«Աղքատ» հայերի հանգիստը ոչ էժան Ծաղկաձորում

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | December 8, 2010 11:15

Երևանից մոտ 50 կմ դեպի հյուսիս գտնվող Ծաղկաձորը ծովի մակերևույթից բարձր է 1820-1890 մ, միջին ջերմաստիճանն օգոստոսին +18+25 աստիճան է, հունվարին` -7-9: Բնակչությունը` 1700, կարող է հյուրընկալել մինչև 5000 մարդ: Հինգ կայան ունեցող և 6105 մ ընդհանուր երկարությամբ ճոպանուղին ծովի մակերևույթից բարձր է 1969-2819 մ: Քաղաքում 35-ից ավելի հյուրանոցներ կան, որոնց թիվը տարեցտարի ավելանում է:

Նոր տարուն դեռևս ժամանակ կա, սակայն ամանորյա տոները Ծաղկաձորի գրկում անցկացնելու հավանականությունը  օր օրի նվազում է: Արդեն գրեթե անհնար է  թանկարժեք հյուրանոցներում համար պատվիրել. բոլոր տեղերն 90 տոկոսով զբաղված են:  Ամրագրումները սկսվում են սեպտեմբերից:

Իսկ, օրինակ, Ծաղկաձորի սրտում, այսինքն` հրապարակին նայող 30-սենյականոց «Յուպիտեր» հյուրանոցը կորպորատիվ փաթեթով ամբողջությամբ վարձակալված է մեկ հաստատության կողմից: Հյուրանոցի մենեջեր Մարիաննա Բեգլարյանն ասաց, որ փաթեթի արժեքը կոմերցիոն գաղտնիք է, քանի որ նման դեպքերում զեղչեր են արվում: Այստեղ երկու անձի համար սենյակի գինը 15-40 հազար դրամ է, որի մեջ մտնում է առավոտյան նախաճաշը: Մարիաննան ասում է, որ լավ ամառ են ունեցել հոսքերի առումով, «ինչը չէի ասի նախորդ տարվա համար»:

Նույն հյուրանոցի հարևանությամբ գտնվող 6-սենյականոց «Բագարտի» մենեջերը, սակայն, դժգոհեց ամառային հոսքերից` պատճառաբանելով, որ իրենց «գործին խփում են» Ջերմուկն ու Քոբուլեթին: Այստեղ սենյակների գինը նույնն է, ինչ «Յուպիտերում», սակայն  մենեջերը հավաստիացրեց, որ զեղչեր անելու առումով հաճախորդների հետ լեզու գտնում են: Քոբուլեթիի ազդեցությունը Ծաղկաձորում արձանագրել են շատերը, սակայն, «Յուպիտերի» մենեջերը կարծում է, որ բիզնեսի կազմակերպումից շատ բան է կախված:

Այստեղ երևի ամենախեղճ վիճակում է  1850 թ. կառուցված փայտյա հնաոճ  Նկարիչների տունը: Այստեղ  անձի համար գինը տատանվում է 3000-5000 դրամի սահմաններում, իսկ ամանորյա ծրագիր, ամենայն հավանականությամբ, չի լինի: Նկարիչների միության նախագահի տեղակալ Կարապետ Փաշյանն ասաց, որ դեռ ոչինչ որոշված չէ. «ամեն ինչ կախված կլինի զայավքեքից»:

«Ամենախեղճերի» թվում է հայտնվել  նաև երբեմնի հանրահայտ Գրողների ստեղծագործական տունը, որի դերը մոտ 10 տարի առաջ ծաղկաձորյան զբոսաշրջությունում գրեթե  մենաշնորհային էր: Դրա պատճառն այն է, որ այն վերանորոգվեց սովետական կարգերի փլուզումից անմիջապես առաջ և 90-ականներին համարվում էր Ծաղկաձորի ամենաշքեղ հյուրանոցը:

Ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանն ասում է, որ վերջին 4 տարվա ընթացքում իրենց հոսքերը  տարեկան 20 տոկոսով կրճատվում են, և պատճառը միայն քաղաքում մրցակից շքեղ հյուրանոցները չեն: «Արդեն քանի տարի է, որ մեզ մոտ տարածված է, թե Քոբուլեթիում ու վրացական այլ ծովափերում հանգստանալը շատ էժան է,- ասում է նա,- սակայն պետք է համեմատել նույն որակի հյուրանոցներն ու նույն կարգի ծառայությունը: Այս տարի ամռանը երկու օրով եղել եմ այնտեղ ու մեկ օրվա համար հյուրանոցում վճարել եմ 50 դոլար, որը մեզ հետ համեմատվելու եզր անգամ չուներ»:

Այստեղ հանգստանալը համեմատաբար էժան է. 150-տեղանոց Գրողների տանը մեկ անձի համար սենյակ կարելի է գտնել 4500 դրամով, իսկ երեքանգամյա սնունդն արժի 3500 դրամ: Ամանորյա փաթեթը, որը նույնպես 90 տոկոսով պատվիրված է, 4 հոգանոց խմբի և միջին կարգի սենյակի համար, օրվա կտրվածքով արժի 22  հազար դրամ:

