Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն անցկացրեց հերթական «Բաց դաս»-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 18, 2010 19:18

Նոյեմբերի 18-ին  Ազգային ժողովի   «Բաց դռներ»  ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել Երեւանի Կենտրոն համայնքի 15 դպրոցների բարձր դասարանների աշակերտներ, ովքեր, ԱԺ նիստին ներկա գտնվելուց հետո, հանդիպեցին  Ազգային ժողովի   նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

ԱԺ նախագահը հերթական «Բաց դաս»-ն անցկացնելով աշակերտների հետ` կարեւորեց նման հանդիպումները, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս տեղեկանալ խորհրդարանի աշխատանքներին, ծանոթանալ աշխատակարգին եւ շփվել պատգամավորների հետ: Նա ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, գործառույթները, օրենսդիր եւ գործադիր մարմինների ձեւավորման կարգը: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձավ նաեւ երկրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի, տեղեկացրեց ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքի մասին:

Դպրոցականների հետ անմիջական զրույցի ընթացքում ԱԺ նախագահին տարբեր հարցեր ուղղվեցին, որոնք վերաբերում էին ոչ միայն վերոհիշյալ խնդիրներին, այլեւ տարածաշրջանային իրավիճակին ընդհանրապես, ինչպես նաեւ կրթական համակարգին, երկրի ապագային:

ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը ցանկանում է հարեւանների հետ ապրել խաղաղ պայմաններում, առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` հավատարիմ մնալով Ցյուրիխում ստորագրված արձանագրություններին, ԼՂ հարցը կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով: Սակայն Թուրքիան նախապայմաններ առաջադրելով ձգձգում է արձանագրությունների վավերացումը` ձախողելով ողջ գործընթացը, իսկ Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ ու քայլեր է կատարում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը հակված է խաղաղ բանակցությունների, որոնցում մեզ համար ամենակարեւորը  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է. ԼՂ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի բանակն այսօր շատ մարտունակ է, ի զորու է  անհրաժեշտության դեպքում լուծել երկրի եւ ժողովրդի անվտանգության հետ կապված խնդիրները եւ թույլ չտալ որեւէ ոտնձգություն:

Ազգային ժողովի   նախագահը դպրոցականների հարցերին պատասխանելիս կարեւորեց աշխատանքը միջազգային կառույցներում, արձանագրելով, որ վերջին տարիներին խորհրդարանական պատվիրակություններին հաջողվել է բավականին բացատրական ու քարոզչական աշխատանք տանել, կազմակերպել փոխայցելություններ, որոնց միջոցով օտարերկրացի քաղաքական գործիչներին հնարավորություն է ընձեռվել օբյեկտիվ պատկերացում կազմել տարբեր հարցերի շուրջ:

Արձագանքելով հանդիպմանը մասնակից դպրոցականներից մեկի առաջարկությանը` ստեղծել աշակերտական խորհրդարան, Հովիկ Աբրահամյանը նախ տեղեկացրեց, որ ստեղծվում է Երիտասարդական խորհրդարան, ապա պատրաստակամություն հայտնեց աջակցել նաեւ աշակերտական խորհրդարանի գաղափարի իրագործմանը: ԱԺ նախագահը անհրաժեշտ համարեց, որ դպրոցականները հնարավորություն ունենան ծանոթանալ եւ տեղյակ լինել երկրում տեղի ունեցող գործընթացներին: Այդ տեսանկյունից Հովիկ Աբրահամյանը կարեւորեց խորհրդարանի  բաց եւ թափանցիկ լինելը ժողովրդի համար, նշելով, որ շարունակելու է այդ ուղղությամբ ձեռնարկած քայլերը:

Հանդիպումից հետո դպրոցականները ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվեցին խորհրդարանի նախագահի հետ:

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply