Հայաստանում երիտասարդության և համայնքների քաղաքացիական ակտիվության խթանում Արդյունքներ և քաղված դասեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 18, 2010 16:53
Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Երիտասարդության և համայնքների գործողությունների ծրագրի (ԵՀԳԾ) ամփոփման միջոցառումը` ՙՀայաստանում երիտասարդության և համայնքների քաղաքացիական ակտիվության խթանում. արդյունքներ և քաղված դասեր՚ խորագրով, որի ընթացքում ծրագրի անձնակազմը ներկայացրեց ԵՀԳԾ ծրագրի աջակցությունը Հայաստանի համայնքներին նախորդ վեց տարիների ընթացքում, ինչպես նաև անդրադարձավ ծրագրի արդյունքներին և քաղված դասերին: Միջոցառմանը, որը նշանավորվեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Լ.Յովանովիչի ներկայությամբ և ողջույնի խոսքով, մասնակցում էին ԵՀԳԾ 80 ակտիվ խմբերի ներկայացուցիչներ Հայաստանի բոլոր մարզերից, որոնց հնարավորություն ընձեռվեց միմյանց հետ փոխանակել ձեռք բերված փորձը, ինչպես նաև ամրապնդել համագործակցությունը և ավելի հզորացնել ԵՀԳԾ քաղաքացիականորեն ակտիվ անդամների ցանցը:
Կրթության զարգացման ակադեմիայի կողմից իրականացվող ԵՀԳԾ ծրագիրը (2004-2010) խթանում է համայնքահեն խմբերի քաղաքացիական ակտիվությունը, երիտասարդության և համայնքների բնակիչների մոբիլիզացումն ու գործողությունը, կամավորությունը և համայնքների կարիքներից բխող քաղաքացիական նախաձեռնությունների իրականացումը` ի նպաստ համայնքների զարգացմանը: Այս նպատակների իրականացման համար ԵՀԳԾ ծրագիրը աշխատել է Հայաստանի 80 համայնքներում գործող 37 Երիտասարդական գործունեության ակումբների (ԵԳԱ) և 43 Համայնքների գործունեության հանձնաժողովների (ՀԳՀ) հետ:
Ծրագրի շրջանակներում ԵՀԳԾ ներկայացուցիչները ամեն տարի ուսումնական այցեր են կատարել նախկին Խորհրդային միության երկրներ (Ռուսաստան, Ուկրաինա և Վրաստան)` գործընկերների հետ փորձի և գիտելիքների փոխանակման նպատակով: ԵՀԳԾ-ն նաև կազմակերպել է ամենամյա “Երևանը 5 օրում” ծրագիրը, որը ԵԳԱ/ՀԳՀ ակտիվ անդամներին հնարավորություն է տվել ավելի մոտիկից ծանոթանալ պետական կառույցների աշխատանքներին: Ծրագիրը նաև ներառում էր հանդիպումներ Ազգային ժողովի, Կառավարության, դատարանների, տարբեր նախարարությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:
ԵՀԳԾ-ում ընդգրկված ԵԳԱ/ՀԳՀ-ի 2000-ից ավելի կամավորները մինչ օրս իրականացրել են ավելի քան 1700 ծրագրեր` սկսած համայնքային շաբաթօրյակներից, տարբեր հարցերի շուրջ համայնքի բնակիչների իրազեկվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններից և շահերի պաշտպանության քարոզարշավներից մինչև ենթակառույցների բարելավման փոքր ծրագրեր: ԵԳԱ/ՀԳՀ-ները նաև կազմակերպել են քաղաքացիական մասնակցության, սոցիալական, իրավական, առողջապահական, մշակութային, սպորտի, գյուղատնտեսական, շրջակա միջավայրի պաշտպանության, ինչպես նաև մի շարք այլ կարևոր թեմաներով 2000-ից ավել քննարկումներ, դասախոսություններ և բանավեճեր` քաղաքացիներին հնարավորություն ընձեռելով ներգրավվել որոշումների կայացման և հանրային քաղաքականության քննարկման գործընթացներում:





Facebook
Tweet This