Հակամրցանակներն առաջին հերթին կտրվեն օրինագծերին կողմ քվեարկած պատգամավորներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | November 20, 2010 9:39

Ազգային ժողովի հերթական քառօրյայում չի քննարկվելու «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագիծը: Ամենայն հավանականությամբ, այդ օրենքների քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերին:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք շարժման փոքրաթիվ անդամներով քառօրյայի օրերին կհավաքվեն ԱԺ-ի մոտ և քվեարկության վերաբերյալ տեղեկություն ստանալուն պես կտեղեկացնեն բոլորին. «Մենք անընդհատ կապի մեջ ենք մեր բարեկամ պատգամավորների հետ, լավ տեղեկացված ենք, թե ներսում ինչ է կատարվում: Կարող եք համոզված լինել, որ մեզ անակնկալի չեն բերի, ու մենք անպայման 1-2 օր առաջ կզգուշացնենք, որ այս օրը օրինագծերը քվեարկության են դրվելու»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է «հակամրցանակներին», Արմեն Հովհաննիսյանի խոսքով, դրանք ստանալու առաջին թեկնածուներն այն պատգամավորներն են, ովքեր կողմ կքվեարկեն «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծին:
Հիշեցնենք, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման անդամները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել` սահմանելով «Օտարալիզության ասպարեզում Դելյանով-Աշոտյանի անվան» մրցանակ` հայոց լեզվին, դպրությանը և ազգային անկախ պետականությանն առավել վնաս հասցրած գործիչների և կազմակերպությունների հակահայկական գործունեությունը գալիք սերունդներին ներկայացնելու նպատակով:
Շարժման անդամները հայտարարություն էին տարածել, որում նշվում էր. «Ցավով գիտակցում ենք, որ այդօրինակ գործիչներն անպակաս են եղել հայ ազգի հարուստ և իրադարձություններով լի ողջ պատմության ընթացքում: Սակայն 2010 թ. վերոհիշյալ արտառոց ակտիվացումը ստիպում է մեզ դիմելու այս քայլին: Միաժամանակ մեզ չի լքում հույսը, որ այս տարվա պարգևատրումը կլինի վերջինը, և մրցանակաբաշխությունն առարկայական պատճառներով երկար կյանք չի ունենա»:
«2010 թ. մրցանակաբաշխությունում հաշվի կառնվեն ամբողջ տարվա ձեռքբերումները, և արդյունքները կհայտարարվեն մոտ ժամանակներս,- ասաց Արմեն Հովհաննիսյանը` պարզաբանելով, թե ինչու է մրցանակն անվանվել Դելյանովի և Աշոտյանի պատվին:- Դելյանով (Դիլաքյան) Իվան Դավիդովիչը (1818-1897) հայկական ծագմամբ ռուսական պետական գործիչ է եղել, կոմս: 1882-1897 թթ. եղել է Ռուսական կայսրության ժողովրդական լուսավորության մինիստր: Նրա օրոք մտցվել է համալսարանական նոր կանոնադրություն, որը համալսարանները զրկում էր նախկին ինքնավարությունից, փակվել են կանանց բարձրագույն դասընթացները: 1887 թ. հունիսի 18-ին նրա հրապարակած շրջաբերականով սահմանափակվել է ազնվական ծագում չունեցող երեխաների մուտքը գիմնազիաներ, իսկ կառապանների, լվացարարուհիների, մանր խանութպանների երեխաները չէին կարող ընդունվել միջնակարգ ուսումնական հաստատություններ: Նրա օրոք փակվել են հայկական բազմաթիվ դպրոցներ: Այսինքն` մեզ համար դա հայ մարդու մի կերպար է, որը այլ պետությանը, այլ ազգին հաճոյանալու համար պատրաստ է վնաս տալ իր ազգային մեծագույն արժեքներին»:
Արմեն Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ կմշակվի մի համակարգ, որը հնարավորություն կտա բոլորին մասնակցելու մրցույթի թեկնածուների ընտրությանը: «Մենք նաև ցուցակ կհրապարակենք, և մարդիկ կկարողանան քվեարկել»,- ասաց նա:
«Օտարալիզության ասպարեզում Դելյանով-Աշոտյանի անվան մրցանակը» կամ կարճ` «Օտարալիզության մրցանակը» լինելու է առաջին, երկրորդ և երրորդ կարգի: Մրցանակը ներառելու է մեդալ, պատվոգիր և դրամական պարգև` 30 դրամի չափով, որը, ինչպես նշեց Հովհաննիսյանը, կարելի է կապել Հուդայի  30 ոսկու հետ:
Առնո Կուռը, որ նախագծի հեղինակն ու դիզայներն է, մեդալը պատրաստելու է գիպսից: «Սկզբնական տարբերակով պատկերել էի Մասիսը` խաչված ոսկորների պատկերով,-ասում է նա,- խաչված ոսկորները համաշխարհային սիմվոլ են, որը վտանգ է նշանակում: Այդ գաղափարն ինձ շատ էր դուր եկել և կարծում եմ` այդ սիմվոլը շատ բնորոշ կլիներ այս իրավիճակին: Բայց մի քանի տարբերակներ քննարկելուց հետո այլ տարբերակ ընտրվեց»:
Նշենք նաև, որ նախագծին դեմ պատգամավորները  նույնպես քիչ հավանական են համարում նախագծի տապալումը: Իսկ Դիլիջանի դպրոցի ստեղծման աշխատանքները, որոնք ժամանակավորապես կասեցվել էին նախագծի հոգաբարձուների խորհրդի կողմից ՀՀ Հանրային խորհրդին ուղղված նամակի ժամանակ, կրկին վերսկսվել են. հոգաբարձուների խորհրդի հոկտեբերի 18-ի նիստի ժամանակ որոշվել է չդադարեցնել դպրոցի ստեղծման աշխատանքները` հաշվի առնելով բազմաթիվ մարդկանց դիմումները:
«Մեր առաջարկը նույնն է. դպրոցը նախ կարող է գործել արտասահմանցիների համար, որը մեր օրենքը թույլ է տալիս, իսկ միջազգային բակալավրիատի ծրագրի հայերեն թարգմանությունից հետո այն կարող է գործել նաև տեղացիների համար. այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել նաև լեզվի օրենքում փոփոխություններ կատարելուց»,-ասաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արամ Ապատյանը:
Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply