Էդվարդ Արիստակեսյանի հուշամրցաշարն այս տարի չի կայանա

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 23, 2010 4:00

Վերջին շրջանում հայկական բռնցքամարտում ուշագրավ իրադարձությունները շատ են, և դրանց հետ կապված հարցերի պատասխանները ստանալու համար դիմեցինք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանին:

– Մեր երկրի ներկայացուցիչների համար կարելի՞ է մրցաշրջանն ավարտված համարել:

– Հայաստանի բռնցքամարտիկները հրավերի են սպասում, որպեսզի մեկնեն Ֆրանսիա` այդ երկրի ազգային հավաքականի հետ համատեղ մարզումներ և ընկերական մրցամարտ անցկացնելու համար:

– Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան որոշել Է եկող տարի օլիմպիական վարկանիշային մրցաշարերից մեկն անցկացնել Թուրքիայում: Հնարավո՞ր է, որ վարկանիշային երկրորդ մրցաշարը կայանա Հայաստանում:

 

– Ո՛չ: Սակայն Եվրոպայի բռնցքամարտի ընկերակցության որոշմամբ 2011-ին Հայաստանում է անցկացվելու Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

– Խոսվում էր, որ Հայաստանի երկու ներկայացուցիչ ռուսական թիմի կազմում պետք է մասնակցի Սիրողական բռնցքամարտի ֆեդերացիայի հովանու ներքո կազմակերպվելիք մրցամարտի: Ինչո՞ւ են մերոնք հրաժարվել:

– Այո, 69 կգ քաշային Սամվել Մաթևոսյանը և 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը ռուսական «Կրեմլյովսկիե մեդվեդի» թիմի կազմում պետք է մասնակցեին Թուրքիայի «Ստամբուլ» ակումբի հետ մրցամարտին, բայց հայ բռնցքամարտիկների սրտով չէին առաջարկված պայմանները:

– Ճի՞շտ է, որ Եվրոպայի չեմպիոն Էդիկ Համբարձումյանը հեռացել է Հայաստանի հավաքականից և հանդես է գալու Ռուսաստանի ընտրանու կազմում:

 

– Ոչինչ ասել չեմ կարող, քանի որ Համբարձումյանը Ռուսաստանում է: Նա  Սոչիում է բնակվում: Եթե Էդիկը Հայաստանում ապրեր, ապա կապն ավելի սերտ կլիներ: Նա ընտանիք ունի, դժվարություններ կան: Մի ժամանակ նա եկել էր և էջմիածնում էր բնակվում, տուն էր վարձել, սակայն հետո ընտանիքի հետ միասին հեռացավ:

– Այս տարի անցկացվելո՞ւ է հայկական սպորտի երախտավոր Էդվարդ Արիստակեսյանի հուշամրցաշարը: Անցած տարի այն չկազմակերպվեց:

– Ոչ, այս տարի այն չի անցկացվի: Սակայն 2011-ին հուշամրցաշարն անպայման կայանալու է: Այս տարի առաջին անգամ այդ մրցաշարի փոխարեն կազմակերպվել է մեծահասակների միջազգային մրցաշար` ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակների խաղարկությունը:  Եկող տարի միջազգային երկու մրցաշարն էլ անցկացվելու է: Ընդ որում, վերջինը լինելու է պատանեկան: Դա  մեր չորս տասնյակ պատանի բռնցքամարտիկներին ռինգ դուրս գալու, մրցակցության փորձ ձեռք բերելու հնարավորություն կտա: Այդ տարիքի ներկայացուցիչների համար միջազգային ստուգատեսներ քիչ են անցկացվում: Ընդ որում, դրանցից մեկը կազմակերպվում է Բաքվում,  և մենք մասնակցելու հնարավորություն չունենք, պատվիրակներ չենք ուղարկում:

Դիտվել է 1500 անգամ:
Print Friendly

Leave a Reply