Ադրբեջանցի դիպուկահարի գնդակը Արտյոմի սրտին չհասավ. նրա ծոցագրպանում Նոր կտակարանն էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | November 24, 2010 7:10

«Այդ օրը շատ-շատ էին կրակում,  նրանց մոտ Բայրամի տոնն էր սկսվում, մենք էլ շատ զգույշ էինք, զինվորներին էլ էինք զգուշացրել, որ գլուխները խրամատից չհանեն, բայց ու՞մ մտքով կանցներ, որ առանց տեսադաշտի, մի փոքր անցքից կխփեն»,-պատմում է Արտյոմը:

Մարտի 1-ն էր: Երեսնամյա սպա Արտյոմ Սահակյանը մարտական հերթապահության էր Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի սահմանում: Ժամը 12:40 էր, երբ նա հանկարծ սուր ցավ զգաց կրծքին. «Հասկացա, որ խփեցին,- պատմում է Արտյոմը,- մի քանի վայրկյանից ծնկներս սկսեցին թուլանալ: Զինվորներիս խնդրեցի, որ ինձ բռնեն: Հարցրեցի` էլ ո՞ւմ է կպել,  ասացին` ոչ ոքի: Հանգստացա»:

Գնդակն անցել էր Արտյոմի կրծքի վերնամասով, մխրճվել ձախ թոքի մեջ և ողնաշարի ողներից մեկը կոտրելով` դուրս եկել: «Ախր ես խրամատի մեջ էի, չէի երևում, ինձ համար անհասկանալի է, թե ինչպես են ինձ տեսել,-մինչ օրս զարմանում է նա ու բացատրությունն ինքն էլ տալիս,- խրամատի մեջ տեղ կա` խրամախորշ, որտեղ զենքը տեղադրում են ու կրակում, բացվածքը մոտ տասը սմ է, երևի հենց այդտեղից էլ նշան են բռնել»:

Ադրբեջանցի դիպուկահարը նշան էր բռնել Արտյոմի սրտին, բայց գնդակը մի փոքր վերև էր կպել` փրկելով սպայի կյանքը. Արտյոմը վստահ է, որ իրեն պաշտպանել է ձախ ծոցագրպանում դրված Նոր կտակարանը. «Հերթապահության գնալուց առաջ լսեցի, որ զորամասի տեր հայրն ինձ ձեն է տալիս,- պատմում է Արտյոմը,- արդեն ճանապարհ էինք ընկել, բայց հետ գնացի: Տեր հոր ձեռքին կտակարաններ կային: Մեկն ինձ տվեց, ասաց` մոտդ պահի: Դրեցի ձախ ծոցագրպանիս մեջ ու գնացի: Հենց էդ կտակարանն էլ ինձ փրկեց. թշնամու գնդակն էդքան հզոր չի, որ կտակարանին կպչի»:

Ընկերները Արտյոմին մոտ 200 մետր քաշելով, տանում, հասցնում են խրամատում գտնվող գետնատնակ, որտեղ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխում են Մարտակերտի հիվանդանոց: «Այդ ընթացքում մի բան էի ասում` ինձ խոսեցրեք, որ աչքերս չփակվեն,- պատմում է Արտյոմը,- բայց երբ հասանք հիվանդանոց, արդեն շատ թույլ էի, երկուսուկես լիտրից ավելի արյուն էի կորցրել: Խնդրեցի` ձեռքերս դնեն աչքերիս վրա, որ կոպերս բարձրացնեմ, աչքերս չփակվեն»:

Մարտակերտի հիվանդանոցում նրան վիրահատում են` հեռացնելով վնասված թոքը, ապա տեղափոխում են Ստեփանակերտ, այնտեղից էլ` Հայաստան: Այստեղ արդեն ողնաշարն են վիրահատում: Արտյոմն այժմ գտնվում է Երևանի Կամիր խաչի հիվանդանոցում: Դեռ սայլակի վրա է, բայց բժիշկները հույս են տալիս, որ նա կկարողանա քայլել:

