Ամերիկայի հայկական համագումարն ու Հայ Դատի գրասենյակը կոչ են անում միջազգային հանրությանը բանակցություններում շուտափույթ ներգրավել նաև ԼՂՀ-ին

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | July 23, 2009 13:36

Ամերիկայի հայկական համագումարն այսօր հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` վերջերս Մոսկվայում կայացած հանդիպման վերաբերյալ, որում ասվում է`«խնդրի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար»:

Համագումարը նշել է, որ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացի և հուլիսի 17-ին և 18-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպման առնչությամբ Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատում է իր դիրքորոշումը. «Խնդիրները բարդ են և ժամանակ են պահանջում` բոլոր կողմերի և հատկապես Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար ընդունելի լուծում ստանալու համար: Բանակցային ողջ գործընթացում և մասնավորապես հուլիսի 16-ին Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ ոչ մի համաձայնության չի կարելի հասնել, առանց Լեռնային Ղարաբաղի կառավարության և քաղաքացիների համաձայնության»,-ասված է հայտարարությունում`ընդգծելով, որ Համագումարը լիովին աջակցում է այդ քաղաքականությանը և կոչ անում Մինսկի խմբի համանախագահներին ապահովել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին շուտափույթ միանալը, ինչի մասին ԵԱՀԿ համանախագահները բազմիցս հայտարարել են:

«Մենք կոչ ենք անում հատկապես Միացյալ Նահանգերին հետևողական լինել նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի ընթացքում արված հայտարարությանը` «աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև և կայուն լուծման, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար» »,-ասվում է հայտարարության մեջ:

Անդրադառնալով կազմակերպության անցած տարիների ընթացքում ԼՂ խնդրի շուրջ ծավալած գործունեությանը` հայտարարության մեջ նաև կոչ է արվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ԵԱՀԿ համանախագահներին դատապարտել Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարությունները և ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները. «Նոր պատերազմը ոչ միայն ի չիք կանի խաղաղ գործընթացի նվաճումները, այլև կհանգեցնի Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանը»:

Հուլիսի 14-ի Հայ Դատի Ամերիկայի գրասենյակի մամլո հաղորդագրության մեջ ևս անդրադարձ է արվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ տարվող բանակցային գործընթացին: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նույն օրն ուղղված նամակում կազմակերպության նախագահ Քեն Հաչիկյանը «լուրջ հիասթափություն» է արտահայտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող չհիմնավորված ճնշման վերաբերյալ, որը կարող է լուրջ վտանգ ներկայացնել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսագործունեության համար:

Հաչիկյանի նամակում, ըստ հաղորդագրության, նշված է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հայերին պարտադրվող միակողմանի և վտանգավոր զիջումները կարող են վտանգել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և հայ ժողովրդի անվտանգությունը, մեծացնել ադրբեջանական նոր ագրեսիայի հավանականությունը, և նվազեցնել հակամարտության իրական կողմերի իրապես երկարատև և կայուն խաղաղության հասնելու կարողությունը»:

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply