Մեսրոպ Մովսեսյան. “Իշխանությունները պետք է անաչառ որոշում կայացնեն “Ա1+”-ի հարցում, որով կլուծվեն բազմաթիվ հարցեր ”

Հարցազրույց | | November 19, 2010 11:34

Պարոն Մովսեսյան, լրագրողների հետ զրույցում ասել էիք, որ ՀՌԱՀի` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հայտարարած լիցենզավորման հերթական մրցույթը “շարքային է”, ինչպե՞ս կարելի է սա ըմբռնել, հերթական անգամ քաղաքական վճիռ կարձակվի՞:

– Նախ սկսեմ  “շարքային է” արտահայտությունից: Այս անգամ մրցույթը պետք է շարքային չլիներ` կապված “Ա1+”-ի մասնակցության հետ, որովհետև կար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2008 թ. հունիսի 17-ի որոշումը, որում նշված է այն կետերը, ինչը ՀՌԱՀ-ը պետք է կատարի: Այդ կետերից ամենագլխավորն այն էր, որ պետք է ստեղծվեր հավասար պայմաններ ինչպես “Ա1+”-ի, այնպես էլ մյուսների համար: Բացի այն, որ ստեղծված չէր որևէ պայման “Ա1+”-ի համար, ակնհայտ երևում էր Ամալյան (նկատի ունի ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանին-Գ. Մ.), “Արմնյուզ”, “Արմենիա” հեռուստաընկերությունների թիմային աշխատանքը, որը ապացուցված է նրանց խախտումներով մրցույթի փաթեթների հարցում: Թե° “Արմնյուզ”, թե° “Արմենիա” հեռուստաընկերությունների փաթեթները գրված են նույն կերպ, նույն մարդու կողմից: Նույն թիմը ներկայացված է երկու տարբեր հաճախությունների և տարբեր մրցույթների համար: Սա, եթե աշխատեմ մեղմ ասել, ավանտյուրա է, որի պարագլուխը և դիրիժորը հանդիսանում է պարոն Ամալյանը: Ինչքա՞ն պետք է հանդուրժենք նրա լկտիությունը, ես չեմ հասկանում, բայց գալու է, երևի, օրը, երբ պարոն Ամալյանը պետք է պատասխան տա, և հիմնական պատասխանը պետք է լինի` ո՞վ թույլ տվեց պաշտոնի չարաշահում, որը կատարեց պարոն Ամալյանը, և ինչքա՞ն պետք է անպատժելիության մթնոլորտը շարունակվի:

Փաստորեն, այս պահի դրությամբ եզրակացնում եք, որ մեր հանրապետությունը չի իրագործո՞ւմ Եվրադատարանում ձեր բողոքի մասնակի բավարարումը:

– Հանրապետության ղեկավարությունն այնքան է թաղվել իր ներքին խնդիրների մեջ` այսպես ասած մեջքը փրկելու մեջ, որ եվրոպական և միջազգային բոլոր դիտողությունները, որոշումներն անտեսում է` կապված նույն  “Ա1+”-ի խնդրի հետ: Այս ամենը միջազգային կառույցները կարող են հանդուրժել ինչ-որ ժամանակ, բայց լինելու է մի օր ու մի ժամ, երբ պետք է բոլորը միանգամից պատասխանեն: Երբ ասում եմ Ամալյան, դա չի նշանակում, որ որոշակի անձի նկատի ունեմ, Ամալյանն արդեն դարձել է խաբեության, ավանտյուրայի և խախտումների սիմվոլ, Ամալյանը մենակ չէ, նա մենակ ոչինչ որոշել չի կարող, նա շատ փոքր մարդ է, որ անձամբ ինչ-որ բան որոշի, ընդամենը հրահանգներ կատարող է, և ասեմ, որ փնթի կատարող անձ է: Այս վերջին մրցույթից ես ակնհայտ հասկացա, որ այդ թիմը փնթի թիմ է, նրանք նույնիսկ չեն կարողանում այդ ավանտյուրան անել այն մակարդակի, որ ես, օրինակ, խոսելու տեղ չունենամ:

Փնթի ասելով` նկատի ունեք այն, որ հուլիսին ՀՌԱՀի հայտարարած լիցենզավորման մրցույթին ներկայացված 18 հաճախություններից միայն 2-ի դեպքո՞ւմ է, որ կա մրցակցություն:

