Աթերոսկլերոզ. կլինիկան և բուժումը
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | November 20, 2010 16:45
Աթերոսկլերոզը քրոնիկական հիվանդություն է, որին բնորոշ է արյան անոթների պատերի հաստացումը, կարծրացումը, անոթների առաձգականության կորուստը: Այն զարգանում է աննկատ և տարեցտարի ավելի ու ավելի շատ անոթներ է ախտահարում: Աթերոսկլերոզի ժամանակ անոթների ներքին մակերեսին առաջանում են թիթեղիկներ և դրանով իսկ պատճառ դառնում անոթների նեղացման, երբեմն էլ` խցանումների: Սիրտը սնուցող անոթների ախտահարման հետևանքով, օրինակ, առաջանում է սրտի արյունամատակարարման խանգարում, զարգանում է ինֆարկտ, իսկ եթե աթերոսկլերոզն ախտահարել է ուղեղը սնուցող անոթները, ապա մեծանում է ուղեղի կաթված ստանալու հավանականությունը: Աթերոսկլերոզից ախտահարված անոթները կարող են շատ այլ հիվանդությունների պատճառ դառնալ, ախտահարել, օրինակ, երիկամները: Մարդկանց մեծամասնության մոտ աթերոսկլերոզն ի հայտ է գալիս 40-50 տարեկանից հետո, ընդ որում` տղամարդկանց մոտ այն ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց մոտ: Պատճառները կարող են լինել նյարդահոգեբանական գերլարվածությունը, ժառանգական նախատրամադրվածությունը, արյան մեջ խոլեստերինի և տրիգլեցիրինի մեծ քանակը, գիրությունն ու շաքարախտը, կենսակերպը (սակավաշարժությունը), ծխելը, զանազան սթրեսները:
Աթերոսկլերոզի բուժման ժողովրդական միջոցները
Դեղաբույսերով բուժման տևողությունը երկու ամիս է, որից հետո պետք է դադար տալ 1-1,5 ամիս, և կրկին շարունակել: Ինքնաբուժմամբ մի զբաղվեք, անպայման խորհրդակցեք բժշկի հետ:
Ալոճ (վառ կարմիր). 20 գ չոր հումքի վրա լցնել մեկ բաժակ եռացրած ջուր, թրմել 2 ժամ, ապա եռացնել ու կրկին թրմել ևս մեկ ժամ` տաք տեղում: Քամել, խմել առավոտյան ու քնից առաջ` 200 մգ:
Օգտակար է ալոճենու հյութը. 0,5 կգ հասուն պտուղները լվանալ ու մանրացնել: Ավելացնել 100գ ջուր և տաքացնել 40 աստիճան, հյութաքամիչով քամել, ստացված հյութը խմել օրական երեք անգամ, մեկ ճաշի գդալ` ուտելուց առաջ: Խորհուրդ է տրվում հատկապես տարեց մարդկանց ընդհանուր վիճակը լավացնելու նպատակով, բարերար ազդեցություն ունի սրտի վրա:
Ուրց. Մեկ ճաշի գդալ թարմ հումքի վրա լցնել 500 մգ եռացրած ջուր, թրմել տաք տեղում, տարայի բերանն ամուր փակած վիճակում, մեկ ժամ: Ընդունել մեկական ճաշի գդալ առավոտյան ու գիշերը: Ուրցն անոթալայնիչ և հանգստացնող ազդեցություն ունի:
Եզան լեզու (լայնատերև)
Թուրմի համար հարկավոր է մեկ ճաշի գդալ հումքի վրա մեկ բաժակ եռացրած ջուր լցնել ու թրմել 30 րոպե: Խմել կումերով` մեկ ժամվա ընթացքում: Դա օրական չափաբաժինն է:
Եղեսպակ (шалфей)
90 գ թարմ հումքը, 800 մգ օղին և 400 մգ ջուրը միասին 40 օր թրմել լուսավոր տեղում, ապակյա փակ ամանի մեջ: Ընդունել կես ճաշի գդալ նույնչափ ջրի հետ առավոտյան` նախաճաշից առաջ: Առաջարկվում է տարեցներին, հատկապես` նյարդային համակարգը խթանելու համար:
Քսանտելազմա.