Արտյոմը ծնվել է Արմավիրի Հայկավան գյուղում: Ավարտել է տեղի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանը, այնուհետև Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, որից հետո նրան նշանակել են Արմավիրի զորամասի դասակի հրամանատար, ապա տեղափոխել Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի զորամաս` որպես գումարտակի հրամանատարի տեղակալ:

Նա ամուսնացած է, ունի երեք երեխա` երկու դուստր, մեկ տղա: Մեծն արդեն դպրոցական է: Երկրորդ դուստրը 4 տարեկան է, իսկ ամենափոքրը` որդին, դեռ 2 ամսական է:

Ինն ամիս էր, որ նա կնոջ ու երկու դուստրերի հետ տեղափոխվել էր Մատաղիս, երբ դեպքը տեղի ունեցավ: Կինն այդ ժամանակ հղի էր: «Այդ օրը, որ պիտի հերթապահության գնայի (7 օր զորամասում էինք մնում, 7 օր` մարտական դիրքերում), կատակով կնոջս ասացի. որ ինձ մի բան լինի,  երկու շաբաթվա ուտելիք ունեք, հանգիստ կարող եք  երկու շաբաթ ապրել»,-պատմում է նա:

Երբ Արտյոմին տեղափոխում են Երևան, 4 տարեկան դուստրը գալիս է հորը տեսակցության. «Պապ, քեզ մի բան պիտի տամ, բայց մաման թող սենյակից դուրս գա,-ասում է փոքրիկն ու մոտենալով ափում պահած մի փոքր դանակ է տալիս հորը,- էս պահի, որ թուրքը գա, տեսնի ձեռքիդ սուր կա, քեզ մոտիկ չի գա»:

Այդ խոսքերը մինչև հոգու խորքը հուզում են Արտյոմին. «Մեջս ահավոր վրեժի զգացում կա,- ասում է նա,- մինչև պատասխան հարված չտամ, չեմ հանգստանա: Բայց եթե իմ մեջից էլ այդ զգացողությունը դուրս գա, իմ էրեխեքի մեջից հաստատ դուրս չի գա»:

Արտյոմն ասում է, որ միշտ կողմ է եղել խաղաղության, փորձել է հավասարակշռված լինել, նույնն էլ իր զինվորների մեջ է սերմանել: Մտածել է` եթե իրենք անտեղի կրակեն, հակառակորդն էլ է կրակելու, և անիմաստ զոհ ենք ունենալու: «Կռվի ժամանակ ուրիշ է, պիտի սպանես,- ասում է նա,- բայց հիմա, երբ հրադադար է, ինչի՞ անիմաստ խփես: Նա էլ է զինվոր, ընտանիք, ծնողներ ունի: Բայց եթե նրանք էդպես չեն մտածում, եթե խփում են, մենք էլ պիտի խփենք»:

Նա ասում է, որ այդ ինն ամիսների ընթացքում զոհ չի տեսել և չգիտի` ինչպես կվարվեր, եթե իր աչքի առջև իր զինվորներից մեկը սպանվեր: «Երևի ինձ չէի զսպի, ինձ կկորցնեի,-ասում է նա,- կանցնեի սահմանը` պատասխան տալու, առանց մտածելու, որ ընտանիք, երեխեք ունեմ: Կարծում եմ` մեր սպաների 90 տոկոսն էդպես կվարվեր, որովհետև բոլորն էլ ցավով են վերաբերվում իրենց զինվորին, իրենց ընկերոջը»:

Նա վստահ չէ, որ ադրբեջանական բանակում նույն սրտացավությունը կա: «Ադրբեջանցին վախից է ծառայում, պարտավորված,- կարծում է Արտյոմը,- նրանք իրենց գերի ընկած զինվորին այլևս չեն ընդունում: Բայց գերի ընկած զինվորն ուրիշ է, իր կամքով հանձնվածը` ուրիշ: Այո, հանձնվածներին չպիտի ներես, որովհետև եթե անգամ քո վիճակն էստեղ շատ վատ է, էլի՛  չպիտի էդ քայլին դիմես»:

