Դերասան Սերգեյ Դանիելյանը դատի է տվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 18, 2010 16:22

Դերասան Սերգեյ Դանիելյանը դատի է տվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին. պատճառն այս տարվա օգոստոս ամսին Քոբուլեթի մեկնելու ընթացքում ընկերության կողմից իրեն պատճառված բազմաթիվ անհարմարություններն են, որոնց պատճառով նա Վրաստան մի կերպ, գրեթե ոտքի վրա է հասել։ Նոյեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ինքը՝ Սերգեյ Դանիելյանը:

«Երբ կնոջս հետ փորձեցինք տեղավորվել մեր վագոնում, պարզվեց, որ միեւնույն տոմսն ընկերությունն այլ մարդու էլ է վաճառել։ Նույնը պատահեց նաեւ Քոբուլեթիից վերադառնալուց։ Բայց երբ հասա Երեւան ու բողոքով դիմեցի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին, ինձ ասացին, որ շատ են ցավում կատարվածի համար, սակայն ոչինչ չեն կարող անել։ Նույնիսկ ավելացրին, թե «մի ձեւ հասցրել են, չէ՞», ուրեմն ինչո՞ւ եմ բողոքում»,- պատմեց դերասանը՝ ավելացնելով, որ կատարվածը չէր կարող պատահականություն լինել, քանի որ նույն վիճակում հայտնվել էին գնացքի այլ ուղեւորներ եւս։

«Մի կերպ հասանք Վրաստան. չէր աշխատում օդափոխիչը, շոգից խեղդվում էինք, զուգարաններից գոզա-շան հոտ էր գալիս, ամենուրեք ճենճահոտ էր, եւ դա այն դեպքում, երբ մի քանի ամիս շարունակ ներկայացվող գովազդներում ասվում էր, որ գնացքներում հիանալի պայմաններ են։ Ես փաստորեն, հավատալով այդ ստին, հայտնվեցի ապուշ վիճակում։ Պատկերացրեք շորտերով եւ ճամպրուկներով կանգնել եմ եւ հետադարձ գնացքին եմ սպասում, իսկ գնացքը մեկնեց նախատեսվածից մոտ 20 րոպե շուտ։ Ես եւ կինս մնացինք կայարանում, նույնիսկ քիչ մնաց վագոնի տակ ընկնեի, Ստիպված տաքսի վարձեցինք եւ մի կերպ հասանք Ուռեկի, այնտեղից էլ նստեցինք գնացք եւ եկանք Երեւան։ Այդ ընթացքում, իհարկե, պարզվեց, որ մեր տոմսերը կրկին վաճառված են»,- նշեց դերասանը՝ ավելացնելով, որ նախատեսված 20-25 հազար դրամի փոխարեն ինքը ճանապարհածախսի վրա վատնել է գրեթե կրկնակի շատ գումար։

«Հարցն այդ 43-45 հազար դրամը չէ, ուղղակի ինձ էշի տեղ դնելով որոշ մարդիկ չպիտի փող աշխատեն։ Նրանք պետք է բարոյապես փոխհատուցեն ու հրապարակայնորեն ներողություն խնդրեն ինձանից։ Եթե մենք մեզ չհարգենք, ոչ մի կապիտալիստ էլ չի հարգի։ Սա նախադեպ է՝ թույլ չտալ, որ քեզ էշի տեղ դնեն։ Եթե նորմալ ընկերություն եւ երկիր լիներ, 45 հազար չէ, մի բան էլ ավել կտային, որ նման աղմուկ չբարձրանար, մինչդեռ այնքան են հաբռգել եւ այնքան թքած ունեն մարդկանց վրա, որ դեռ մի բան էլ իրենք են ագրեսիվ կեցվածք ընդունում։ Մինչեւ դրանց քիթը չտրորես, չեն սթափվի»,-ասաց Սերգեյ Դանիելյանը՝ Հայաստանում տիրող հանդուրժողականության մթնոլորտը պայմանավորելով պասիվ քաղաքացիական կեցվածք ունենալու հայերի սովորությամբ։ «Էշի ականջում նստած ենք, բազե-մազե ենք անում, հավաքվում ուրախանում, իսկ Ֆրանսիայում, օրինակ,երիտասարդներն իրենց իրավունքների պաշտպանության համար խանութներ եւ ավտոմեքենաներ են ջարդում»,- հիշեցրեց դերասանը։

Վերջում նա տեղեկացրեց, որ առաջին դատական լսումը Նուբարաշեն եւ Էրեբունի վարչկան շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա այսօր, ժամը 16։00-ին։ «Ես դահլիճ չեմ գնա, էմոցիոնալ մարդ եմ, վախենում եմ բերանիցս մի բան թռցնեմ, բայց նաեւ առանձնակի մեծ հույսեր դատավարությունից չունեմ. մեր իրավական համակարգը շատ վատն է»,- ամփոփեց դերասանը։

NEWS.am

Տարած

Դիտվել է 1623 անգամ:
Print Friendly

Leave a Reply