Գալուստ Սահակյան. ՙՄենք և մեր հասարակությունը զգացել ենք, որ ճգնաժամ է` Դաշնակցությունը դեռևս չի զգացել՚

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 19, 2010 20:33

ՙՄենք և մեր հասարակությունը զգացել ենք, որ ճգնաժամ է` Դաշնակցությունը դեռևս չի զգացել՚,- նոյեմբերի 19-ի ճեպազրույցում կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` արձագանքելով խորհրդարանի լիագումար նիստում 2011թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամների ելույթներին: Վերջինները, մասնավորապես, նախօրեին բազմաթիվ մեջբերումներ էին արել քաղաքական կոալիցիայի նախընտրական և կառավարության ծրագրերից` մատնանշելով նախատեսված և առկա ցուցանիշների միջև շեղումները և եզրակացրել, որ կառավարությունը ձախողել է:

ՙԵրբ նախագծում ես կամ մոտ ապագայում անելիքների մասին խոսում, երբեք ու երբեք այդ պահին չես մտածում, թե ինչպիսի աղետներ կլինեն, իսկ, փաստորեն, աղետները, այս դեպքում` նաև ճգնաժամը, բնականաբար, հետ պիտի գցեր գործընթացները՚,- ընդգծեց հանրապետական պատգամավորը: Ըստ նրա, սակայն դա չի նշանակում, որ քաղաքական մեծամասնությունը լարված չի աշխատում, որպեսզի հնարավորինս կարողանա ՙամոքել նաև այդ պահը՚:

ՙԱյսպես կռվի տոնով խոսում են, թե ինչու աշխատավարձերի բարձրացում չի լինում կամ թոշակներն ինչու են այդքան քիչ բարձրանում, կարծես թե պատասխանատու թիմն առավել հանդիստ չէր լինի, եթե հնարավորություններ լինեին այդ աշխատավարձերը, թոշակները բարձրացնեին՚,-ասաց Գ.Սահակյանը:

Նա կարծիք հայտնեց, որ ընդդիմությունը, բնականաբար, ընդդիմադիր կեցվածք պետք է ունենա, և հազիվ թե ՙդա շատ վնասակար ազդեցություն ունենա՚, այլ` ճիշտ  հակառակը: ՙԻնչքան նման խոսակցություններ լինեն, այնքան իշխանություններն ավելի զգոն կլինեն և իրենց պատասխանատվությունն ավելի կմեծացնեն՚,-վստահեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply