Լրացավ Վ. Վիլսոնի ստորագրությամբ Իրավարար վճիռ-քարտեզի ստորագրման 90 ամյակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 19, 2010 21:43
Այսօր լրացավ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի ստորագրած Իրավարար վճիռ-քարտեզը միջազգայնորեն հաստատելու 90 ամյակը: Այս կապակցությամբ մի խումբ մտավորականներ ստորագրել են մի փաստաթուղթ, որով պահանջում են Երեւանում գումարել Խաղաղության եւ Միջազգային վեհաժողով, Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչելու համար դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան, աշխատանքներ տանել Մոսկվայի պայմանագիրը չեղյալ հայտարարելու ուղղությամբ եւ նոյեմբերի 22-ը դարձնել Հայրենատիրության ամենամյա համահայկական տոն:
Ինչպես այսօր Հայաստանի գրողների միությունում Իրավարար վճիռ-քարտեզը միջազգայնորեն հաստատելու 90 ամյակի կապակցությամբ հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, փաստաթղթի տակ ստորագրել են Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, «Սահմանադրական իրավունք» միություն կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, ՀՀ կինոմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը եւ այլք:
«90 տարի առաջ այս օրը Վ. Վիլսոնը ստորագրեց այս Իրավարար քարտեզ-վճիռը: Մեր ժողովուրդը միշտ ունեցել է Վիլսոնի պես լավ բարեկամներ, եւ մեր պարտավորությունն է` երախտագիտությամբ հիշելու նրանց»,-ասաց Լեւոն Անանյանը: Նա նաեւ նշեց, որ հայ ժողովրդի բարոյական պարտավորությունն է քայլ անել Իրավարար քարտեզի ճանաչման ուղղությամբ` անգամ եթե դա դատապարտված է ձախողման: Քննարկման մասնակից, «Մամիկոնեից տարոնականների ուխտ» ՀԿ ատենավար Ռաֆայել Համբարձումյանը բարձրաձայն ընթերցեց հայ մտավորականների ստորագրած փաստաթղթի բովանդակությունը եւ նրանում առաջ քաշված հարցերը:
«Մենք մեկ տարի շարունակ աշխատել ենք այս նախաձեռնության ուղղությամբ, եւ այստեղ ներկայացված պահանջները հստակ են»,-հայտնեց նա` հավելելով, որ ՀՀ Հանրային Խորհուրդը եւս նամակ է ուղարկել ՀՀ կառավարություն` անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
