Ձեռնարկատիրական ազգային ճամբար` ուսանողների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 17, 2010 15:18

Հայաստանի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 50 ուսանող նոյեմբերի 18-20-ը Ծաղկաձորում կմասնակցի Բրիտանական խորհրդի կազմակերպած Beeline ձեռնարկատիրական ազգային ճամբարին: Երկու օրվա ընթացքում նրանք կմասնակցեն դասընթացների, որոնց ավարտից հետո խմբակային աշխատանքի միջոցով կփորձեն լուծել ԱրմենՏել ընկերության (ապրանքանիշը` Beeline) ներկայացրած բիզնես-առաջադրանքը: Հաղթող խումբը կարժանանա մրցանակների եւ հնարավորություն կստանա աշխատանքային պրակտիկա անցնել ԱրմենՏել ընկերությունում:

Առաջադրանքի լուծման համար տրվելու է սահմանափակ ժամանակ: Մասնակիցները, օգտվելով ԱրմենՏել ընկերության ներկայացուցիչների խորհուրդներից եւ աջակցությունից, մրցույթի ավարտին կներկայացնեն բիզնես-առաջադրանքի նորարար եւ հետաքրքրական իրենց լուծումները: Ժյուրիի անդամները` ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը, Երևանում Բրիտանական դեսպանատան փոխդեսպան Գարետ Վին-Օուենը եւ ՀՀ ԿԳՆ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը, կլսեն յուրաքանչյուր թիմի ներկայացրած լուծումները եւ կընտրեն լավագույնին:

Ձեռնարկատիրական ճամբարը կազմակերպվում է Բրիտանական խորհրդի “Հմտություններն աշխատանքում” ծրագրի շրջանակում: Ծրագրի գործընկերներն են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ու “Հայաստանի պատանեկան նվաճումներ” կազմակերպությունը, իսկ բացառիկ հովանավորն է ԱրմենՏել ընկերությունը: “Հմտություններն աշխատանքում” ծրագիրը մեկնարկեց բիզնես-առաջադրանք շարադրության մրցույթով: Հայաստանի տասը մարզերում գործող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները շարադրություններ գրեցին “Ինչպե՞ս հասնել հաջողության ինտերնետի օգնությամբ” թեմայով: Մրցույթին ներկայացված ավելի քան 250 բիզնես-շարադրություններից ԱրմենՏել ընկերությունը ընտրեց 50 տպավորիչ հաջողության բանաձեւ առաջարկող ուսանողներին, որոնք էլ հրավիրվեցին մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին` Beeline  ձեռնարկատիրական ազգային ճամբարին:

“Հմտություններն աշխատանքում” ծրագիրն իրականացվում է երրորդ տարին Միացյալ Թագավորությունում եւ Հարավարեւելյան Եվրոպայի (ներառյալ Հայաստանի) 10 երկրում: Մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդներին, մղել նորամուծությունների եւ գործատուների անմիջական ներգրավմամբ զարգացնել նրանց ձեռնարկատիրական հմտությունները` նպաստելով կրթական ոլորտ եւ աշխատաշուկա կապի ամրապնդմանը:

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply