Վերահսկիչ պալատն ու ԱԺ պատգամավորը կհանդիպեն դատարանում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | November 17, 2010 20:43

Վերահսկիչ պալատի (ՎՊ) խորհրդի որոշմամբ, 2009 թ. գործունեության տարեկան ծրագրով իրականացված վերահսկողության արդյունքների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազություն են ուղարկվել 11 գործով քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ կասկածներ պարունակող արձանագրություններ և ընթացիկ հաշվետվություններ: Եվս մեկ գործ Արմավիրի մարզի Տալվորիկի գյուղապետարանում հայտնաբերված խախտումների վերաբերյալ ուղարկվել է, երբ գլխավոր դատախազությունում արդեն այդ կապակցությամբ հարուցված քրեական գործ կար: Այս մասին Ազգային ժողովի նոյեմբերի 16-ի նիստում հայտնեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը` ներկայացնելով ՎՊ 2009 թ. տարեկան հաշվետվությունը:

2009 թ. գործունեության տարեկան ծրագրով իրականացված վերահսկողության արդյունքներն ամփոփվել են ՎՊի 42 ընթացիկ հաշվետվություններում: Տարեկան հաշվետվության մեջ հակիրճ ներկայացված են 38-ը: Հրապարակման ենթակա չեն արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններին, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանության պետական պահպանության վարչությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին ընթացիկ չորս հաշվետվությունները, որոնք «հույժ գաղտնի» տեղեկատվություն են պարունակում:

Ըստ Ի. Զաքարյանի` վերահսկողության արդյունքում ՎՊն, ընդհանուր առմամբ, արձանագրել է 6 մլրդ 380 մլն դրամի չափով վերականգնման ենթակա գումար, ևս 1 մլրդ 307 մլն դրամ` որպես անարդյունավետ ծախս: Վերահսկվող օբյեկտների ղեկավարների կողմից ՎՊ ուղարկված նամակների հիման վրա արձանագրվել է, որ 2 մլրդ 619 մլն 335 հազար դրամի չափով գումարն արդեն իսկ վերականգնվել է` մտել է պետական կամ համայնքային բյուջեներ և կամ այլ հաշիվներ, որտեղից կատարվել են ծախսերը: Եվս 608 մլն դրամի չափով գումար վերականգնվել է լրացուցիչ աշխատանքների տեսքով: 1 մլրդ 727 մլն դրամին առնչվող նյութերը գտնվում են ՀՀ գլխավոր դատախազությունում կամ դատարաններում, 133 մլն դրամի մասով ձեռնարկված են համապատասխան միջոցներ, և դրանք վերականգնվելու են ըստ առկա ժամանակացույցի, 1 մլրդ 368 մլն դրամի մասով գումարի վերականգնումը նախատեսված է մինչև տարեվերջ:

Նշվեց նաև, որ հաշվետու ժամանակահատվածում ՎՊն ոչ միայն խախտումներ է արձանագրել, այլև առաջարկություններ արել: «Իհարկե, մենք հեռու ենք այն մտքից, որ դրանք շատ լիարժեք են կամ վերջին խոսքն են, բայց, այնուամենայնիվ, 235 առաջարկություն ենք արել 42 թեմաներն ուսումնասիրելիս, և դրանք իրենց մեջ պարունակում են և՛ օրենսդրական, և՛ կառավարության որոշումների փոփոխություններ, նաև` տարբեր նախարարությունների կամ գերատեսչությունների որոշումների կամ գերատեսչական ակտերի փոփոխություններ»,-ասաց Ի. Զաքարյանը:

Ինչ վերաբերում է հայտնաբերած խախտումներին, ապա համայնքների բյուջեների մուտքերի ապահովման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներից ելնելով` կարելի է ասել, որ հիմնականում բավական մեծ են խախտումները գույքահարկի, հողի հարկի, տեղական տուրքերի, վարձավճարների և այլ պարտադիր վճարների մասով: Սակայն, ըստ ՎՊ նախագահի, ամենահետաքրքիրն այն է, որ խախտումները հայտնաբերելուց հետո թերհավաքված գումարները բավական կարճ ժամանակում վերականգնվում են: Մնում է միայն տարակուսել` եթե կարելի էր հավաքել, ինչու՞ չէր արվում:

Հաճախակի են նաև հողերի օտարման առնչությամբ արձանագրված աղաղակող փաստերը, երբ հողն օտարվում է աննախադեպ ցածր արժեքով, իսկ մեկ կամ մի քանի օր հետո վերավաճառվում շուկայական գներով: Այս դեպքում ֆորմալ առումով օրենքի խախտում չկա, սակայն կա խնդիրն օրենքով կարգավորելու անհրաժեշտություն:

Հաջորդ խնդիրը վերաբերում է համայնքներում իրականացվող սոցիալական ծրագրերին: Մասնավորապես, Լոռու մարզում և Գյումրի քաղաքում ՎՊն հայտնաբերել է դեպքեր, երբ, օրինակ, 250 գլուխ խոշոր անասուն կամ մի քանի թանկարժեք ավտոմեքենա ունեցող անձինք ներառված են եղել կարիքավորների ցուցակում: Շինարարական կամ վերանորոգման աշխատանքների նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում հիմնականում հայտնաբերվում են նույն կարգի խախտումներ, այդ թվում` ծավալային ու գնային հավելագրումներ, նախահաշվային թանկացումներ:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն իր ելույթում, մասնավորապես, առաջարկեց, որ ՎՊի հաջորդ հաշվետվության քննարկմանը ներկա գտնվեն նաև ՀՀ գլխավոր դատախազը, վարչապետը, կառավարության անդամներ: Դա, ըստ պատգամավորի, հնարավոր կդարձնի խախտումներ թույլ տված գերատեսչությունների ղեկավարներին անմիջապես պատասխանատվության կանչել կամ վարչապետի կողմից նրանց պաշտոնանկության հարց բարձրացնել:

Աննախադեպ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ խմբակցության անդամ, «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցության (ԺԱԿ) նախագահ Սպարտակ Մելիքյանը. «Ուզում եմ հայոց խորհրդարանի բարձր ամբիոնից ահազանգ հնչեցնել այն խիստ մտահոգիչ, աննախադեպ գործելաոճի վերաբերյալ, որն այսօր հետևողականորեն իրականացվում է ՎՊի կողմից և անձամբ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Հասկանալի է, քննադատության է ենթարկվում պետական կառույցի կամ համայնքի ղեկավարը` կապված իր իրավասությունների չարաշահման հետ, սակայն այստեղ էլ, ըստ իս, միշտ վճռորոշ է եղել ստուգվողի քաղաքական կողմնորոշումը կամ ստվերային համաձայնության գալչգալը: Այժմ ուզում եմ անդրադառնալ վերջերս ՎՊի կողմից Հայաստանի բուհական հաստատություններում իրականացված խայտառակ ստուգումներին, որոնք աչքի են ընկել բացահայտ կողմնակալությամբ և անձնական շահադիտությամբ»:

Պատգամավորը հայտարարեց, որ, ի թիվս այլոց, ՎՊի քննադատությանն է արժանացել նաև Երևանի Անանիա Շիրակացու անվան միջազգային հարաբերությունների համալսարանը: «Ցավոք, վերջինիս պարագայում պալատը խեղաթյուրել է իրականությունը և վարկաբեկել համալսարանի բարի համբավն ու հեղինակությունը»,-ասաց Ս. Մելիքյանը: Ըստ նրա` համալսարանն արժանացել է խիստ քննադատության զուտ այն պատճառով, որ հրաժարվել է «բավարարել ստուգող խմբի ղեկավարի պահանջը` տալ 4 հազար ԱՄՆ դոլար կաշառք, որն, ըստ իրեն, համաձայնեցված է եղել Իշխան Զաքարյանի հետ, այսպես ասած՝ սև ցուցակում չհայտնվելու համար»: Պատգամավորը նաև համոզմունք հայտնեց, որ իր «ահազանգին գործնականորեն կարձագանքեն և՛ ՀՀ գլխավոր դատախազությունում, և՛ Ազգային անվտանգության ծառայությունում»:

Կարելի էր ենթադրել, որ նոյեմբերի 17-ին շարունակվելիք քննարկման ժամանակ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը եզրափակիչ ելույթում կարձագանքի պատգամավորի հնչեցրած մեղադրանքին:

ՙՎՊ-ի ստուգումների արդյունքում, ես գիտեմ, որ ոսկորը շատերի կոկորդում է մնում՚,-ասաց նա` հավելելով, որ ՙորոշ մարդիկ պարբերաբար ուզում են ՎՊ-ին  ներքաշել կեղտոտ խաղերի մեջ՚: Ըստ նրա, դա հստակ երևաց իրենց գործունեության սկզբնական փուլում, երբ փորձ արվեց ՙուղղակի ջարդել ՎՊ-ի ողնաշարը՚, ինչը չհաջողվեց, և այժմ էլ փորձում են սկսել երկրորդ փուլը, որտեղ, ՙինչպես ցույց տվեց երեկվա ելույթներից մեկը, կիրառվելու են անթույլատրելի և հայկական բարոյականությանը խորթ երևույթներ: Նա խորհրդարանին հայտնեց, որ պատգամավոր Ս.Մելիքյանն Անանիա Շիրակացի համալսարանի 100 տոկոս բաժնետերն է: Նա նաև տեղեկացրեց, որ ՎՊ-ն քննարկել է  ՎՊ-ին վարկաբեկելու համար զրպարտության հոդվածով  քրեական գործ հարուցելու կապակցությամբ ՀՀ դատախազություն դիմելու հարցը: Սակայն դատախազությունից իրենց հայտնել են, որ Քրեական օրենսգրքի այդ հոդվածը ԱԺ-ի կողմից վերջերս ուժը կորցրած է ճանաչվել: ՙՈւստի մեզ մնում է իրավական ևս մեկ ճանապարհ` դիմելու դատարան, և այսօր ՎՊ-ն դիմել է դատարան: Այս խնդրի և մնացած բոլոր հարցերի հետ կապված մենք օրենքի դաշտում կխոսենք: Հարցը սրանով համարում եմ ավարտված՚,-հայտարարեց Ի.Զաքարյանը:
Ի դեպ, Ս. Մելիքյանը` պատասխանելով լրագրողների հարցերին, հաստատեց, որ հանդիսանում է տվյալ համալսարանի միակ սեփականատերը և հոգաբարձուների խորհրդի նախագահը: Նա հայտնեց նաև, որ մտադիր է առաջիկայում դիմել ԱԺ-ին իրեն անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով, որպեսզի հետագայում որևիցե մեկը չասի, որ ինքը ՙխոչընդոտ է հանդիսանում այդ քննությունը տանել մինչև վերջ՚:
Գայանե Մելիքյան
Դիտվել է 1800 անգամ:
Print Friendly

Leave a Reply