Ժառանգություն՚-ը կառավարությունից մի փոքր խոհեմություն է ակնկալում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 19, 2010 20:25

Ազգային ժողովի ՙԺառանգություն՚ խմբակցությունն օրվա ընթացքում կամփոփի 2011թ.-ի պետական բյուջեի վերաբերյալ իր առաջարկությունները` խորհրդարանի լիագումար նիստում նախագծի քննարկումը նախօրեին ընդմիջվելուց հետո սահմանված 24 ժամվա ընթացքում դրանք կառավարությանը ներկայացնելու համար: Այս մասին նոյեմբերի 19-ի ճեպազրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

ՙՄենք պետք է հերթական անգամ կառավարության առաջ հանդես գանք մեր առաջարկները պնդելու գրավոր պահանջով՚,-ասաց նա: Ըստ խմբակցության ղեկավարի, ԱԺ մշտական հանձնաժողովներում նախագծի նախնական քննարկումների արդյունքում խմբակցության կողմից ներկայացված 80-ից ավելի առաջարկությունները կհամալրվեն և, ամենայն հավանականությամբ, կգերազանցեն 90-ը:

ՙԴրանց վերաբերյալ վերաբերմունքից հետո, ես կարծում եմ, որ խմբակցությունն անհրաժեշտություն կունենա քաղաքական որևէ հայտարարություն անել ընդհանրապես վարվող տնտեսական քաղաքականության, բյուջեում մեր առաջարկների ընդունման կապակցությամբ, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ բազմաթիվ առաջարկներ` օրախնդիր լուծումների վերաբերյալ, ուղղակի չբավարարվեցին այն պարզ պատճառով, որ դրանք ՙԺառանգության՚ կողմից էին ներկայացվել՚,-հայտարարեց Ս.Սաֆարյանը: Նա ընդգծեց, որ անցած տարի կառավարության ներկայացուցիչը ՙգրեթե ուղղակիորեն ակնարկեց այդ փաստը, որ առաջարկությունները չեն ընդունվել, չեն բավարարվել, որովհետև դրանք ներկայացվել են ընդդիմության կողմից՚:

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ այս տարի իրենք ՙգոնե մի փոքր խոհեմություն՚ ենք ակնկալում կառավարությունից, որ ՙԺառանգության՚ կողմից ներկայացված դպրոցների, մանկապարտեզների, ջրագծերի, ոռոգման և այլ ցանցերի, ասֆալտապատման և այլ ծախսերը, որոնք առաջարկվում են նեռարել բյուջեի նախագծում, ՙամենևին ՙԺառանգության՚ գյուղերը, ջրագծերը, օբյեկտները չեն՚: Նշվեց նաև, որ հետևաբար, դրանք ոչ պակաս, այլ շատ ավելի մեծ ուշադրություն են պահանջում` ի տարբերություն այն հաստատությունների, որոնք ներկայացվում են խորհրդարանական մեծամասնության կողմից:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1982 անգամ:
Print Friendly

Leave a Reply