Պատերազմ էլեկտրոնային դաշտում. ջարդել են Կառավարության «www.gov.am» կայքը

Օրվա լուր | | July 23, 2009 14:03

Ձախից`Գրիգոր Սաղյան, Սամվել Մարտիրոսյան

Ձախից`Գրիգոր Սաղյան, աջից`Սամվել Մարտիրոսյան

Հայկական պաշտոնական և լրատվական կայքերը անցած երկուշաբթի օրվանից աննախադեպ ծավալով գրոհի են ենթարկվում հակերների կողմից: Շաբաթ օրը երեկոյան հակերներին հաջողվել է ջարդել կառավարության «gov.am» կայքը և փոխել էջի արտաքին նկարը:

Կիրակի օրը «հարձակման ենթարկված» կայքերը սպասարկող «Արմինկո» ընկերությունը 8 ժամով դադարեցրել է կայքերի աշխատանքը` պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու և պատճառված վնասները ճշտելու համար· այս մասին այսօր լրագրողներին ասաց «Արմինկո» ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգոր Սաղյանը:

Սաղյանն ասում է, որ հայկական կայքէջերի վրա գրոհներն իրականացվել են չինական, կորեական և արաբական հասցեներից, սակայն «բացառված չէ, որ այլ երկրների հակերներ են օգտագործել նշված երկրների հասցեները»:

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, սակայն, որ լրատվական կայքերի վրա իրականում «հարձակվել են» ադրբեջանցի հակերները, իսկ կառավարության կայքը` ոչ. «ադրբեջանցիները կայքը կոտրելուց անպայման բովանդակությունն են խեղաթյուրում, ադրբեջանամետ ինֆորմացիա տեղադրում և վերցնում են ողջ ինֆորմացիոն շտեմարանը, ինչը կառավարության կայքի դեպքում տեղի չի ունեցել»:

Աշխարհի 100-ից ավել երկրներ ունեն կիբեռհարձակման խմբեր, որոնք գործում են հատուկ ծառայությունների կազմում: Ըստ Մարտիրասյանի` բացառված չէ, որ նման խմբեր են իրականացրել հարձակումները:

Սաղյանն ասում է, որ հակերներից պաշտպանվելու համար պետք է առնվազն 10 նիշանոց գաղտնաբառ ունենալ, որը կպարունակի նաև թվեր և հատուկ նիշեր· «Հակերները կիրառում են էլեկտրոնային բառարաններ, ինչի միջոցով էլ հեշտությամբ գտնում են գաղտնաբառը, եթե այն ամբողջական բառ է»,- ասում է Սաղյանը:

Կայքերի պաշտպանությունն ապահովելու համար, ըստ Սաղյանի, պետք է  հետևել միջազգային պրակտիկայում արձանագրվող հակերային հարձակումներին և կիրառել  հայտնի գրոհման ձևերի դեմ պաշտպանության մեխանիզմները:

«Այս հարձակումները դաս կլինեն, որ մեր երկրում հետագայում ավելի լուրջ վերաբերեն տեղեկատվական անվտանգությանը»,- ասում է Սաղյանը:

Դիտվել է 1530 անգամ:
Print Friendly

Leave a Reply