Զինծառայողի մահվան նոր դեպք Հայաստանի բանակում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 19, 2010 20:40

Հայաստանի բանակում զինծառայողի մահվան նոր դեպք է արձանագրվել: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին պաշտպանության նախարարության քննչական վարչությունից, նոյեմբերի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող Ռոբերտ Ավետիսյանը:

Ռոբերտ Ավետիսյանը 23 տարեկան էր, զորակոչված էր Արմավիրի զինկոմիսարիատից:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության փոխանցմամբ` դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ` դիտավորյալ սպանության հատկանիշներով: Քննչական ծառայության հաղորդմամբ, ձերբակալվածներ դեռ չկան, կատարվում է նախաքննություն:

Ռոբերտ Ավետիսյանի դին տեղափոխվել է Երեւան` դիահերձման ու փորձաքննության նպատակով:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Արմավիրի տարածքային զինկոմիսարիատի զինկոմի տեղակալ Սարիբեկ Սարիբեկյանը, Ռոբերտ Ավետիսյանը կրտսեր սերժանտ էր, ժամկետային զինծառայության էր զորակոչվել անցած տարվա աշնանը` բուհը ավարտելուց հետո, Երեւանի ագրարային համալսարանի շրջանավարտ էր:

Արմավիրում տարածված լուրերի համաձայն, դեպքին նախորդել է վիճաբանություն զորամասում:

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply