Խորհրդային Բագրատիոնը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | November 19, 2010 15:00

Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանին մեր երկրում ու նրա սահմաններից դուրս առավելապես ճանաչում են որպես   Մեծ հայրենականի  ամենաականավոր  զորավարներից մեկը: Նա  գնդապետ էր, երբ սկսվեց պատերազմը, իսկ դրա ավարտին արդեն  ռազմաճակատի հրամանատար էր: Դեռևս կենդանության օրոք մեծ մարշալի վաստակի  ճանաչումն այնքան ծանրակշիռ էր ու ժողովրդի սերն էլ նրա հանդեպ այնքան մեծ, որ  երախտապարտ ժամանակակիցները պետական շքանշաններից բացի  շնորհել էին նրան «Խորհրդային Բագրատիոն», «Պատերազմի վերջին մարշալ», «Մարդ-լեգենդ», «Թիկունքի մարշալ» և այլ «տիտղոսներ», որոնցից յուրաքանչյուրը  բացահայտում է մարշալի  անցած մարտական ուղու  փուլերը:

Ինքը`  լեգենդար մարշալը, միշտ էլ համարում էր, որ ամեն ինչ սկսվել է ավելի վաղ` խաղաղ կյանքում, երբ 1887-ի նոյեմբերի 20-ին Չարդախլու գյուղում` երկաթուղային ծառայող Խաչատուր Բաղրամյանի ընտանիքում, ծնվեց Հովհաննես որդին (ի դեպ, «Քրիստափորի»  հայրանունը Հովհաննեսը ստացել է  շատ տարիներ անց, գուցե «Քրիստափորով» ծածկանվան պատճառով, ինչպես, ըստ  պատմաբան  Էմանուիլ Իոֆֆեի,  հայրենականի տարիներին անվանում էին Գերագույն գլխավոր զորահրամանատարին):

Զորավարն իր նախնական կրթությունը ստացել է ծխական դպրոցում: «Ինը տարեկանից մեծ ջանք ու եռանդով սովորում էի երկաթուղային երկդասյան դպրոցում, իսկ հետո, ծնողներիս նյութական լարվածություն պատճառելով` Թիֆլիսի երկաթուղային տեխնիկական ուսումնարանում: Երկու ուսումնարաններն  էլ ավարտել եմ գերազանցությամբ»,- գրել է Բաղրամյանն իր ինքնակենսագրականում: 1915-ին կամավոր զինվորագրվել է ու ծառայել Կովկասյան պահեստային հեծելազորային գնդում, իսկ հետո, որպես խիզախ ու կիրթ մարդ , ուղարկվել Թիֆլիս` պրապորշչիկների դպրոցում ուսանելու:

Փետրվարյան հեղափոխությունից ու Հայաստանի անկախության հռչակումից հետո Հայաստանի առաջին հանրապետության  հեծյալ գնդի շարքերում մասնակցել է  թուրքական բանակի դեմ մղված մարտական գործողություններին: Ինչպես գրել են Բաղրամյանի կենսագիրները, Խորհրդային Միության երկակի հերոսի մարտական կենսագրությունը հյուսված է բազմաթիվ մարտարշավներից ու մարտերից` սկսած քաղաքացիական կռիվներից և վերջացրած աշխարհամարտով: Մինչև Երկրորդ աշխարհամարտը նա հասցրել էր ավարտել  Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան, ուր նրան տրվել է  փայլուն  բնութագիր.«Ակադեմիայի դասընթացներն ավարտել է  գերազանց գնահատականներով, առաջատարների շարքերում:  Ունի ընդհանուր և մարտական լավ զարգացածություն, օպերատիվ արվեստում դրսևորում է համառություն, վերլուծում է յուրաքանչյուր հարցը, ջանում է գտնել տեսական հիմնավորում: Ռազմաճակատ խաղում կատարել է  բանակի շտաբի պետի պարտականություն  և  լրիվ հաղթահարել է իր առջև դրված խնդիրները: Կարգապահ ու կամային հրամանատար է» :

