Արսեն արք. ԲԵՐԲԵՐՅԱՆ. «Հայ-անգլիկան միավորված եկեղեցին 1841-1905թթ.»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | November 21, 2010 15:00

Այս գրքի հեղինակը շարունակում է հայ հոգևոր հայրերի այն ընտրյալ խմբի ավանդույթները, որոնք  զբաղվել են գիտություններով, թողել ամենատարբեր բնագավառների մասին աշխատություններ, որոնց մի մասը կարողացել ենք հրատարակել, մյուս պահպանված  մասը սպասում է  տպագրության լույսին։

Արսեն արք. Բերբերյանը մասնագիտական լուրջ դպրոցներ է անցել։ Այս գիտական ուսումնասիրությամբ նա Լոնդոնի Թագավորական քոլեջի  եկեղեցական պատմության ֆակուլտետում պաշտպանել է գիտական թեզ`  նշանակալի թե՛ անգլիական և թե՛ հայկական կողմի համար, և ստացել աստվածաբանության դոկտորի աստիճան։ Սրբազանին հիմնականում հետաքրքրել  են հայ-անգլիկան եկեղեցական հարաբերությունները XIX դարում, ավելի ստույգ՝ 1841-1905 թթ.` ընդգրկելով առավելապես Արևմտյան Հայաստանի  Այնթապ-Մարաշ-Հաճըն-Դիարբեքիր-Զեյթուն-Կիլիկիա հայաշատ նահանգներն ու գավառները, որոնք և դարձել են նրա թեզի հիմնական նյութը, իսկ այսօր մեր սեղանին են որպես կարևոր ուսումնասիրութուն մեր ժողովրդի պատմության, դավանաբանական, եկեղեցական հարաբերությունների, նաև սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակի շուրջ։

Սրբազանն աշխատել է Լոնդոնի  գրադարանների արխիվային բաժիններում, Քենթրբերիի եպիսկոպոսության արխիվներում։ Սա հայ-անգլիական հարաբերությունների մինչ օրս չբացահայտված մի շարք հարցերի ու եղելությունների հետևելու բացառիկ հնարավորություն է։  Սրբազանը վկայում է, որ իր ուսումնասիրած թղթապանակները քակելիս ժապավեններն ուղղակի փշրվում էին, քանզի շուրջ 150 տարի դրանք չեն բացվել, հետազոտության նյութ չեն դարձել։

Հարկ է երախտագիտություն հայտնել սրբազան հորը, որ նա չի սահմանափակվել լոկ այս փաստաթղթերի  գիտական ուսումնասիրությամբ և Ազգային արխիվին է նվիրել 90 ծավալուն հատորների (800-1000 էջերից կազմված)  միկրոժապավենները։

Ուսումնասիրության առարկա ժամանակաշրջանը չափազանց կարևոր է եղել Օսմանյան կայսրության ու նրա լծի տակ ապրող ժողովուրդների համար։ Եվրոպական պետությունները, Հռոմի կաթոլիկ եկեղեցին, ապա նաև՝ 1701 թ. լոնդոնյան Աստվածաշնչի տարածման և 1795 թ. հիմնադրված Քարոզչական միությունները նպատակ ունեին բաժան- բաժան անել ողջ կայսրությունը։ 1810 թ. ԱՄՆ-ում հիմնադրված    «Բորդ» հայտնի ընկերությունը, որը  միավորում էր ավետարանական երեք՝ կոնգրեգացիոն (քարոզչական), պրեսբիտերական (երիցագույն), ռեֆորմիստական  եկեղեցիները, 1821 թ. սկսել էր իր գործունեությունը Մերձավոր Արևելքում, նախ՝ Երուսաղեմից։

Ամերիկյան հայտնի միսիոներ Կարպետ Յունգը շատ դիպուկ է ասել, թե «Հայաստանն այն բաց դուռն է, որով կարելի է մտնել Թուրքիա»։ Արևելյան հարցի սկիզբն էր սա։