Կոպերի մաշկի տակ առաջացած խոլեստերինային նստվածքները խոսում են լյարդի գործունեության խանգարման մասին: Խանգարումը հաճախ է հանդիպում 40-ն անց տարիքում և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ: Սովորաբար, վիրաբուժական միջամտության դիմում են այն դեպքում, երբ թերապևտիկ բուժումից հետո այդ գոյացությունները չեն անցնում: Թերապևտիկ բուժման նպատակը լյարդի գործունեության կանոնավորումն է. առաջին հերթին` առողջ, ճիշտ սնունդը, յուղոտ, կծու ուտելիքի չափավորումը, ծխախոտի ու ոգելից խմիչքների բացառումը: Սննդի մեջ պետք է գերակշռեն բանջարեղենը, մրգերը, կաթնամթերքը, ոչ յուղոտ ու խաշած միսը: Ցուցված է ֆիզիկական ակտիվությունը,ինչպես նաև ժողովրդական որոշ դեղամիջոցներ:
– 100 գ մասուրի,75 գ անթառամի ու 100 գ դաղձի հումքը մարացնել, 3 ճաշի գդալ այդ հումքի վրա լցնել 3 բաժակ ջուր և եփել մինչև եռալը, թողնել` մեկ րոպե եռա ու թրմել 3-4 ժամ: Քամել, խմել մեկ ամիս, օրական 4 անգամ` 150 մգ, ուտելուց 30 րոպե առաջ, ապա 2 ամիս դադար տալ: Բուժումը կարելի է կրկնել` արդյունքը կայունացնելու համար:
Շատ հասարակ բուժամիջոց
Երկու թեյի գդալ հազարատերևուկը եփել մեկ բաժակ եռացրած ջրով, թրմել մեկ ժամ, քամել ու խմել օրական 4 անգամ, 1/4 բաժակ` մինչև սնունդ ընդունելը:
Որպես տեղային միջոց` կարելի է օգտագործել ցինկա-իխտիոլային քսուք. երկու շաբաթ, օրական երկու անգամ քսել կոպերին:
Կարելի է օգտագործել նաև հետևյալ պատրաստուկը. մեկ ճաշի գդալ ալյուրը, մեկ թեյի գդալ մեղրն ու մեկ ձվի սպիտակուցը խառնել, ստացված զանգվածից օրական զգուշորեն քսել այդ գոյացությունների վրա, թողնել 10-12 րոպե, ապա սառը ջրով ու առանց օճառի լվանալ: Սովորաբար 2-3 շաբաթից գոյացությունները ներծծվում են:
Մաքուր անոթներ, մաքուր հյուսվածքներ` առողջ կյանք
Սխալ սնվելու հետևանքով մեր անոթների պատերին խարամներ են առաջանում, որոնք մեզ հայտնի են խոլեստերինային թիթեղիկներ անունով: Դրանք հիմնականում առաջանում են կենդանական սնունդի, յուղոտ մսի, ճարպի, սերուցքային կարագի, բարձր յուղայնություն ունեցող կաթնամթերքի հետևանքով: Խոլեստերինային թիթեղիկների պատճառով անոթների լուսանցքերը նեղանում են ու դառնում դժվարանցանելի: Այս երևույթը կոչվում է աթերոսկլերոզ, ինչի պատճառով արյունն անոթներով չի շրջանառվում, ինչպես պետք է իրականում լիներ, այլ արյան հոսքը դանդաղում է` ճանապարհին հաղթահարելով բազում «խոչընդոտներ»: Դա էլ իր հերթին հանգեցնում է արյան բարձր ճնշման, թուլացնում է հիշողությունը, նվազում է աշխատունակությունը: Հյուսվածքները նույնպես տուժում են, թվարկված պատճառների հետևանքով հյուսվածքներ մատակարարվող թթվածինն ու սննդարար նյութերը լիարժեք տեղ չեն հասնում: Մի խոսքով, հասկանալի է, որ երբ անոթները մաքրվեն խարամներից, մեր օրգանիզմը կաշխատի լիարժեք, իր հնարավորությունների ու կարողությունների ողջ հզորությամբ: Այդ դեպքում կփայլենք թարմությամբ ու գեղեցկությամբ: Երբ անոթները մաքրվեն, դա անմիջապես կանդրադառնա նաև մեր ինքնազգացողության ու արտաքին տեսքի վրա: Արյունն ազատ ու թեթև կշրջանառի օրգանիզմում, կչքվեն գլխացավերը, կկանոնավորվի ճնշումը, կբարձրանա և՛ տրամադրությունը, և՛ աշխատունակությունը:
Անոթների մաքրումը սխտորի ու կիտրոնի օգնությամբ. սխտորը հայտնի է հակասկլերոտիկ ազդեցությամբ, այն հրաշալի մաքրում է անոթները: Իզուր չէ, որ Արևելքում, որտեղ ընդունված են յուղոտ կերակրատեսակները, կերակուրը հիմնականում առատորեն սխտորով են համեմում: Այն ոչ միայն խոլեստերինային թիթեղիկներն ու աղային նստվածքներն է տարրալուծում, այլև հաջողությամբ պայքարում է մանրէների ու վարակների դեմ:
