«Ուրանի հանքի շահագործումը ցեղասպանություն է խաղաղ պայմաններում»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | November 19, 2010 15:28

Վերջին ամիսներին Հայաստանի բնապահպանական թեժ կետերին ավելացել է ևս մեկը` Կապանի Լեռնաձոր  գյուղը, որտեղ այժմ ուրանի որոնման աշխատանքներ են տարվում: Եվ ելնելով վերջին օրերի անցուդարձից` վստահաբար կարելի է ասել, որ այն այսօր ամենաթեժն է:  Կապանից եկող լուրերը խուճապի են մատնել ամբողջ հանրապետությունը (այս մասին անդրադարձ կա մեր թերթի նախորդ համարում և էլեկտրոնային կայքում):

Ամեն ինչ սկսվել է ՀՀ կառավարության 2009 թ. ապրիլի 23-ի թիվ 419-Ն որոշումից, որով թույլատրվել է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ին  ՀՀ տարածքում իրականացնել ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզում` 5 տարի ժամկետով: «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածում (Հասարակական միավորումների ու քաղաքացիների մասնակցությունն ընդերքի պահպանության բնագավառում) ամրագրված է. «Հասարակական միավորումներն ու քաղաքացիները մասնակցում են ընդերքի պահպանության հետ կապված հարցերի քննարկմանը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Պետական մարմիններն ընդերքի պահպանության միջոցառումներ իրականացնելիս պարտավոր են ըստ ամենայնի հաշվի առնել հասարակական միավորումների ու քաղաքացիների առաջարկությունները»:

Հաշվի՞ է առնվել արդյոք Կապանի քաղաքացիների կարծիքը այս որոշումը կայացնելուց առաջ: Առկա իրավիճակը ցույց է տալիս, որ օրենքի տառը կոպտորեն խախտվել է:

Ստորև ներկայացնում ենք Կապանի բնապահպանական շարժման ակտիվիստ, «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Փարսադանյանի հաղորդումն «Անկախին»՝ Կապանում ստեղծված իրավիճակի և մասնավորապես նոյեմբերի 11-ին այնտեղ տեղի ունեցած մեծ հանրահավաքի մասին:

– Քանի որ Սյունիքի մարզը համարվում է հանքարդյունաբերության կենտրոնը Հայաստանում, լուրջ բնապահպանական խնդիրներ կան, որոնք ազդեցություն են թողնում բնակչության առոջության վրա: Քաղաքը բոլոր կողմերից շրջափակված է նոր ու հին հանքերով: Չնայած Սյունիքը համարվում է հանքարդյունաբերության կենտրոն,  և Կապանում զբաղվածության մակարդակը բարձր է` համեմատած այլ քաղաքների հետ, տեղացիների եկամուտները ցածր են, ինչը տրամաբանական չէ: Ստացվում է, որ  նյութական միջոցներ ունեցող ցանկացած անհատ կամ կազմակերպություն կարող է ապականել մեր տարածաշրջանը, ստանալ գերշահույթներ, տեղացիներին վճարել գրոշներ և անտեսելով բնապահպանական խնդիրները` լուրջ առողջական խնդիրներ ստեղծել: Չկան  բնակչության առողջությանը վերաբերող վիճակագրական տվյալներ, լինելու դեպքում էլ հազիվ թե ճիշտ արտացոլեն իրական պատկերը, քանի որ տարածաշրջանում ցածր է բուժսպասարկման որակը, այդ պատճառով մեծ մասը ստուգումների կամ բուժումների համար գնում է Երևանի հիվանդանոցներ: Առողջական խնդիրներները տարածաշրջանում  սուր բնույթ են կրում հատկապես հղի կանանց և նորածին երեխաների շրջանում: Տարածաշրջանում վերարտադրողականության խնդիրը տագնապալի է: Հաշվի առնելով ՀՀ-ի փոքր տարածքը, տարածաշրջանում առկա բնապահպանական խնդիրները, ուրանի հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա` մենք այն համարում ենք ցեղասպանություն խաղաղ պայմաններում: Տեղացիների մեջ խուճապ կա, աննախադեպ արտահոսք է նկատվում տարածաշրջանից: Այս բացասական միտումները կխաթարեն բնակիչների բնականոն կյանքը և հանրապետության հարավային դարպաս հանդիսացող Սյունիքը կդատարկվի (հետևանքների մասին թող դատի կառավարությունը և ընթերցողը):

Ես դժվարանում եմ  ասել, թե ինչքան մարդ է մասնակցել նոյեմբերի 11-ի հանրահավաքին, բայց տարբեր աղբյուրներից հավաստիացնում են, որ մոտ 5000 մարդ է մասնակցել` չնայած արհեստականորեն ստեղծված խոչընդոտներին:

Քննարկվեցին կառավարության ուրանի երկրաբանահետախուզական և արդյունահանման ծրագրերը: Հասարակությանը ներկայացվեց կառավարության ոչ թափանցիկ գործելաոճը այս ոլորտում, անօրինական գործողությունները, արձանագրությունների կեղծումը, ըստ որի,  իբր՝ Լեռնաձորի համայնքապետը կողմ է, Լեռնաձորի բնակիչները ողջունում են ուրանի հանքի շահագործումը Լեռնաձորի համայնքի տարածքում: «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի և «Ազատամարտ» կոմիտեի հետ համատեղ կազմակերպվել և կազմակերպվում է ստորագրահավաք,  և մասնակիցները կարող են իրենց կարծիքն արտահայտել կողմ, դեմ, ձեռնպահ պատասխաններով: Ներկայացվեցին ստորագրահավաքի ընթացիկ տվյալները (11 հազարից ավելի ստորագրություն, մասնակիցների 99%-ից ավելին դեմ է արտահայտվել ուրանի հանքերի շահագործմանը), նախագահին ուղղված բաց նամակը, ՀԿ-ների ներկայացուցիչների կոշտ դիրքորոշումը: Կոչ արվեց Հայաստանում գործող բոլոր ՀԿ-ներին միանալ այս ակցիային:

Այս ակցիան բնապահպանական է, և մենք չենք ցանկանում, որ որոշ  քաղաքական ուժեր օգտագործեին այս շարժումն իրենց անձնական, քաղաքական նպատակներով: Մենք կհամագործակցենք միայն նրանց հետ, ովքեր անշահախնդիր մղումներ ունեն: ԶԼՄ-ներով շատ է քննարկվում, որ նախաձեռնող խմբի անդամները չէին ցանկանում ձայն տալ Զարուհի Փոստանջյանին: Պատճառն այն է, որ մեզ հասած տեղեկություններով` նա Երևանում հայտարարություններ է արել իր կողմից Կապանում հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ: Մեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ կարողացանք այսքան հասունացնել  խնդիրը և դեռ ավելի կհասունացնենք, բայց մեզ համար անընդունելի է, որ ոմանք մեր կատարած աշխատանքը վերագրեն իրենց և մեզ գործիք դարձնեն: Մենք թույլ չենք տա ոչ մի քաղաքական ուժի շահարկել այս հարցը և ղեկավարել մեզ: Մենք   շարունակելու ենք մեր պայքարը և նման հանրահավաքներ կկազմակերպենք այնքան, մինչև կառավարությունը կասեցնի այս գործընթացը:

Դիտվել է 1207 անգամ:
Print Friendly

Leave a Reply