Ծաղկաձորում շատ հայտնի համարվող «Կեչառիսում» նույնպես ամանորյա հայտերը զբաղված են բոլոր 34 սենյակների համար: Մեկօրյա հանգիստն այստեղ երկու անձի համար 50 հազար դրամ է, իսկ ամանորյա շոուն` մեկ անձի համար 80 հազար դրամ:

Ամանորն արդեն չես կարող անցկացնել նաև բոլորովին վերջերս գործարկված «Ռոսիա» պերճաշուք հյուրանոցում, որտեղ երկու անձի համար նախատեսված վեցօրյա փաթեթն արժի 650 հազար դրամ: Այս հյուրանոցում, սակայն, սենյակի արժեքի մեջ մտնում են լրացուցիչ այլ ծառայություններ, ինչպիսիք են մանկական խաղասենյակը, բիլիարդը, սեղանի թենիսը, լողավազանը և մարզասրահը, որոնք այլ համարժեք հյուրանոցներում վճարովի են:

Համեմատության համար. ամանորյա 7-օրյա ուղեգիրը Եգիպտոս  երկու անձի համար արժի 2400 դոլար, իսկ Դուբայ՝ 3400 դոլար:  «Իմեգա տուր» արտագնա զբոսաշրջությամբ զբաղվող գործակալությունից   «Անկախին» հայտնեցին, որ նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի ավելի է շատացել մեկնողների թիվը, և իրենց ունեցած տեղերը նույնպես մեծ մասամբ զբաղված են:

Ծաղկաձորում կասկածելի մաքրության սպիտակեղեն կամ համար այսօր դժվար է գտնել. ամեն ինչ  անհրաժեշտ բարձրության վրա է:  Զուգարանի թղթի, լոգարանի միանվագ օգտագործման  հողաթափերի կամ օճառի մասին հիշատակելն անգամ ծիծաղելի է: Ձմեռային հանգստի համար բոլոր միջոցներն էլ կազմակերպված են: Հինգ կայան ունեցող ճոպանուղու մեկ կանգառն արժի 1500 դրամ, սակայն դահուկային սպորտի և սնոուբորդի սիրահարները կարող են օգտվել փաթեթային տարբերակներից՝ վերցնելով 10 հազար դրամանոց 20 անգամյա օգտագործման քարտեր կամ 45 հազարով՝  7-օրյա օգտագործման փաթեթ: Ամենադժվարը համարվում են «Քոչարյան» և «պրեզիդենտական» կոչվող սահքուղիները: Երկրորդ  կայարանում սուրճ կամ գարեջուր կարելի է խմել «Տիֆոզի» սրճարանում: Կա նաև դահուկների և սնոուբորդի տախտակի վարձույթ՝ օրը 5 հազար դրամով: Ձմեռային սպորտի սիրահարները կարող են օգտվել մարզիչի ծառայություններից, որի ժամն արժի 7 հազար դրամ:

Ծաղկաձորյան տարբեր հյուրանոցներում նույն երևանյան գներով գործում են «Ջազվե», «Պասկուչի», «Տիֆոզի»  սրճարաններն ու «Հին Թիֆլիս» ռեստորանը: Շատ հյուրանոցներում կա wi- fi ինտերնետային կապ:

Ծաղիկների քաղաքում հանգստանալն, ինչ խոսք, այսօր էժան հաճույք չէ, և գներին ծանոթանալուց հետո առաջին միտքը, որ ծնվում է, այն է, թե ովքեր են այդ հյուրանոցների հաճախորդներն, ու ինչքանով են արդարացված հյուրանոցային բիզնեսում ներդրում կատարողների հույսերը:

Բայց արի ու տես, որ հյուրանոցային բիզնեսը ծաղկում է աստեղ, և «Ռոսիան»,  որ շահագործման է հանձնվել 7 ամիս առաջ,  միակը չէ: Ամենուր կարելի է տեսնել կիսակառույց շենքեր, իսկ եղածների տեղամասերում էլ ավելանում են նորերը:

Սովետական շրջանում լավ հայտնի «Արծվիկ» մանկական ճամբարի մի կեսի տեղում կանգնած է նորակառույց հյուրանոցը, որն արդեն ավարտման փուլում է, նրա հարևանությամբ՝  «Կեչառիս» վանական համալիրի ուղղությամբ, ավարտվում է միջնադարյան ոճի մեկ այլ կառույց: «Վիարդոյի» առանձնատներն այսօր արդեն միայնակ չեն. դրանց հարևանությամբ կանգնած են մի քանի եռահարկ կիսակառույցներ: Հետաքրիքր է, որ «Վիարդոյի» տեղում նախկինում եղել է զորամաս, որի փայտյա տնակներում ապրել են զինվորականներ:

Մնում է զարմանալ, թե որտեղից հայերին այդքան փող, որ մեկ օրվա համար չեն խնայում  20 հազար դրամը և պատերի տակ բողոքում են, թե «լավ չեն ապրում»:

Դիտվել է 4101 անգամ:
Print Friendly

Leave a Reply