Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Ռուսաստանի հայերի միության 10-ամյակի առթիվ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 17, 2010 15:08

Նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այսօր մասնակցել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացված տոնական միջոցառմանը: Նախագահը հանդիսավոր արարողության ժամանակ ողջույնի խոսք է հղել, որում մասնավորապես ասված է.

-Ուրախ եմ ներկա գտնվելու Ռուսաստանի հայերի միու­թյան 10-ամյակին նվիրված այս տոնակատարությանը և 4-րդ համագումարին: Շնորհավորում եմ ձեզ հո­բելյանի կապակցությամբ: Տասը տարին բավարար չէ, որպեսզի մարդը չափահաս կոչվի: Սակայն կազմակերպության համար այն բավարար ժամկետ է, որ­պես­զի դրսևորվեն նրա կարողությունները: Սա ձեր առաջին, բայց և պար­տա­վո­րեցնող հոբելյանն է, որը վկայում է կազմակերպված ու կանոնակարգված աշ­խա­տանքի, ինչպես նաև համախմբվածության մասին:

Մենք մշտապես հետևում և առանձնահատուկ կարևորություն ենք տալիս ձեր նվաճումներին ու խնդիրներին, քանի որ Ռուսաստանի Դաշնու­թյու­նում է գտնվում աշխարհի ամենաստվար հայկական համայնքը: Դրանով է նաև բա­ցատրվում այն հանգամանքը, որ շարունակաբար ամ­րացող հայ­կա­կան կազմա­կեր­պությունը` Ռուսաս­տա­նի հայերի միությունը, ձգտում է միշտ լինել համա­հայկական նախաձեռնություննե­րի առաջամարտիկների շարքում: Տարիների հետևողական աշխատանքի արդյունքն է նաև, որ այսօր միությունը դարձել է այն յուրօրինակ ամրասյունը, որն իր շուրջ կարողանում է համախմբել Ռուսաստանի հայությանը: Իսկ հայերիս` ինքնու­րույն, ձեռներեց և շատ անհատական մարդ­կանց միավորելն իսկապես շատ դժվար գործ է:

Այո´, ճակատագրի բերումով մեր ժողո­վրդի մեծ մասն ապրում է իր պատմական հայրենիքի սահմաններից դուրս. հայրենիք, որին միշտ փորձել են բզկտել ու փոքրացնել: Եվ այդ զարգացումների շարունակական կրկնությունից խուսա­փե­լու միակ հնարավոր ուղին մեր անկախ պետականության վերականգնումն էր: Այսօր հայ ժողովրդի գոյու­թյան, պահպանման ու զարգացման հիմնական գրավականը Հայաստանի Հանրապե­տու­թյունն է` մեր ազգային օջախը, որի անվտան­­գությունն ու բարեկեցությունը կախված է հենց մեզնից:

Անկախ պետականության վերստեղծումը հեշտ գործ չէր, սակայն դա այն մեծագույն պատիվն էր, որ մեր ժողովուրդը ստանձնեց կամավոր և գիտակ­ցա­բար` կրելով և՛ հաջո­ղու­թյուն­­ների, և՛ դժվարությունների ողջ պատաս­խա­նատ­վությունը: Ստանձնեց, քանի որ դա է մեր տեսակը պահպանելու միակ հա­րատև ու կայուն ձևը: Եվ այդ առաջին դժվարին օրերից մինչև այս պահը սփյուռ­քի մեր եղբայրներն ու քույրերը եղել են մեզ հետ, մեր կողքին:

Հայոց վերականգնված պետականության շուրջ է համախմբվել մեր ողջ աշխար­հա­սփյուռ ժողովուրդը: Հենց այդ համախմբման շնորհիվ էր, որ մեզ հաջող­վեց կանխել Արցա­խի դեմ ծրագրված ցեղասպանությունը, սատար կանգնել Ար­ցախի ժողովրդի ինքնո­րոշ­ման արդար դատին և նպաստել հակառա­կորդի գերազանցող ուժերը հետ մղե­լուն: Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, բայց նաև թույլ չենք տալու, որ որևէ մեկը փորձի մեզ ստորադասել:

Սիրելի հայրենակիցնե´ր,

Դարեր շարունակ աշխարհի բոլոր ծայրե­րում յուրաքանչյուր հայ եղել է մեր ժողովրդի դեսպանը նաև այն ժամանակ, երբ մենք զուրկ էինք պետակա­նու­թյունից: Այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք ամենուր ամրապնդել հա­յի բարի համբավը` մեր ազնիվ ու ստեղծագործ աշխատանքով:

Ասածիս լավագույն ապացույցներից է Ռուսաստանի հայ համայնքը` իր հարուստ պատմությամբ և հզոր մարդկային ներուժով: Անուրանալի է մեր հայրենակից­ների ներդրումը հայ-ռուսական համագործակ­ցության ընդլայնման և հատկապես դրա տնտեսական բաղադրիչի զարգացման մեջ: Պատահական չէ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշ­­նակիցն է և հուսալի գործընկերը: Պատահական չէ նաև, որ Հայաստանում իրա­կանացվող ներդրումային ծրագ­րե­րի ասպարեզում հենց Ռուսաստանն է զբաղեց­նում առաջին տեղը: Սա օրինա­կե­լի միջպետական հարաբերությունների դրսևո­րում է, որի զար­գաց­մանը նաև նպաստում է այս երկրում ապրող հայ համայնքը:

Հայկական սփյուռքի ինքնակազմակեր­պումն օրինակելի է շատերի հա­մար: Սակայն դա հանգստանալու կամ մեր ջանքերը թուլացնելու պատճառ չպետք է լինի: Ընդհակա­ռակը, մենք պետք է ամրապնդենք Հայաստանի, Արցախի և սփյուռքահայության օջախների կապերը` նպաստելով մեր հավա­քա­կան կարողությունների զարգացմանը:

Իմ պաշտոնավարության առաջին քայլե­րից էր կառավարության կազմում սփյուռքի նախարարության ստեղծումը: Այն արդեն կարելի է համարել կայացած կառույց, որի միջոցով լավ հիմքեր են դրվել մեր համատեղ աշխատանքի հա­մար: Այժմ մեր խնդիրը Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ընդլայնումը և աշխարհասփյուռ հայության ներուժի համադրումն է:

Սիրելի՛ բարեկամներ,

Ամփոփելով խոսքս` ցանկանում եմ բարձր գնահատել Ռուսաստանի հայե­րի մի­ու­թյան շարունակական աշխատանքը, ինչ­պես նաև Հայաստանում իրակա­նացվող բազ­մաբնույթ ծրագրերը:  Եվս մեկ անգամ շնորհավո­րում եմ ձեզ կազմա­կերպության 10-ամ­յակի առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ, արգա­սա­բեր աշխատանք` ի բարօրու­թյուն մեր ժողովրդի և հանուն համայն հայության իղ­ձերի իրականացման:

Դիտվել է 2045 անգամ:
Print Friendly

Leave a Reply