«Վերադարձ». ճանապարհը դեպի Հայրենիք և գրականություն` հարթված է

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | November 19, 2010 23:48

Ամերիկահայ գործարար, բանաստեղծ Վահան Զանոյանն առաջին անգամ Հայաստան է գալիս 1989 թվականին` հարազատ եզերքը վերջապես գտած սիրո կարոտով: Քսանմեկ տարի անց այդ սիրո խոստովանությունները զետեղվում են «Վերադարձ» գրքում, որը կարծես, ուշացած, բայց երկար սպասված հանդիպում է սիրելիի հետ և որտեղ այդ սերը մի անուն ունի` Հայաստան:

Զանոյանի վերադարձը ոչ միայն դեպի Հայրենիք է, այլ նաև գրականություն: Վաղուց սկսած, բայց ինչ-ինչ պատճառներով ընդհատված նրա գրական գործունեությունը կրկին վերսկսվում է, հենց որ գալիս է Հայաստան.

«Հայրենիք վերադարձն ինձ պարտադրեց, որ գրականություն վերադառնամ,-ասում է նա,-որովհետև իմ ասելիքն ուրիշ ձևով հնարավոր չէր ասել. անգամ արձակով հնարավոր չէր ասել, այլ միայն` պոեզիայով»:

Ինչպես գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, գիրքը ծայրեիծայր սիրո խոստովանություն է.

«Սակայն դա ոչ թե սոսկ կարոտախտ է, բաժակաճառ կամ էլ ինչ որ վերացական սիրո գաղափար, այլ ավելի գործնական է, որովհետև խարսխվում է երկիրը կայացնելու, շենացնելու, երկրի ապագան տեսնելու այն կատարելության ու ներդաշնակության մեջ, ինչն ավելի վեր պիտի լինի, քան մեր հոգիներում ու մեր շուրջ տիրող քաոսն է»:

Այդ քաոսի նկարագիրը ևս Զանոյանը տալիս է իր գրքում: Նա տարակուսած հարցնում է` «Ու՞ր է ներկան».

«Եկել եմ ես մեծ հույզերով, վաղուց տրված խոստումներով

որոնելու Ոգին այն հին ամենագո ու դարավոր…

Ու փորձում եմ անցյալի պես վավերացնել նաև ներկան,

Ստույգ ճշտել ու վկայել, թե զավակը հորն է նման,

Թե մեր ազգը այսօր գիտի, կհասկանա, կարժևորի

Անկախության իմաստը խոր վերածնված այս հին երկրի…»:

Հանկարծ բանաստեղծը տագնապում է` «Մերժում».

«Հայրենիք Հայոց, իրավունք չունես դու քո ծոցի մեջ պահելու այսպես

Քո հոգին մաշող խարտոցներն այդ պիղծ:

Եվ դեռ ավելին, իրավունք չունես թույլ տալու նրանց, որ այսպես նենգեն

Դարեր վերապրած սուրբ կապը մեր մեջ.

Մենք ցանկանում ենք ճամփորդել քեզ հետ,

Մեծանալ քեզ հետ,

Հասուննալ քեզ հետ,

Ծերանալ քեզ հետ…»:

Սակայն բանաստեղծին ամենաշատը հուզում է համատարած անտարբերությունը ոգեղեն արժեքների նկատմամբ, առօրյա ճահճի մեջ ննջելու կենսակերպը: Նա կոչ է անում` «Մի՛ հարմարվիր».

«Ազգ իմ, զարթնի՛ր, ընտրիր կյանքը, բաղձա ապրել, հզորանալ,

Փորձիր տիրել հին ճամփեքին, ուղղի՛ր երթդ քո բուն հունին,

Մի՛ հետևիր այս խեղկատակ, ծաղրանկար նոր կերպերին,

Մի՛ հավատա քեզ ստրկացնող ու խաբեբա քարոզներին…»:

Բանաստեղծի այս մտքեր ամենևին էլ պատահական չեն.

«Ինձ շատ է մտահոգում համատարած անտարբերությունը, անտարբերությունը մեր շահած անկախության, մեր պետականության  հանդեպ և Հայրենիքի գիտակցության պակասը»,-ասում է Զանոյանը:

Նա նաև ցավ է ապրում, երբ Սփյուռքի ու Հայաստանի շփումները ճղճիմ հարցերով բախումների են վերածվում: Զանոյանը համոզված է, որ վաղուց արդեն ժամանակն է Հայաստանն ու Սփյուռքը դիտել մեկ ամբողջականության մեջ.

«Քսան-քսանհինգ տարի առաջ Սփյուռք-Հայաստան հասկացությունն իմաստ ուներ, բայց այսօր այդ իմաստը չկա, այսօր կա մեկ համաշխարհային հայ իրականություն,-նշում է նա,- և եթե այդ կողմից նայենք, ապա մենք աշխարհի ամենահարուստ ազգն ենք»:

Ի դեպ, նրա բանաստեղծությունների ժողովածուն յուրօրինակ է նաև նրանով, որ բանաստեղծությունները ներկայացվում են թե՛ մեսրոպյան ուղղագրությամբ և թե՛  արևելահայերենով: Բացի այդ, կան նաև լեզվական ու ոճային միտումնավոր ձուլումներ.

«Այսօր Հայաստանի և Սփյուռքի միջև շատ ավելի լուրջ խնդիրներ կան, քան լեզուն է,-կարծում է Զանոյանը,-և այդ հարցերը Հայաստանը Սփյուռքին օգնելով պիտի լուծի, Սփյուռքն էլ` Հայաստանին օգնելով»:

Բանաստեղծը սիրելի մարդու սխալներն ուղղելու և նրան արժանապատիվ կյանքով ապահովելու զգացումով է առաջնորդվում: Նա չի եկել Հայրենիք` վայելելու միայն հրաշք բնությունն ու հարազատ կոթողների հմայքը: Նա ուզում է Հայաստանը տեսնել հպարտ, ուժեղ ու կայացած, սակայն ցավով նկատում է, որ այդ ամենին հասնելու նախադրյալներն առայժմ քիչ են.

«Այսօր Հայաստանը ձևացնում է, թե իբր կապիտալիստ է, բայց թե ի՞նչ է կապիտալիզմը` չի հասկանում: Կապիտալիստական երկներն իրենց կրթությունը ծախու չեն դնում, կաշառքով աշակերտ չեն ընդունում. դա կապիտալիզմ չէ, այլ գողություն է,-ասում է Զանոյանը,-կրթությունը մեր ապագան է, եթե դա էլ է ծախու, որիշ ի՞նչ է մնում մեզ, ոչի՛նչ…»:

Ին՞չ է պետք Հայրենիքը հզորացնելու, Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ավելի ներդաշնակ ու համահունչ դարձնելու համար. հարցին ի պատասխան` Զանոյանը մատնանշում է իր բանաստեղծություններից մեկը.

«Գիտե՞ս դու արդյոք, որ երբ օրը գա, և ես մկրտվիմ, նույնանամ կյանքիդ

իմ «նորմալ» կյանքով, «նորմալ» կեցվածքով,

Ուզես կամ չուզես, թեկուզ համառես, թեկուզ պայքարես ու չընդունիս զիս,

Ավելի քան ես, ավելի քան միշտ դո՛ւն պիտի փոխվիս…»:

Դիտվել է 1559 անգամ:
Print Friendly

Leave a Reply