«Մերկ» Շոն Կոններին կամ ի՞նչ արժի մերկանալը
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | ankakh | նոյեմբերի 18, 2010 18:11
Վերջերս Էդինբուրգում գտնվել է հանրահայտ հոլլիվուդյան դերասան Շոն Քոններիի պատկերով կտավ: Գտնված գեղանկարում պատկերված է ոչ թե ներկայիս` 80-ամյա Քոններին, այլ 1950-ականների` շատ ավելի երիտասարդ:
Գործը, ավելի ստույգ` գործերի շարքը պատկանում է Ռաբ Վեբսթերին: Այն արվել է 1951 թ., երբ Ռաբը սովորում էր Էդինբուրգի գեղարվեստի քոլեջում, իսկ Շոն Քոններին աշխատում էր որպես բնորդ: Մինչ «Ջեյմս Բոնդով» հայտնի դառնալը նա բավական բարդ ճանապարհ է անցել և գումար վաստակելու համար նաև բնորդ եղել: Նման կերպ ժամանակին գումար էր վաստակում նաև երիտասարդ և դեռևս անհայտ Մադոննան (նրա մերկ գեղանկարները դեռ չեն հանվել ցուցադրության):
Բնորդի գործն առաջին հայացքից հեշտ է թվում, բայց իրականում բավական ներքին ուժ և համբերություն է պահանջում, չէ՞ որ բնորդը ժամերով անշարժ պետք է մնա, հաճախ` մերկ կամ կիսամերկ անծանոթ մարդկանց առջև: Նման կերպ դժվար թե «կարիերա» անես, բայց որոշ գումար կարող ես վաստակել…
Այս թեմային բազմիցս են անդրադարձել մամուլն ու ինտերնետային կայքերը, որոնց թվում են «Սոբեսեդնիկը», «Կոմսոմոլսկայա Պրավդան» և ուրիշներ, հիմնականում` քննադատական հոդվածներով: Գումարը բնորդի գործադրած հոգեկան և ֆիզիկական ջանքերը չի հատուցում, այն անհամեմատ ցածր է:
Ռուսաստանում բնորդի միջին ժամավճարը բուհերում կազմում է մոտ 20-30 ռուբլի (2500-3000 դրամ): Արտասահմանյան բնորդների եկամտի մակարդակից, իհարկե, ցածր է, սակայն նրանք էլ իրենց հերթին են բողոքում: Մի քանի տարի առաջ ամերիկյան բնորդուհիները բողոքում էին աշխատավարձից և վատ աշխատանքային պայմաններից, մասնավորապես` ջեռուցումից: Նրանց բողոքը տեղ է գտել «Ֆիլադելֆիա Ինքուայրեր» (Philadelphia Inquirer) թերթում: Բողոքարար բնորդները կարծում են, որ իրենց ցածր աշխատավարձը և վատ պայմանները բխում են իրենց նկատմամբ վերաբերմունքից: Բնորդին հասարակությունն ընկալում է որպես «ծաղկաման», մարդիկ չեն հասկանում, որ բնորդի մասնագիտությունը նույնպես ստեղծագործական է: Սա ասում են ամերիկուհի բնորդները…
Իսկ ի՞նչ ասեն հայ բնորդները: Կգտնե՞նք արդյոք թեկուզ անհայտ Մադոննայի կամ Քոններիի նման մեկին` երիտասարդ բնորդի կամ ժամը գոնե 3000 դրամ ստացող բնորդուհի: Ահավասիկ բուհի բնորդուհու հավաքական կերպար (պայմանական անունը` Քնարիկ):
Քնարիկը մոտ 40-նն անց կին է, Գեղարվեստի ակադեմիայի ամենագեղեցիկ կազմվածքով և ամենաերիտասարդ բնորդուհին: ժամանակին զբաղվել է լուսանկարչությամբ: Գուցե մի բան ստացվեր, բայց հանգամանքներն այլ կերպ են դասավորվել, և հիմա նա ոչ թե լուսանկարչուհի է, այլ բնորդուհի: Համենայն դեպս հիմա նա ստեղծագործական մթնոլորտում է գտնվում, արվեստագետներով շրջապատված: Օրը հետաքրքիր է անցնում. ուշադրության կենտրոնում ես, գոնե մի ժամ: Այս տարիքում զգացվում է դրա պակասը: Միայն մարմինն է մի քիչ ցավում անշարժությունից, մատները սառչում են: Ջեռուցում դեռ չկա: Պետք է դիմանալ: Շուտով մի ակադեմիական ժամը կավարտվի, և ինչ ուզի` կանի: Երևի կքնի:
Ակադեմիայի ամենաերիտասարդ բնորդուհին գնաց տուն: Ժամավճարը ստացավ, հիմա շտապում է մի տաք տեղ գտնել ու հանգստանալ մինչ վաղը:
Քնարիկ անունով հավաքական կերպարի ժամավարձը կազմում է 300-2000 դրամ: Այդ իսկ պատճառով երիտասարդ բնորդուհի հազվադեպ է պատահում գեղարվեստական բուհերում: Եղել են նաև դեպքեր, երբ հաստատության հավաքարարն է իր գործի հետ անվճար համատեղել բնորդությունը (Լոռի): Ի տարբերություն իրենց արտասահմանյան գործընկերների` հայ բնորդուհիներն առանձնանում են ոչ միայն իրենց «մերկ բարեգործությամբ», այլև համեստությամբ. ոչ մի հայկական թերթ դեռևս չի տպագրել նրանցից որևէ մեկի բողոքը:
Քոններիի պատկերներով գեղանկարների և գրաֆիկական գործերի շարքը շուտով կհանվի վաճառքի, միգուցե գտնվեն մերկ Քոններիի սիրահարներ կամ էլ խելամիտ վաճառականներ, ովքեր հետագայում գեղարվեստական որևէ արժեք չներկայացնող գործերից կսարքեն եթե ոչ միլիոններ, ապա գոնե դրան մոտ մի գումար:
Էլլա Կալենց





Facebook
Tweet This