Հենց այս որակները, որոնց մասին նշել էին խորաթափանց դասավանդողները, հնարավորություն տվեցին դրսևորելու զորավարական տաղանդը Մեծ հայրենականի ժամանակ, որը կարծես շատ հեռու էր ակադեմիական խաղային տեսությունից: Դեռևս մարտական գործողությունների սկզբում նա անցավ դժվարին փորձությունների միջով. մասնակցեց  Կիևի պաշտպանությանը, Դոնի Ռոստովի ազատագրմանը, Մոսկվայի մոտ խորհրդային զորքերի հակահարձակմանը, Կուրսկի ճակատամարտին: Ամենուր դրսևորում էր իրեն որպես խիզախ ու համարձակ հրամանատար և սիրելի «Բատկա», ինչպես անվանում էին նրան ենթակաները:

Մի  անգամ Կիևի մոտ, ուր նա  աշխարհամարտի սկզբին էր հայտնվել, Բաղրամյանը շտաբի սպաների  և  զինվորների մի փոքր խմբով  փորձեց հասնել յուրայինների մոտ: Գյուղերից մեկի մոտ հանձնակատարը հաղորդեց, որ գյուղին են մոտենում գերմանացիները, և  դիրքերը պաշտպանող զինվորները, թողնելով պաշտպանությունը, սարսափահար նահանջում են: Բաղրամյանի հրամանատարության տակ եղած ուժերը գործնականորեն բավարար չէին  թշնամու ներխուժումը կասեցնելու համար, սակայն նա առաջինը ոտքի կանգնեց, թաքստարաններից նրան  հետևեցին  նահանջած  գնդերի մարտիկներն ու սովորական`«Հանուն Ստալինի», «Հանուն հայրենիքի»  կոչերի փոխարեն  գրոհեցին բացականչելով. «Առա՛ջ, ընկերնե՛ր. գեներալը մեզ հետ է»: Թշնամին նահանջեց:

1941-ին Չարդախլուից ռազմաճակատ մեկնած 1250 մարդուց երկուսը դարձան մարշալ, տասներկուսը` գեներալ, 7-ը` Խորհրդային միության հերոս, յուրաքանչյուր հինգերորդը` հրամանատարական բարձր պաշտոններ էր զբաղեցնում , յուրաքանչյուր երկրորդը պարգևատրվել է ու արժանացել մեդալների: Զինկոմիսարիատում ասում էին.«Մեր գյուղի զինվորներից կարելի էր հերոսների իսկական գունդ ստեղծել»:

Սակայն Բաղրամյանի զորավարական կենսագրության մեջ գլխավորը մարդկության պատմության մեջ ամենախոշոր մարտական օպերացիան էր` «Բագրատիոնը», որի ավարտից հետո Բաղրամյանը հմուտ հրամանատարության համար արժանացել է Խորհրդային Միության  հերոսի  կոչման: Հաղթանակի օրը Բաղրամյանը Վիսլայի գետաբերանի մոտ դիմավորեց, նրա զորքերն Արևմտյան Պրուսիայում  ընդունեցին ֆաշիստական վերջին անձնատուր  խմբավորումներին: 1945-ի հունիսի 24-ին` հաղթանակի շքերթի ժամանակ, մարշալ Բաղրամյանն իր Առաջին մերձբալթյան ռազմաճակատի զորասյան առջևից անցավ Կարմիր հրապարակով:

Մարշալ Բաղրամյանի մարտական  ձեռքբերումները  հավաստագրվել են երկու «Ոսկե աստղ»-ով, Լենինի՝  յոթ, Կարմիր դրոշի՝ երեք , Սուվորովի 1-ին աստիճանի, Կուտուզովի 1-ին աստիճանի, Հոկտեմբերյան հեղափոխության և մի շարք այլ շքանշաններով:

«Երբ ես 8 տարեկան էի,- պատմում է թոռնուհին` Կարինա Նաջարովան,- պապիկս իր հետ ինձ Հայաստան տարավ: Նրան ճանաչում էին, վազում, որ նրա կողքին կանգնեն կամ էլ պարզապես դիպչեն նրան: Թերևս այն ժամանակ առաջին անգամ հասկացա, որ իմ պապը մեծ մարդ է. նրան ճանաչում ու սիրում են բոլորը»:

