Ոստիկանությունը ձերբակալել է իտալական մաֆիայի պարագլուխներից մեկին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 18, 2010 12:02

Իտալական ոստիկանությունը չորեքշաբթի Նեապոլում ձերբակալել է կամորրայի` Իտալիայի հարավի Կամպանիայի նահանգում գործող քրեական հզոր կազմակերպության պարագլուխներից մեկին` 47-ամյա Անտոնիո Իովինեին: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները` վկայակոչելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:

Օ Նիննո մականվամբ Իովինեն, որն ընդգրկված էր Իտալիայի առավել վտանգավոր 30 հանցագործների ցուցակում, համազգային հետախուզման մեջ էր գրեթե 16 տարի: Նա «Կազալեզի» հզոր հանցավոր կլանի պարագլուխն էր, որը սարսափ էր ազդում Կազերտա նահանգի եւ Հարավային Իտալիայի մյուս շրջանների բնակիչների վրա: Իովինեն դատարանի կողմից դատապարտվել էր Իտալիայում բարձրագույն պատժաչափի` ցմահ բանտարկության: Քննչական մարմինների կողմից նրան մեղադրանքներ էին առաջադրված առնվազն վեց սպանության համար:

Մաֆիայի պարագլխի ձերբակալման գործողությունն իրականացրել են Նեապոլի ոստիկանության հատուկ ստորաբաժանումները: Ինչպես հայտնի է դարձել՝ կամորրայի պարագլուխը հայտնաբերվել է Նեապոլի կենտրոնում գտնվող գաղտնի թաքստարաններից մեկում եւ ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել: Իտալիայի ներքին գործերի նախարար Ռոբերտո Մարոնին ոստիկանության աշխատակիցներին շնորհավորել է վտանգավոր հանցագործին բռնելու կապակցությամբ եւ նույնիսկ նոյեմբերի 17-ը հայտարարել է «հիանալի օր մաֆիայի դեմ պայքարի պատմության մեջ»:

Դիտվել է 939 անգամ:
Print Friendly

Leave a Reply