերի հարձակումը` չինական կողմը փորձեց ամրապնդել հաջողությունը և մարտի 17-ին անցավ զանգվածային գրոհի: Այս դեպքում մեծ դեր է խաղում խորհրդային զինտեխնիկայի նոր խոսքը` հրետանային «Գրադ» կայանը: Մոտ 3 ժամ տևած մարտի արդյունքում չինական հարձակվող զորամասը իսպառ ոչնչանում է` տալով մոտ 2000 զոհ: Պատերազմական գործողությունները սրանով, փաստորեն, ավարտվում են: Սակայն մարտի արդյունքից խորհրդային հրամանատարությունը չփորձեց օգտվել, և կղզին մնաց չինացիների ձեռքին:
Պատերազմի ընթացքում խորհրդային բանակը մոտ 150 զոհ տվեց: Չինական կողմի կորուստները տասնապատիկ էին: Սրանից էլ` ժողովրդի մեջ տարածված առասպելը, թե խորհրդային կողմն այս պատերազմում լազերային զենք է օգտագործել: Մինչդեռ այդ լազերը սովորական հրետանային «Գրադ» կայանն էր, որ այդ տարիներին հզոր զենք էր:
Ամեն դեպքում Չինաստանը մասամբ հասավ իր նպատակին և Դամանսկի կղզին խլեց ԽՍՀՄ-ից, որն էլ ամրագրվեց 1969 թ. աշնանը Կոսիգինի և Էնլայի միջև կայացած բանակցություններով:
Վահե Անթանեսյան






Facebook
Tweet This
Email This Post
