Սևանի ափը` մուտացիոն ազդեցության գոտի

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | November 22, 2010 2:10

Այս տարի 19-ամյա Աննայի նախատեսած  հանգիստը Սևանի ափին ձախողվել է: Աննան ոչ միայն լճի ափին չի հանգստացել, այլև իր բոլոր ընկերներին և հարազատներին հորդորել է  լճում չլողալ:

Պատճառը 35 հազար վոլտ հոսանք տեղափոխող սյուներն են, որ Մարտունուց մինչև Զոլաքար ընկած  մոտ 15 կմ-ոց հատվածում լճի մակարդակի  բարձրացման հետևանքով մնացել են ջրի մեջ:

«Պապանձվեցի, երբ խմբով Սևանի ափ հասանք. ողջ ափի երկայնքով ջրի մեջ հաստաբուն երկաթյա  հոսանքասյուներ էին: Ափից  3-4 մետր այն կողմ, միմյանցից մոտ 100 մետր հեռավորության վրա  ջրի մեջ շարված էին ահասարսուռ հոսանքասյուները»,- պատմում է Աննան: Նա նշում է, որ նախկինում այդ հոսանքասյուներն ափից բավականին հեռու են եղել և լճափին հանգստացողները դրանց ազդեցության գոտուց  բավականին հեռու են գտնվել: «Չեմ պատկերացնում, որ առողջ բնազդներ ունեցող որևէ մեկը կարող է ջուրը մտնել ու լողալ հոսանքասյուների կողքին, որոնց բետոնե հիմքը ջուրը մոտ մեկ մետր բացել է` ողողելով հողային շերտը»,- ասում է Աննան:

Այս տարի, ըստ ՀԷՑ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի տվյալների, լճի մակարդակի բարձրացման հետևանքով  ջրի մեջ է մնացել 58 էլեկտրահաղորդման օդային գծերի հենասյուն: Դրանցից 38-ը 35 հազար կվ լարման օդային գծերի մետաղական հենասյուներ են: ՀԷՑ-ի տվյալների համաձայն`  նշված 38 հենասյուներից 21-ը տեղափոխված են:

«Ջրի մեջ գտնվող մնացած հենասյուների տեղափոխման աշխատանքները նախատեսվում է կատարել ջրի մակարդակի բարձրացման հետ զուգահեռ»,- ասված է «Անկախի» հարցմանը տված ՀԷՑ-ի պատասխանում, բայց չի պատճառաբանվում, թե ինչու ներկայումս ջրի մեջ մնացած հենասյուները ժամանակին չեն տեղափոխվել:

«Մարտունի» ենթակայանների խմբի պետ Վարազդատ Ասիկյանն ասում է, որ արդեն մի քանի օր է, ինչ Մարտունու տարածաշրջանում սկսվել են հոսանքասյուների տեղափոխման աշխատանքները. «Նախատեսում ենք ավարտին հասցնել մինչև գարուն»:

Նրա խոսքով` հոսանքասյուների տեղափոխումը մինչ օրս չի իրականացվել հողահատկացման հետ կապված խնդիրների պատճառով. «Նոր հոսանքասյուները պետք է անցնեն կա՛մ ազգային պարկի, կա՛մ էլ մասնավոր տարածքներով, ուստի հողահատկացումը խնդրահարույց է: Հիմա էլ, չնայած շինարարությունը սկսել ենք, դեռ այս խնդիրն ամբողջությամբ լուծված չէ»:

Անդրադառնալով հոսանքասյուների հողմահարման և հիմքի թուլացման վտանգին` Ասիկյանը նշում է, որ դրա համար մի քանի տարի է պետք, իսկ ջրի մեջ սյուներն այդքան չեն մնա:

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի դոցենտ  Սամվել Մխիթարյանի խոսքով, սակայն, ջրի հողմնահարումն արագ գործընթաց է, և դրա համար տարիներ պետք չեն. «Ջուրը սրբում տանում է հենարանի հիմքը, ինչի հետևանքով այն դառնում է անկայուն: Հողմնահարման փաստը հաստատելու  համար փորձագիտական եզրակացություն է պետք: Հաստատման  դեպքում վտանգ կա և շատ մեծ: Ջրի հողմնահարումը կարճատև պրոցես է, եթե ալեկոծություն բարձրանա, թուլացած հիմքով սյունը կպառկի»:

Մեկ ուժեղ փոթորիկ և վթար ու Սևանը կվերածվի անկենդան լճի

Մխիթարյանը հոսանքասյուների` կարճ ժամանակով ջրի մեջ մնալը վտանգավոր չի համարում. «Եթե դա կայուն աշխատող համակարգ է, չի փլվել կամ կոռոզիայից հիմքը չի խարխլվել, ապա վտանգավոր չէ: Նման պարագայում վտանգը նույնն է, ինչ հանդում տեղակայված  հոսանքասյունից»:

Մասնագետը, սակայն, նշում է, որ ջրի մեջ վթարի դեպքում վնասը շատ ավելին կլինի, քան ցամաքում տեղակայված  լինելու դեպքում: «Եթե փոթորիկ լինի, որից բարձր լարման պողպատե կմախքը փլվի, լարերը կհայտնվեն ջրի մեջ, ինչը կարճ միացում կառաջացնի և ենթակայանից ավտոմատ կերպով հոսանքը կանջատվի,- ասում է Մխիթարյանը:- Քիչ հավանական է, բայց եթե էլեկտրալարը ինչ-որ պատճառով կտրվի և հայտնվի ջրի մեջ, ապա շրջակայքում ամեն ինչ կոչնչացնի, այդ թվում՝ նաև մարդուն: Կոպիտ հաշվարկներով` ազդեցության շառավիղը սյան բարձրության կրկնակի չափով կլինի»:

Մխիթարյանը շատ ավելի վտանգավոր է համարում այն, որ բարձրավոլտ հոսանք տեղափոխող սյուները հայտնվել են հանգստյան գոտում:  Նա նշում է, որ բարձր լարման գծերի մոտ օդն իոնանում է: «Եթե այդ խտությունը պակաս է, մենք հիվանդանում ենք, քանի որ միկրոօրգանիզմներ են զարգանում: Եթե իոնացման մակարդակը բարձր է, ապա մուտացիոն երևույթներ են առաջ գալիս»,- ասում է Մխիթարյանը` նշելով, որ  բարձր լարման գծերը պետք է հանգստյան գոտիները շրջանցեն. նման ազդեցությունը անցանկալի է բոլոր դեպքերում, լինի կարճատև թե երկարատև:

Իսկ Սևանա լճի համար, Մխիթարյանի կարծիքով, շատ ավելի վտանգավոր է օրգանական նյութերի ջրի մեջ մնալը. «Սյուները վաղ թե ուշ կհանեն, օրգանական նյութերի հեռացումը քիչ հավանական է»:

Մխիթարյանն առաջարկում է փողրակներով պոմպակայաններ կառուցել և պղպջակներով օդ մղել ջրածածկ եղած տարածքներում, որպեսզի կենդանական աշխարհում թթվածնային քաղց չառաջանա: «Բուսածածկույթով հատվածները պետք է աէրացիայի ենթարկել, դա նույնն է, ինչ ակվարիումի ջուրը թթվածնով հարստացնելը: Սա նաև կնպաստի ջրի ինքնամաքրմանը:  Սևանի ձկները սովոր են թթվածնով հարուստ սառնորակ ջրերում ապրել, մինչդեռ հիմա շնչահեղձ են լինում»,- ասում է Մխիթարյանը:

Դիտվել է 2629 անգամ:
Print Friendly

Leave a Reply