Պանրի թանկացումը կասկածելի է

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 19, 2010 9:00

Հայ ընտանիքի սեղանից պանիրն անպակաս է, ինչպես հացը, և պանրի գնի թանկացումը հայի գրպանին խփում է ոչ պակաս, քան հացի թանկացումը:

Արմինե Մելքոնյանն ասում է, որ իր 5-հոգանոց ընտանիքի համար ամսական գնում է 4-5 կգ պանիր, որին տրամադրում էր ամսական  միջինը 6000-7000 դրամ: Այժմ այդ գումարը գրեթե կրկնապատկվել է: «Ես ամիսը 50 հազար դրամ ռոճիկ եմ ստանում, երեխա ունեմ դպրոցի, մարդս էլ մի օր գործ ունի, մի օր չէ, ես ո՞նց հասցնեմ,- հարցնում է նա,- ստիպված պանիր քիչ եմ առնում, սրա վերջն ի՞նչ ա ըլնելու»:

Հոկտեմբերի վերջին մեկ-երկու օրում պանրի գինը կտրուկ թանկացավ` 30-50 տոկոսով: Խանութներում 1000 դրամով վաճառվող ոչխարի պանիրն այժմ վաճառվում է 1500 դրամով: «Լոռի» տեսակի պանիրները («Տաշիր», «Աշտարակ կաթ» և այլն) վաճառվում էր 1 կգ-ը 1600-1800 դրամի սահմաններում, իսկ «Սուլուգունի» տեսակի պանիրները` 2100-2400 դրամ: Սակայն մի գիշերվա մեջ այս թվերը փոխվեցին. 1 կգ «Լոռի» պանրի գինը բարձրացավ մինչև 2000-2500 դրամ, իսկ «Սուլուգունի» պանրինը` 2700-2900 դրամ:

2011 թ. բյուջեում նախատեսված 2500 դրամ նվազագույն աշխատավարձի բարձրացումը չի կարող փոխհատուցել պարենամթերքի և հատկապես` առաջին անհրաժեշտության սննդամթերքի համատարած թանկացումը:

«Նոյյան տապան» լրատվական գործակալության վերլուծաբան, տնտեսագետ Հարություն Խաչատրյանն ասում  է, որ մեկ օրվա մեջ գների այդպիսի թռիչքը չափազանց կասկածելի է. «Եթե դա կատարվեր աստիճանաբար, ինչպես սովորաբար լինում է, ապա երևի այդպես ուշադրություն չգրավեր»:

Հայաստանում պանրի շուկան ունի իր առանձնահատկություններն այն առումով, որ մենաշնորհված չէ: Այսօր գործում է 78 տնտեսվարող սուբյեկտ` գյուղացիական տնտեսությունները չհաշված:

Խաչատրյանը կարծում է, որ պանրի գնի բարձրացումը կարող է նաև հոգեբանական բնույթ ունենալ: «Ամբողջ սննդամթերքը թանկացել է` սկսած ցորենից մինչև ձեթ, տնտեսվարողներն էլ մտածում են, որ կարելի է ուրեմն պանիրն էլ թանկացնել,- ասում է նա,- թեպետ բացառված չէ նաև  գործարարների միմյանց հետ համաձայնեցումը գնի շուրջ»:

Տնտեսագետն ասում է, որ հնարավոր է երկու սցենար: Առաջին` տպավորություն է, որ  համաձայնեցված գործողություն է. դա տնտեսագիտության մեջ կոչվում է կարտելային դավադրություն . երբ  մի քանի տնտեսվարող սուբյեկտներ որոշում են իրար հետ գինը բարձրացնել, մնացածն էլ տեսնում են, որ բարձրացել է, իրենք էլ են բարձրացնում: Երկրորդ սցենարը կապված է այս տարի ամռանը Ռուսաստանում տարածված երաշտի հետ, որի  հետևանքով ցորենի գինը թանկացավ: Ցորենը նաև անասնակեր է, եթե անասնակերը թանկացել է, ուրեմն կաթն էլ կթանկանա: «Ընդհանրապես կան որոշ ապրանքներ, որոնց թանկացումը հանգեցնում է շուկայի ապրանքների համատարած թանկացման. դրանցից են բենզինն ու ցորենը»,- ասում է Խաչատրյանը:

Երբ Ռուսաստանը հայտարարեց, որ դադարեցնում է ցորենի արտահանումը, աստիճանաբար թանկացան մի շարք պարենամթերքներ: Գրեթե 50 տոկոսով թանկացել է ընդեղենը, իսկ ձեթը, հացն ու կաթ-մածունը թանկացել է 20-30 դրամով: Հենց կաթի 20 դրամով թանկանալուն ոչ համեմատ պանրի այդաստիճան թանկացումն է, որ կասկածի տեղիք է տալիս:

Պանրի մասնագիտացված խանութի տնօրեն Գևորգ Ենգիբարյանն «Անկախին» ասաց, որ այստեղ դեր է խաղում Բելառուսից կաթի փոշու ներկրման հարցը, որովհետև այնտեղ կաթի փոշին թանկացել է 60 տոկոսով:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) նոյեմբերի 3-ի նիստում որոշում էր ընդունել գնի բարձրացումը պարզելու համար պանիր արտադրող տնտեսվարող սուբյեկտների մոտ անցկացնել ուսումնասիրություններ: Հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանն «Անկախին» ասաց, որ ուսումնասիրություններն անցկացվել են 16 խոշորագույն տնտեսվարող սուբյեկտներում, որոնց  շարքում է նաև «Աշտարակ կաթը», քանի որ մանր ֆիրմաները չեն կարող ազդել շուկայի գնագոյացման վրա: «Պահանջել ենք ներկայացնել ամենատարբեր տեղեկություններ, այդ թվում նաև, թե ինչով է հիմնավորված գնի բարձրացումը»,- ասաց նա:

Երկու օր առաջ ՏՄՊՊՀ-ն, հանրագումարի բերելով տվյալները, եզրակացրել է, որ տրամադրված տեղեկություններն արժանահավատ չեն, և որոշում է կայացվել ստուգումներ անել որոշ պանիր արտադրող ընկերություններում: Դանիելյանն ասաց, որ դրանցից մեկը «Աշտարակ կաթն» է:

Ստուգումներն արդեն սկսվել են: Դանիելյանի փոխանցմամբ, մինչև ամսվա վերջ ՏՄՊՊՀ-ն կհրապարակի արդյունքերը:

Դիտվել է 1231 անգամ:
Print Friendly

Leave a Reply