Դրա համար հարկավոր է վերցնել 16 գլուխ սխտոր և 16 կիտրոն. 4 գլուխ սխտորն ու 4 կիտրոնը կեղևով աղալ: Ստացվածը լցնել 3-լիտրանոց ապակյա տարայի մեջ ու բերնեբերան տաք ջուր ավելացնել: Երեք օր թողնել սենյակային ջերմաստիճանում (ժամանակ առ ժամանակ լուծույթը խառնել): Երեք օրից քամել ու պահել սառնարանում: Ընդունել օրական 3 անգամ` 100-ական գրամ. սա է ողջ բուժումը: Մինչ խմում եք մի չափաբաժինը, պատրաստեք հաջորդը` նույն կեպ: Ամբողջ ընթացքը կազմում է 12 լիտր, տևում է մոտավորապես 40 օր, որից հետո կազատվեք գլխացավից, բարձր ճնշումից, իսկ խոլեստերինի մակարդակը կիջնի (կարող եք համոզվել արյան անալիզով):
Բուժման այս մեթոդը պետք է տարին մեկ անգամ կիրառել:
Անոթների մաքրումը հնդկական ընկույզով
Հատկապես օգտակար է ընկույզի կանաչ կեղևը: Սակայն, կարելի է նաև միայն միջուկն օգտագործել: Դրա համար պետք է ընկույզի 1,5 կգ միջուկը աղալ, ստացվածը պահել սառնարանում: Առավոտյան և երեկոյան ուտելուց առաջ մեկ ճաշի գդալ աղացած ընկույզ կերեք` միաժամանակ կում կում 100 գ ջուր խմելով: Դրանից հետո կվերանա միգրենը, կկարգավորվի ճնշումը, կչքվեն թրոմբոֆլեբիտով և երակների լայնացումով պայմանավորված ցավերը: Հետևաբար, ոտքերը նույնպես չեն հոգնի: Այս մեթոդը նույնպես պետք է տարին մեկ կամ երկու անգամ կիրառել:
Սխտորա-սպիրտային թուրմ
Սա անոթները մաքրելու հին տիբեթական միջոց է: Կարծիք կա, որ այս մեթոդը կիրառողներն ապրում են մինչ խոր ծերություն, աշխույժ ու առողջ: Սխտորը ոչ միայն սպանում է մանրէները, այլև լուծում է խոլեստերինային թիթեղիկներն ու աղային կուտակումները:
Դրա համար հարկավոր է` 150 գ սխտոր (մաքրած) և 150գ սպիրտ: Այս խառնուրդով բուժումը խորհուրդ է տրվում սկսել աշնանը` երբ սխտորը թարմ է, հյութալի: Եթե սպիրտ չկա, կարելի է փոխարենը օղի օգտագործել.150գ մաքրած մանրացրած կամ ճզմած սխտորը ապակյա տարայի մեջ լցնել ու վրան ավելացնել նույնքան սպիրտ: Կափարիչ դնել ու վրայից մուգ գույնի կտորով ծածկել այնպես, որ լույս չթափանցի: Տարան սառը տեղ դնել, սակայն ոչ սառնարանի մեջ ու թողնել 10 օր, որից հետո քամել, (գույնը կանաչավուն կլինի), մզվածքը թափել, կրկին կափարիչ դնել ու կտորով փաթաթել, թողնել ևս երեք օր: Դրանից հետո հեղուկը զգուշությամբ մեկ այլ ամանի մեջ դատարկել, իսկ տակը մնացած նստվածքը կրկին թափել. միայն այդ ժամանակ է այն պատրաստ կիրառման: Ընդունվում է կաթիլներով` աստիճանաբար մեծացնելով, ապա նույն կերպ` նվազեցնելով կաթիլների քանակը. առաջին օրը ընդունում եք երեք անգամ, համապատասխանաբար` 1, ապա 2, հետո 3 կաթիլ, երկրորդ օրը` 3,4,5 կաթիլ և այդպես մինչև 15 կաթիլի հասցնել, ինչը համընկնում է 6-րդ օրվան (այդ օրը երեք անգամ էլ պետք է խմել 15-ական կաթիլ), որից հետո, հաջորդ օրվանից կաթիլների քանակը նվազեցնում եք, մինչև մարելը: Թուրմը հարկավոր է կաթացնել 50 գ կաթի կամ էլ ջրի մեջ, խմել ուտելուց կես ժամ առաջ: Մաքրման ընթացքը պետք է շարունակել մեկ ամիս. այդ ժամանակահատվածում կկատարվի անոթների լիարժեք մաքրում: Այս պրոցեսի ընթացքում կարող է սրտխփոց լինել կամ էլ թեթևակի այրոցք ու անքնություն: Դա ամենևին էլ զարմանալի չէ, քանի որ այս թուրմը բավականին թունդ է և կարող է անգամ ստամոքսի լորձաթաղանթը փոքր-ինչ գրգռել: Դրա համար թեթևակիորեն պակասեցրեք կաթիլների քանակն ու բոլոր կողմնակի երևույթները կանցնեն: Սա ևս պետք է տարեկան մեկ անգամ կիրառել:






Facebook
Tweet This
Email This Post