– Դա մի քիչ ուրիշ պատմություն է, դա մոնոպոլիզացիայի խնդիր է, որը կամաց-կամաց լուծում են: Հավանաբար այդ մոնոպոլիզացիայի 80 տոկոսը լուծված է: Ով է դառնալու մոնոպոլիստ` շուտով կերևա, բոլորը, երևի, գիտեն, բայց, չգիտես ինչու, այսօր չեն խոսում: Եթե ոչ մեկը չի խոսում, ես էլ բան չեմ ասի, թող սպասեն և կտեսնեն, թե ով է: Երկրորդ խնդրի հարցում ես կուզեի օրինակ բերել “Ա1+”-ի և “Արմնյուզի” մրցույթը, այսպես ասած` մրցաշարի կիզակետը հանգչում է այդտեղ: Ի՞նչ էր ներկայացրել “Արմնյուզը”, մի փաթեթ, որը Գյուլնազ տատի հեքիաթներից էր: Այնտեղ ակնհայտ երևում են ամեն կարգի խախտումները: Եթե “Արմնյուզը”  ունի այդպիսի մի թիմ և ունի այդպիսի ֆինանսական շրջանառություն, ինչպես  ներկայացրել են, շրջառու միջոցներ, շրջառու հնարավորություններ, ապա ես չեմ կարողանում հասկանալ` ինչո՞ւ է թաքցրել պետական տուրքերը: Դա արդեն կրիմինալ է: Եթե իսկապես եղել են պետական տուրքեր, ուրեմն “Արմենիան” է թաքցրել, երկուսից մեկը: Չի լինում այնպես, որ երկուսն էլ նույն անձնակազմի համար սոցհատկացումներ կատարեն: Դա էլ է կրիմինալ: Բացատրություն չկա այն ամենին, ինչը ներկայացրել են: Եթե ամորտիզացիոն հատկացումներն արել է “Արմենիան”, իսկ ո՞ւր են “Արմնյուզի” հատկացումները, ընդ որում` ընդամենը երեք աշխատող, ըստ ցուցակի, և այսօր աշխատում է պարզեցված հարկով: Ո՞նց կարող է շրջանառու վիճակում գտնվող հիմնարկությունը չունենա 52 միլիոնից ավելի, հակառակ դեպքում, ըստ օրենքի, ուրեմն չի կարող ներկայացնել այն շրջանառությունը, որը ներկայացրել է, և այն գումարները, որոնք հայտարարել է մրցույթում: Դա արված է փնթի ձևով, ես դա նկատի ունեմ: Հաշվարկը, ըստ նրանց, այս է` ո՞վ պետք է ստուգի, ո՞վ պետք է իմանա, մեր ձեռքին է, ինչ կուզենք` կանենք: Սա չէ խնդրի լուծումը, շատ ուրիշ ձևեր կան, որոնցից, երևի, տեղյակ էլ չէ պարոն Ամալյանը, այդ ձևերից մեկը ես կիրառելու եմ շատ շուտով:

Ո՞րն է այդ ձևը:

– Դա արդեն ես չեմ կարող ասել:

Դեկտեմբերի 16-ի որոշման ի՞նչ հետևանքներ կարող են լինել:

– Դա ոչ թե իմ, այլ պարոն Ամալյանի պրոբլեմն է, ոնց ուզում է թող որոշի, երկու տարբերակում էլ պատասխան է տալու, պատասխան է տալու ոչ միայն իմ, այլև ժողովրդի առաջ: ժողովուրդը հիմա ձայներ է հավաքում անկախ, ժողովրդական ալիք ունենալու համար: Այս պահի դրությամբ 11 հազարից ավելի ձայն կա, հաշվարկները մինչև դեկտեմբերի 16-ը շարունակվելու են, այնպես որ ես մեծ հույսեր ունեմ, որ բազմահազար ցուցակ է լինելու, որոնց պատասխանը պետք է տա պարոն Ամալյանը: Ոնց ուզում է թող որոշի, դա իր խնդիրն է արդեն: Ես նորից եմ կրկնում, արդեն երրորդ անգամ եմ ասում` նրան իշխանությունների կեղտը մաքրելու շանս էր տրված: Այնտեղ սխալ հասկացան և շարունակում են խորացնել այդ կեղտը, դա իրենց պրոբլեմն է: Այս երկիրը Ամալյաններով չի զարգանում, Ամալյանները միայն արգելակում են այդ զարգացումը:

Առաջիկա տարիներին մեր երկրում ընտրություններ են լինելու, այդ համատեքստում հնարավո՞ր է, որ մեր իշխանություններն իրենց ժողովրդավարական կողմնորոշումները ցույց տալու համար քաղաքական որոշումներից հեռու մնանԱ1+”-ի հարցում:

– Հաշվի առնելով իշխանության այսօրվա վիճակը` ես համարում եմ, որ նրանք հետդարձի ճանապարհ չունեն և պետք է մինչև վերջ գնան բռնած կուրսով: Այդ կոպիտ, սխալ կուրսը վերցրեց Քոչարյանը և փոխանցեց, որպես ժառանգություն, Սերժ Սարգսյանին, որն էլ լուծում չի տեսնում: Ինչ լուծում որ լինի, դա չի նշանակում, որ մտածել են այն առումով, որ զերծ մնան քաղաքական որոշումներից: Այստեղ մի խնդիր կա` 2012 թ. խորհրդարանական ընտրությունները և 2013 թ. նախագահական ընտրությունները: Դաշտը, որը  նրանք տարիներ շարունակ մաքրում էին ոչ իրենց մարդկանցից, այսօր դժվար գնան նրան, որ դերասանություն անեն և ցույց տան, թե իրենք դեմոկրատ են: Նրանք, չգիտես ինչու, համոզված են, որ եթե իրենց հետ չես, ուրեմն թշնամի ես, երկրի թշնամին ես:

Վերջին հարցս. եթե կրկին քաղաքական որոշում կայացվի, ի՞նչ եք անելու:

– Անելիքներս կերևան դեկտեմբերի 16-ից հետո: Ես մեծ հույսեր ունեմ, որ ոչ թե ինչ-որ քաղաքական դիրքորոշումներից ելնելով պետք է որոշում լինի, այլ պետք է անաչառ որոշում կայացվի, դրա շանսը տրված է: Շատ եմ ուզում տեսնել, որ  նրանք օգտագործում են այդ շանսը, այդ շանսով շատ ուրիշ հարցեր են լուծվում և հենց նրանց հարցերն էլ են լուծվում: Եվ երևի պետք է առնվազն հիմար լինել, որ այդ շանսը չօգտագործես:  “Ա1+”-ը միշտ աշխատել է ժողովրդի համար, միշտ եղել է ժողովրդի հետ և ունի մի կարգախոս` դիտեք մեզ, ճանաչեք ձեզ: Եվ հիմա, թե ով ոնց է իրեն տեսնում, դա արդեն իմ խնդիրը չէ, այլ իր խնդիրն է:

Հարցազրույցը` Գարիկ ՄԿՐՏՉՅԱՆԻ

Դիտվել է 2050 անգամ:
Print Friendly

Leave a Reply