Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի վերափոխման հրամայականը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | November 23, 2010 11:06

Այսօր հայ հասարակության զարգացման ու քաղաքական դաշտի վերափոխման հրատապությունը ակնհայտ է: Հայաստանի քաղաքական դաշտում իսկապես առկա է սերնդափոխության հրամայականը:

Վերափոխման համար նոր մոտեցումներ են հարկավոր, իսկ այդ նոր մոտեցումները կյանքի կոչելու համար նոր պրոֆեսիոնալ մարդկանց պետք է ներգրավել քաղաքական ու պետական համակարգեր: Բայց քաղաքական համակարգերն աչքի են ընկնում իրենց փակ ու բյուրոկրատական հատկություններով, ինչն էապես խոչընդոտում կամ նվազագույնի է հասցնում նոր մարդկանց մուտքը:

Նոր մարդիկ ասելով` նկատի չունենք իշխանություն կամ ընդդիմություն, և քաղաքական դաշտի սերնդափոխությունը չի վերաբերում միայն քաղաքական դաշտ տարիքով երիտասարդների մուտք գործելուն: Խոսքը նոր մոտեցումներով, թարմ գաղափարներով մարդկանց մասին է: Թե չէ 1988-ից ի վեր դաշտում, իրար փոխարինելով, գործում են նույն դեմքերը, որոնք կա՛մ նոր ուժեր են ստեղծում, կա՛մ վերադասավորվում են քաղաքական այս կամ այն պլատֆորմում և այլն:

Քաղաքական դաշտում գործող այս գերագույն սկզբունքը համընդհանուր տպավորություն է ձևավորել հասարակության շրջանակներում, իսկ նման ըմբռնումը հնարավորություն չի տալիս մտածելու ու գործելու բանականությամբ:

Դրանց շարքն է դասվում նաև ընտրությունների կեղծման կանխադրույթը, ու զարմանալին այն է, որ ազգովի մոռանալով այդ ենթագիտակցական  համոզմունքը (թեև ենթագիտակցականը հնարավոր չէ մոռանալ), «խելոք-խելոք» գնում ենք ընտրությունների ու քվեարկում:

Իհարկե, ընտրությանը մասնակցելը ժողովրդավարական քաղաքացու կարևորագույն իրավունքներից ու հատկապես պարտականություններից է, բայց երբ ընտրությանը մասնակցում ես` քո հնարավոր բարեկեցիկ 5 տարին փոխանակելով 5-10 հազար դրամով կամ «չարյաց փոքրագույնը» սկզբունքով, քվեարկելուց հետո այլևս ժողովրդավարական քաղաքացի չես, միգուցե առհասարակ կորցնում ես քաղաքացու բարձր կոչումը:

Ի վերջո, ինչպե՞ս կարող ես համարվել մի երկրի քաղաքացի, երբ չես գիտակցում այդ երկրի քաղաքական ապագայի կենսական կարևորությունն ու այդ ապագան կերտողների ընտրության հույժ կարևոր պարտականությունը:

Այս համատեքստում նաև խաբվելու մեծ հավանականություն կա, և խաբող քաղաքական ուժերի համար  կարևորություն չեն ներկայացնում քաղաքացիների սպասելիքները, քանի որ քվեարկողները սովոր են շատ շուտ մոռանալ` ինչ խոստումներ են տվել իրենց թեկնածուները:

Հանրային պահանջմունքների նկատմաբ ապատիա ապրող քաղաքական ուժերը չեն էլ շտապում ինչ-որ քայլ անել իրենց ընտրազանգվածի կարծիքը փոխելու կամ նրանց վստահությունը շահելու ուղղությամբ. նրանք դա կանեն ընտրությունների նախօրեին. քանի որ քաղաքացին «քաղաքացի» չէ  և իսկապես «հիշողության» լուրջ խնդիրներ ունի:

Սա ցույց է տալիս քաղաքական ուժերի «պրոֆեսիոնալի՞զմը», թե քաղաքացիների ոչ պրոֆեսիոնալ քաղաքացի լինե՞լը, տարբեր տեսություններով տարբեր պատասխաններ կարելի է տալ:

Մի բան ակնհայտ է, որ հիմա Հայաստանում քաղաքականություն մուտք գործողները թերևս առաջնորդվում են Օսկար Ուայլդի շատ վառ բնորոշմամբ. «Ես սիրում եմ քաղաքական կուսակցությունները, որովհետև դրանք միակ տեղն են, որտեղ մարդիկ չեն խոսում քաղաքականությունից»: Այս դեպքում է, որ նրանք խնդիրներ են ստեղծում ոչ միայն իրենց, ոչ միայն ողջ համակարգի, այլև քաղաքացու համար, որը, փոխանակ զարգացնելու քաղաքացիական գիտակցությունը, (չէ՞ որ քաղաքական գաղափարախոսությունը պետք է դաստիարակչական գործառույթ ունենա), դատարկվում է «քաղաքացուց»:

Ընտրող-թեկնածու հարաբերությունների ոլորտի և ոչ մի ենթաոլորտում զարգացում չկա. ինչի՞ մասին է խոսքը, երբ աշխարհը թևակոխել է XXI դար, իսկ մենք դեռ  «կարուսել» ենք խաղում ընտրություններին. նույնիսկ ընտրակեղծիքի մեթոդներում զարգացում չկա:

Նույն համատեքստում, մյուս կողմից, այնպիսի տպավորություն է, որ մեր քաղաքական ուժերն իրենց քաղաքական ծրագրերը երբեմն խառնում են շոփինգի ցուցակների հետ:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ` ինչպես են մեր ազգընտիրները հայտնվում պատգամավորական ցուցակներում, իրենց դարակազմիկ նշանակություն ունեցող գաղափարների՞, թե՞ ունեցած  բարձր ինտելեկտի համար: Ինչպե՞ս կարելի է Ադրբեջանից եկող պատերազմի իրական սպառնալիքի պայմաններում վաճառել-գնել Ազգային ժողովի պորտֆելները: Սա անթույլատրելի է:

Մենք պարտավոր ենք գոնե 2012 թ. ունենալ ավելի պրոֆեսիոնալ Ազգային Ժողով, քանի որ դա են պահանջում աշխարհաքաղաքական այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է մեր երկիրը: Այնպիսի Ազգային ժողով, որի նիստերում ներկա կլինեն ոչ թե 20-30 պատգամավոր, այլ 131, իսկական օրենսդիրներ, ոչ թե այնպիսիք, որոնց պետք է զանգերով կանչել ու խնդրել, որ ներկա գտնվեն նիստերին:

Ընդհանուր առմամբ, պետք է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ քաղաքականությամբ ցանկանան զբաղվել ոչ թե արկածախնդիրները, ովքեր չունեն որևէ մասնագիտություն (բուհի դիպլոմը, կարծում եմ, չի կարող դրա վկայությունը լինել` հաշվի առնելով մեր կրթական համակարգի վիճակը), այլ պրոֆեսիանալ մարդիկ, ովքեր քաղաքական դաշտ կբերեն նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, նաև հին խնդիրների նոր լուծումներ:

Դիտվել է 2723 անգամ:
Print Friendly

Leave a Reply