Ըստ Արծվիկ Մինասյանի, 2011թ.-ին կառավարությանը չի հաջողվելու ապահովել Հայաստանի առջև ծառացած հիմնական խնդիրների լուծումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 19, 2010 20:29

ՙ2011թ.-ին, ինչպես նաև 2010թ.-ին էինք հայտարարել, այդպես էլ կառավարությանը չի հաջողվելու ապահովել այն հիմնական խնդիրների լուծումը, որոնք դրված էին և կան որպես մարտահրավերներ ՀՀ-ի առջև՚,- նոյեմբերի 19-ի ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Ըստ պատգամավորի, խմբակցության անդամները նախօրեին ավարտված ԱԺ լիագումար նիստերում ներկայացրել են իրենց տեսակետները` 2011թ.-ի պետական բյուջեի նախագծի և սոցիալ-տնտեսական զարգացումների վերաբերյալ կառավարության ուղերձի կապակցությամբ: Ներկայումս ամփոփվում է խմբակցության ամբողջական տեսակետը: Նշվեց, որ այն մի հսկայածավալ փաթեթ է, որը ներառում է 2011թ.-ի բյուջեի վերաբերյալ գնահատական, ինչպես նաև վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության մասով կոնկրետ առաջարկություններ, որոնց մի մասն արվել է նախորդ շրջանում, երբ նախագիծը քննարկվում էր հանձնաժողովներում: ՙՔաղաքականության, թիրախային խմբերի վերաբերյալ առաջարկները կներկայացվեն ամբողջական փաթեթում, որը, եթե կառավարությունը գործադրի, մենք կունենանք շատ ավելի լավ բյուջե, ավելի լավ սոցիալ-տնտեսական քաղաքականություն, և էականորեն կմեղմվի երկրում առկա լարվածությունը՚,-վստահեցրեց Ա.Մինասյանը:

Ըստ դաշնակցական պատգամավորի, պետբյուջեի վերաբերյալ ՀՅԴ ՙնախաձեռնությունները, առաջարկությունները կոնկրետ ֆինանսավորման առումով վերաբերելու են մշակույթի, սոցիալական պաշտպանության ոլորտներին, հատկապես` նվազագույն աշխատավարձի և դեկրետում գտնվող մայրերի նպաստը վերականգնելու, ինչպես նաև չաշխատող մայրերին թե հղիության և ծննդաբերության, թե երեխայի խնամքի նպաստներ տրամադրելու հարցերին՚: Առաջարկները վերաբերելու են նաև գիտության և առողջապահության ֆինանսավորման ծավալների մեծացմանը, ինչպես նաև ծրագրային առաջարկներ են արվելու տնտեսության առանձին ճյուղերի վերաբերյալ:

Նշվեց նաև, որ խմբակցության քվեարկության որոշումը կկայացվի խմբակցության նիստում այն ժամանակ, երբ կառավարությունը կներկայացնի առաջարկությունների վերաբերյալ իր վերջնական տեսակետը:

ՙՄենք նկատի չունենք միայն մեր կողմից ներկայացված առաջարկությունները, այլ ընդհանրապես առաջարկություններ, դիտաղություններ, տեսակետներ, որոնք այս օրերին հնչել են: Ինչպես դրանց կարձագանքի կառավարությունը, ինչ ուղղումներ, փոփոխություններ կկատարի` այս ամենն է, որ համալիր ձևով նկատի կունենանք, երբ կկայացնենք մեր վերջնական որոշումը՚,- հավելեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply