Ինչպես նշվեց ՀԱՕԿ-ի հոբելյանը
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | November 21, 2010 10:00
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 20-ամյա հոբելյանը շուքով նշելու մասին վաղուց էր խոսվում: Իրականում այն վերածվեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մեծարման արարողության: Զարմանալի ոչինչ չկա, քանի որ, երբ ասում են ՀԱՕԿ, հասկանում են Գագիկ Ծառուկյան, և երբ ասում են Գագիկ Ծառուկյան, հասկանում են ոչ միայն ՀԱՕԿ, այլև շատ ավելին, նաև` Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն: Ծառուկյանը ԲՀԿ-ի առաջնորդն է, և այդ կուսակցությանն է վերապահված սպորտի նախարարի պորտֆելը: Այնպես որ այս հարցում մեկնաբանություններն ավելորդ են, քանի որ երկու կառույցներն էլ փաստացի Գագիկ Ծառուկյանինն են:
Ի դեպ, սկզբում հայտարվել էր, որ միջոցառումը կազմակերպվելու է սեպտեմբերին, բայց այն հետաձգվեց, քանի որ նախատեսվում էր, որ ՄՕԿ-ը պետք է ՀԱՕԿ-ի նախագահին շքանշան հանձնի: Իսկ դա հնարավոր կլիներ միայն այն բանից հետո, երբ ՄՕԿ-ի համապատասխան հանձնաժողովն այդ մասին որոշում ընդուներ: Եվ ահա այդ հարցը միայն հոկտեմբերին էր կարգավորվել:
Ինչ վերաբերում է հոբելյանին, ապա այն ևս մեկ առիթ էր, որ հավաքվեն մեր մարզաշխարհի երախտավորները, ովքեր Հայաստանի համար քրտինքով մեդալներ են նվաճել, հարստացրել մեր երկրի սպորտի տարեգրությունը: Եվ միջոցառումը սկսելուց առաջ Ազգային օպերայի և բալետի թատրոնի բակում կամ, ինչպես ընդունված է ասել, Ազատության հրապարակում մարզաշխարհի ներկայացուցիչների հոծ բազմություն էր հավաքվել: Եկել էին նրանք, ովքեր իրենց անունները ոսկե տառերով են գրել հայկական սպորտի տարեգրությունում. օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ, մրցանակակիրներ: Ընդ որում, փառքի հասնելուց հետո նրանք տարբեր ճակատագրեր են ունեցել. հավաքվածներից ոչ բոլորին է հաջողվել իր հացը սպորտում աշխատելով վաստակել: Փոխարենը` մարզական կառույցներում, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներում բարձր, անգամ ղեկավար պաշտոններ զբաղեցնող զգալի թվով մարդիկ կան, ովքեր նախկինում սպորտի հետ որևէ առնչություն չեն ունեցել: Եվ երբ դահլիճում սկսեցին կադրեր ցուցադրել հայկական սպորտի երախտավորների մասին, առաջիններից մեկը ներկայացվեց Վարդան Միլիտոսյանը, ով համեստորեն տեղ էր գրավել հավաքվածների շարքում, իսկ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրն իր օրվա ապրուստը վաստակում է ավտոմեքենայի ղեկի առջև նստած:
Ինչևէ, դալիճում ասեղ գցելու տեղ չկար: Կազմակերպիչները շատ ավելի մարդկանց էին հրավիրել, քան տեղավորում է օպերան: Այն ունի շուրջ մեկուկես հազար նստելատեղ: Թերևս պատճառն այն է, որ մտածել էին, թե ոմանք չեն գա: Բայց եկել էին, անգամ նրանք, ում մասին տարբեր խոսակցություններ են հնչում, ընդհուպ պաշտոնավարելու ընթացքում արած այնպիսի չարաշահումների մասին, որոնք քրեորեն դատապարտելի են: Եվ այս առումով ոչ բոլորին է հաջողվել ժամանակին ջրից չոր, առանց պատիժ կրելու դուրս գալ: Սակայն ժամանակն ամեն բան մոռացության է մատնում: Հոբելյանի օրը նրանցից ոմանք նույնիսկ բեմ հրավիրվեցին և պարգևներ ստացան: Մինչդեռ Վարդան Միլիտոսյանի և շատ ու շատ այլ արժանավորների մասին այդպես էլ չհիշեցին:
Ինչ վերաբերում է ուշադրությանը, ապա զարմանալ կարելի է, որ ամեն անգամ որոշ ղեկավարների այս կամ այն պարգևն են հանձնում, ասես սպորտի բնագավառում այլ արժանավորներ չկան: Գաղտնիք չկա. պարզապես նրանք, ովքեր որոշում են կայացնում, թե ում պետք է հանձնեն պարգևները, առաջին հերթին իրենց են արժանի տեսնում, կամ էլ` իրենց ենթականերին, մտերիմներին: Այդ առումով այս անգամ էլ բացառություն չեղավ: Եվ երբ ՀԱՕԿ-ի նախագահ Գ. Ծառուկյանն իրականացրեց պարգևատրությունը, ակնհայտ էր, որ հիմնականում ուշադրության են աժանացել պաշտոնյաներն ու սպորտի նախարարության, օլիմպիական կոմիտեի աշխատակիցները:
Ի դեպ, միջոցառմանը ներկա գտնվելու համար հրավիրատոմսեր ստացած և դահլիճ այցելած ոչ բոլոր հանդիսականները, այդ թվում նաև պաշտոնյաները, կարողացան իրենց համար նստելու տեղ գտնել: Ուստի մեծ թվով մարդիկ այդպես էլ ոտքի վրա մնացին:
Ի դեպ, նախքան հանդիսությունը սկսվելը զավեշտական մի դեպք արձանագրվեց: Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմին հրավիրատոմսեր էին տվել` առանց տեղեր նշելու և հայտնել էին, թե որ շարքն է նախատեսված նրանց համար: Սակայն հետո պարզվել էր, որ այդ տեղերի համար գրանցված հրավիրատոմսեր են բաժանվել: Եվ որպեսզի գլխացավանքից հեռու մնային, բուհական կոլեկտիվի ներկայացուցիչներից յուրաքանչյուրն իր ձեռքով տոմսի վրա անմիջապես գրեց այն տեղի համարը, որը զբաղեցնում էր: Եվ այդպես էլ հարցը փակվեց…
Ինչ վերաբերում է հանդիսությանը, ապա ելույթ ունեցան «Բարդիներ», «Սարդարապատ» պարի համույթները, երգիչ Մհերը, երգչուհիներ Սոֆի Մխեյանը, Սիրուշոն, Լեյլա Սարիբեկյանը: Նրանցից ով կարող էր, կենդանի կատարեց, մյուսները` ձայնագրության օգնությամբ: Ներկաները շատ չտխրեցին, եթե երգը ձայնագրված էր հնչում, քանի որ ամեն համարից հետո հայկական սպորտի տարեգրությունից կադրեր էին ցուցադրվում:
Այնուհետև Գագիկ Ծառուկյանը, բեմ բարձրանալով, շնորհավորանքի խոսք ասաց` ընդգծելով, որ սպորտում մեծ հաջողությունների հասնելը դժվարացել է, քանի որ դրա համար պայքարում են աշխարհի 200-ից ավելի երկրների ուժեղագույն մարզիկներ:
Ապա ընթերցվեց ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեի ուղերձը, որում տեղեկացվում էր, որ այդ կազմակերպության օլիմպիական պարգևներ շնորհող խորհուրդը հոկտեմբերին Ակապուլկոյում կայացած նիստում որոշել է օլիմպիական շարժման գործում ցուցաբերած ծառայությունների համար Գագիկ Ծառուկյանին պարգևատրել ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դը Կուբերտենի մեդալով: Արարողությունը ճոխ ստացվեց, քանի որ բեմ բարձրացան ԱՊՀ և բալթյան երկրների ԱՕԿ-ների ընկերակցության նախագահը, Սերբիայի, Լեհաստանի, Կիպրոսի, Լատվիայի ԱՕԿ-ների նախագահները: Իսկ մեդալը ՀԱՕԿ-ի նախագահին հանձնեց Լեհաստանի ԱՕԿ-ի նախագահ Անջեյ Կրասնիցկին: Վերջիններս, ինչպես արագորեն հայտնվել էին, այնպես էլ ակնթարթորեն հեռացան բեմից, իսկ ՀԱՕԿ-ի նախագահն էլ իր հերթին պարգևներ հանձնեց մարզաշխարհի շուրջ հինգ տասնյակ ներկայացուցիչների:
ՀԱՕԿ-ի բարձրագույն պարգևի` ոսկե շղթայով շքանշանի արժանացան Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը, օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրորդ Օգսեն Միրզոյանը, Հայաստանի վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար Հարություն Յավրյանը: Վերջինս տարիներ շարունակ կատարել է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունները: Ի դեպ, այդ պարգևը ոսկուց է, այն 100 գ-ից ավելի է կշռում: Ուշագրավն այն է, որ յուրաքանչյուր շքանշան ձեռքով է պատրաստվում և քաշով տարբերվում:
Մարզական բնագավառի մի խումբ աշխատողների շնորհվեցին ՀԱՕԿ-ի «Հրանտ Շահինյան», «Տրդատ Արշակունի III», «Վարազդատ Արշակունի» մեդալներ, դրամական պարգևներ: Իսկ աշխարհի չեմպիոն դարձած գյումրեցի ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը բնակարան նվեր ստացավ Երևանում:
Այնուհետև տոնախմբությունը և շնորհավորանքները շարունակվեցին «Օջախ» ռեստորանում: Ի դեպ, օպերայից «Օջախ» եկան նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեկ տասնյակից ավելի երկրների ԱՕԿ-ների պատվիրակներ:
Տոնախմբությունն անկաշկանդ մթնլորտում շարունակվեց: Գ. Ծառուկյանը նվերներ հանձնեց հյուրերին, նրանցից յուրաքանչյուրն էլ փորձեց պարտքի տակ չմնալ: Մասնավորապես, Լատվիայի օլիմպիական կոմիտեի նախագահը նվիրեց լատվիացի մի գեղանկարչի կտավը, որի վրա պատկերված էր Արարատ լեռը: Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ալբերտ Գուցը նվագախմբին պատվիրեց լիվերպուլյան «Բիթլզ» քառյակի «Եսթրդեյ» («Երեկ») երգը և իր կատարողական վարպետությամբ զարմացրեց: ԱՊՀ և բալթյան երկրների ԱՕԿ-ների ընկերակցության նախագահ Յուրի Յուրևը կատարեց ռուսական «Օկոլդովանո, օչարովանո» երգը:
Ինքնին հարց կարող է առաջանալ, թե ինչը պակասեց: Սովորաբար, երբ մարզաշխարհի ներկայացուցիչները որևէ տոնախմբության են հավաքվում, ապա պարում են բոլորը: Փորձը ցույց է տվել, որ անգամ մեր երկրի նախագահներն այդ գայթակղությունից զերծ չեն: Իսկ ՀՀ Աժ նախագահը և ՀՀ վարչապետը, ովքեր մարզաշխարհի ներկայացուցիչների հանդիսությունների ժամանակ քանիցս իրենց դրսևորել են «Օջախի» պարահրապարակում, այս անգամ այդպես էլ չպարեցին:
Հետաքրքիր էր, թե ինչ կարծիքի են միջոցառման մասնակիցները: Զրուցեցինք նրանցից երկուսի` 2 մ 12 սմ հասակ ունեցող, Ատլանտայի և Սեուլի օլիմպիական խաղերում բասկետբոլի Սերբիայի հավաքականի կազմում արծաթե մեդալակիր դարձած, այդ երկրի ԱՕԿ-ի նախագահ Վլադե Վիվասի և նույնպես կենդանի լեգենդ` հեռացատկի Եվրոպայի ներկայիս ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի ֆրանսաբնակ նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ: Ահա թե ինչ ասացին նրանք.
Վ. Վիվաս – Առաջին անգամ եմ Հայաստանում: Բայց խաղացել եմ Լոս Անջելեսում, որտեղ հազարավոր հայեր կան: Ամերիկաբնակ շատ հայ բարեկամներ ունեմ, ովքեր սպորտի մեծ երկրպագուներ են: Նրանք ասել են, որ Հայաստանում սպորտը սիրում են, ինքս էլ համոզվեցի: Հայաստանը կարող է օգնել Սերբիային զարգացնել բռնցքամարտը, ծանրամարտը, ըմբշամարտը: Սերբիան կօգնի Հայաստանին զարգացնել բասկետբոլը, վոլեյբոլը: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այս ամսվա վերջին իմ հրավերով այցելելու է Բելգրադ, քնարկվելու են երկու երկների ԱՕԿ-ների համագործակցության հարցեր:
Ռ. Էմմիյան – Անկախացումից հետո սա մեծ տոն է մեզ համար: Ուրախալի է, որ շատ հյուրեր ունենք տարբեր երկրների ԱՕԿ-ներից: Առիթ ստեղծվեց հանդիպելու մեր այն մարզիկներին, ովքեր հանդես են եկել օլիմպիական խաղերում, այդ ստուգատեսում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում մեդալներ են նվաճել: Միջոցառումը ստացվեց, հուսով եմ, որ այս տոնակատարությունը նոր լիցք կտա, և Հայաստանում ոչ միայն օլիմպիական մի քանի մարզաձևեր կզարգանան, այլև մյուսները, և մեր երկրի ներկայացուցիչներն օլիմպիական խաղերում նոր հաջողությունների կհասնեն: Հայաստանում դժվարություններ կան: Վստահ եմ , որ մարզիչները, նրանց սաները կամքի ուժ կդրսևորեն, կհաղթահարեն դրանք, և արդյունքներ կլինեն:






Facebook
Tweet This
Email This Post