1583-ից Ստամբուլը հարաբերություններ ուներ անգլիական երկու կարևոր ընկերությունների հետ, որոնք  միշտ ձգտել են  հարաբերություններ ունենալ Բարձր դռան և պալատի հետ` մրցելով  Ֆրանսիայի և Հռոմի ներկայացուցիչների հետ։ Այս ամենն արտահայտված են  տարբեր տեսակի վավերագրերում։  Մինչ միսիոներական առաքելությունների հաստատումը դրանք տարբեր ճանապարհորդների, տարբեր մասնագետների հուշագրություններն են, ապա՝ միսիոներների հաշվետվությունները, որոնց մի մասը հրատարակվել է, և ամենակարևորը՝ դեսպանությունների և  հյուպատոսությունների  զեկուցագրերը։ Այս վերջիններում հայկական խնդիրները կարևոր տեղ են զբաղեցրել։ Երևի նպաստել է այն հանգամանքը, որ դեսպանություններում ու հյուպատոսություններում, որպես կանոն, հայ մասնագետներն են ընտրվել որպես թարգմանիչներ և բժիշկներ։

Ահա այսպիսի հսկայական արխիվային նյութերի հետ է շփվել գրքի հեղինակը։ Եվ այս  նյութը քիչ է ուսումնասիրված, քանզի դիվանագիտական  տիպի արխիվների ուսումնասիրությունը  կապված է կանոնակարգի որոշ դժվարությունների հետ։

1845-1905 թթ. Արևմտյան Հայաստանի մի շարք կենտրոններում Այնթափի առաջնորդի՝ Մկրտիչ արք. Շահանյանի գլխավորած շարժումը   փորձել է  հայ ժողովրդի այդ հատվածին կապել անգլիկան եկեղեցու հետ` ակնկալելով վերջիններիս հովանավորությունը  և օգնությունը։  Շարժումը հովանավորվել է լոնդոնյան  հիմնադրամների շնորհիվ։ Սակայն չմոռանանք, որ միսիոներական ուզածդ կազմակերպության համար գերակայողը   նախևառաջ իրենց շահերն են  եղել, իսկ հայերի խնդիրները…

Սա աշխատություն է անգլո-թուրքական և այս  շրջագծում՝ հայ-անգլիկան եկեղեցու հարաբերությունների  մասին։

Գրքի կարևոր արժանիքներից է ոչ միայն բերված հարուստ նյութերի շնորհիվ մինչ այս չուսումնասիրված պատմության էջերի բացահայտումը, օգտագործված հարուստ գրականությունը (պատմագիտական, եկեղեցական, դիվանագիտական),  այլև հեղինակի  կողմից կատարված  ուսումնասիրությունների հայամետ ուղղվածությունը, արխիվային բացառիկ նյութի առկայությունը և այն գիտական շրջանառության մեջ դնելը։

Ափսոս, որ ուսումնասիրությունը, ընդգրկելով Զեյթունի ապստամբության, Բեռլինի կոնֆերանսի շրջանները, չի հասնում Իզմիրի 1909 թ. ջարդերին. մեր կարծիքով` շատ կարևոր է այն հանգամանքը, թե ինչու՞ ափին կանգնած անգլիական երկու ռազմանավերն այդպես էլ չմիջամտեցին, չփորձեցին կանխել այդ ահավոր կրկնակի կոտորածները։ Մի բան, որ կարելի էր անել: Ժամանակն է, որ այս նյութերը նույնպես ուսումնասիրվեն ու հրատարակվեն։

Մենք շնորհավորում ենք հեղինակին այս և վերջերս հրատարակված Հայ հոգևոր երգերի, շարականների լույս ընծայման առթիվ։  Մենք շնորհավորում ենք սրբազան հորն իր ծննդյան օրվա առթիվ, մաղթում առողջություն, արևշատություն և  նոր ուսումնասիրություններ։

Հ.Գ.  «Հայ հոգևոր երգերի ընտրանի» երկհատորյակը, որ  կազմել է Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը,  ամփոփում է հայ հոգևոր երաժշտության լավագույն նմուշները` եվրոպական նոտագրությամբ (եղանակները հայկական նոտագրությունից եվրոպականի է փոխադրել կազմողը): Այն նպատակ ունի  շրջանառության մեջ պահել համաշխարհային նշանակության գոհարները և նպաստել արդի հայ երաժշտական արվեստի զարգացմանը: Այս ընտրանին նաև կարող է ծառայել որպես ձեռնարկ ուսումնական հաստատություններում և  առհասարակ երաժշտագետների ու կատարողների համար:

Հասմիկ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Դիտվել է 1739 անգամ:
Print Friendly

Leave a Reply