Արտյոմը չի ընդունում նաև բանակից փախչողներին ու խուսափողներին: Կարծում է, որ պատճառ չկա խուսափելու, պարզապես կա սխալ դաստիարակություն, որն ընտանիքից է գալիս: Արտյոմի հայրենասիրությունը հենց այդ դաստիարակության արդյունք է: Փոքրուց զինվորականի հոգեբանությամբ է մեծացել. հորեղբայրը, հայրը ազատամարտիկ են եղել, երկուսն էլ Արցախյան պատերազմում կռվել ու վիրավորվել են: «Ութ տարեկանից զենք, կռիվ, կռվող մարդ ու մորուք եմ տեսել,- ասում է Արտյոմը,-տեսել եմ, թե ոնց են մերոնք Բաքվից փախած հայերին մեր տանը ապաստան տալիս, ես էլ դասերից փախչում, տուն էի գալիս, որ մի բանով օգնեմ»:

Անգամ իր վիճակը տեսնելով` երբեք չի մտածում իր որդուն բանակից ազատելու կամ նման բաների մասին: Ընդհակառակը, կարծում է, որ իր որդին անպայման պիտի ծառայի, ավելին,  եթե նա ուզենա, կօգնի նաև, որ զինվորական դառնա ու իր գործը շարունակի: «Եթե, Աստված չանի, իմ տղային ինչ-որ բան լինի, ես չեմ ափսոսի,- ասում է նա,- որովհետև էդպես էլ պիտի լինի. բա ո՞վ պիտի գնա կռվելու, հո չե՞նք նստի սպասենք, որ արտասահմանից ուրիշները գան, մեր հողը պահեն: Տա՛ Աստված` լավանամ, էլի հետ եմ գնալու: Իսկ եթե չընդունեն զինվորական ծառայության, ինչով կարող եմ, օգնելու եմ»:

Արտյոմը ծառայության ժամանակ ամեն վայրկյան սպասել է հակառակորդի հարձակմանը: Նույն ոգով նաև իր զինվորներին է դաստիարակել. «Որ սահմանը ձիգ ա` ձիգ ա, բայց ադրբեջանցիք շատ են համը հանում, անտեղի  շատ են կրակում,- ասում է,-հասցնում են էն աստիճանի, որ դու էլ ինչ-որ բան անես: Իսկ գիշերները վախից օդ են կրակում. մթից շատ են վախենում և ժամանակ առ ժամանակ կրակում են` իբր, տեսեք, մենք քնած չենք, մենք կանք»:

Նա պատմում է, որ հաճախ իրենցից 50-60 մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանցի զինվորները ձայն են տալիս, փորձում  զրույցի  բռնվել  մերոնց հետ, անգամ համոզում են, որ իրենց մոտ անցնեն` թեյ խմելու, հաց ուտելու. «Բայց հենց գլուխդ դուրս հանես, կխփեն,- ասում է Արտյոմը համոզված, որ թշնամուն չպետք է վստահել,- բացի այդ, եթե անգամ անկեղծ են, ո՞նց  կարելի է հակառակորդի հետ նստել, հաց ուտել»:

Արտյոմը նվիրված է իր հայրենիքին ոչ միայն իբրև զինվորական, այլև որպես քաղաքացի: Նրա համար հայկականը ամենաբարձրն ու ամենալավն է: Բարեկամների, հարազատների` արտերկիր գնալու, բուժվելու առաջարկը մերժում է: «Չէ, ասում եմ, էստեղ ավելի լավ ա, ամեն ինչն իմն ա, ինձ հարազատ ա, ինձ պետք չի օտարի հոգատարությունն ու տեխնիկան, միշտ ասել եմ` մեր ամեն ինչն ավելի լավն ա, մենակ հավատալ ա պետք: Ավելի լավ ա երկու ամիս ուշ քայլեմ, բայց իմ երկրում քայլեմ»:

Դիտվել է 3945 անգամ:
Print Friendly

Leave a Reply