1955-ին նա արժանացավ Խորհրդային Միության մարշալի կոչման:   Սառը պատերազմի պայմաններում  զինված ուժերի թիկունքի հրամանատար մարշալ Բաղրամյանը պետական նշանակության կարևորագույն հարցեր էր վճռում.  նրա ղեկավարությամբ մարտական գործողությունների անցկացման  հնարավոր թատերաբեմերի, պետության բազային տնտեսական շրջանների ու զինվորական պահեստային համկարգերի  միջև կայուն կապեր էին հաստատվում: Թիկունքում կիրառվող տեխնիկայի նոր նմուշներ բերվեցին, նյութական, բժշկական, արդյունաբերական, վառելիքի ապահովումը դարձավ պլանային, ինչի շնորհիվ հրամանատարները դադարեցին բողոքներ հղել Մոսկվա զանազան պակասների ու խնդիրների մասին:

Նա նկատեց, որ գրագետ մասնագետների պակասի հետևանքով թիկունքում ծառայությունը վերածվել է զվարճանքի:Կադրերի հարցով մի քանի անգամ արդեն դիմել էր պաշտպանության նախարարություն, Գենշտաբի պետին, սակայն ապարդյուն: Մարշալը  չէր պատրաստվում ձեռքերը ծալած նստել. նա որոշեց, ու   անաղմուկ բացվեց զինվորական նոր ուսումնարան, որտեղ արագացված տեմպերով թիկունքի պաշտպանության մասնագետներ էին պատրաստվում: Եթե այդ մասին իմանար պետության ղեկավար Նիկիտա Խրուշչովը, ապա  լավագույն դեպքում Բաղրամյանին կուղարկեր  թոշակի: Ի դեպ, 1962-ին  «Անադիր» կամ «Կարիբյան ճգնաժամ» կոչված օպերացիայի ժամանակ այդ նորարարությունները ԽՍՀՄ-ի օգտին ծառայեցին: Որպեսզի  ամերիկացիներին ստիպեին  ԽՍՀՄ-ի սահմաններից հրթիռները հեռացնել, Կուբայի վրա գաղտնի իջեցրին ռազմավարական նշանակության  հրթիռային գնդեր  ու 50 հազար քաղաքացիական հագուստով զինծառայող: Մարդկանց ու զենքի պատասխանատուն Բաղրամյանն էր: Իզուր չէ, որ Բաղրամյանին համարում էին մեծ տակտիկ ու ստրատեգ: Սակայն  գործողության բարեհաջող ավարտից հետո մեկ այլ խնդիր էր ծառացել. բերված տեխնիկայի ու մարդկային ռեսուրսների մեծ մասը պետք է վերադարձվեին ԽՍՀՄ: Դժվար է պատկերացնել, թե ինչ ապրումներ է ունեցել ոչ երիտասարդ Մարշալը, որ օրվա բոլոր ժամերին հետևել է  ու վերահսկել իրադրությունը:

Բաղրամյանը թիկունքի գլխավոր զինվորականի պաշտոնում մնաց մինչև 1968 թ. և միայն հաղթանակի 23-րդ տարեդարձին  պաշտոնաթող եղավ՝ պահպանելով կոչումն ու  մնալով խորհուրդների երկրի  պիոներների բազմամիլիոնանոց բանակի «կոմերիտական մարշալը»: Սա ևս հերոսական կենսագրության մի էջ է, որը սկսվել էր 1967-ին «Կոմսոմոլսկայա գազետա» թերթում հրապարակված հրամանով  «Զարնիցա» զինվորա-մարզական խաղերի կազմակերպման վերաբերյալ: Մինչև 80-ականները «Զարնիցան» այնքան մեծ մասսայականություն էր վայելում, որ դրան մասնակցում էին տարիքային այլ խմբեր ևս: 1982-ին` Բաղրամյանի մահից հետո, այն այն անցավ պատմության գիրկը: Ըստ երևույթին, Բաղրամյանին արժանի  հետնորդ չգտնվեց, ով կարող էր ոգևորությամբ ղեկավարել երիտասարդներին՝ մարտական ու հեղափոխական փառքի արահետներով:

Մարշալ  Բաղրամյանի աճյունասափորը հանգչում է  Մոսկվայի Կրեմլի պատում, իսկ այն տանը, որտեղ  ապրել է, տեղադրվել է հուշատախտակ: Մոսկվայում Բաղրամյանի անունը կրող փողոց  հայտնվել է միայն նրա մահից 20 տարի անց:  Մարշալ Բաղրամյանի անունը կրող փողոցներ կան նաև Դոնի Ռոստովում, Պյատիգորսկում և, իհարկե , Երևանում:

Դիտվել է 1273 անգամ:
Print Friendly

Leave a Reply