Հայաստանում պիրատական ծրագրերի կիրառումը 90 տոկոս է կազմում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 17, 2010 14:51

Այսօր  «Սպառողների իրավունքների պաշտպանության» համաշխարհային օրն է.  «Մայքրոսոֆթ» ընկերությունը պիրատության դեմ պայքարի շրջանակներում  ողջ աշխարհում անցկացնում է «Սպառողների իրավունքների պաշտպանության օր», որն այս տարի նշվում է նաև Հայաստանում:

Հայաստանը հակերային հարձակումներից և վիրտուալ վտանգներից ամենավատ պաշտպանված աշխարհի հինգ երկրներից մեկն է: «Սրա պատճառն այն է, որ Հայաստանում մեծամասամբ կիրառվում են ոչ լիցենզավորված ծրագրային փաթեթներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը:

Նա ասում է, որ 2009-ի տվյալներով` Հայաստանում պիրատական ծրագրերի օգտագործումը կազմում է 90 տոկոս` 2006-ի 96 տոկոսի փոխարեն:

«Այս տարի էլ ակնկալում ենք  պիրատական ծրագրերի օգտագործման 2-3 տոկոս նվազում»,- ասում է Բարսեղյանը`հավելելով, որ հարցումների համաձայն` մարդիկ ավելի շատ նախընտրում են օգտագործել լիցենզավորված արտադրանքը:

«Հայաստանում հարցվածների 65 տոկոսը կարծում է, որ պետք է գնել օրիգինալ ծրագրային ապահովում, անգամ եթե այն ավելի թան է»,- ասում է Բարսեղյանը:

Նրա խոսքով` ամբողջ աշխարհում հարցվածների 75 տոկոսը տեղեկացված լինելու կարիք ունի` կեղծված արտադրանքը տարբերակելու, դրա ռիսկերը գիտակցելու համար:

Բարսեղյանը նշում է, որ պիրատական ծրագրերում որպես կանոն բացակայում է ծրագրերի անվտանգության հատվածը, ինչը մեծացնում է ինֆորմացիայի կորստի վտանգը: «Այսօր համակարգչով բազմաթիվ ֆինանսական և այլ գործարքներ են կատարվում: Այդ ողջ ինֆորմացիան կուտակվում է համակարգչում և ոչ լիցենզավորված ծրագրերի օգտագործման դեպքում այդ ինֆորմացիայի գաղտնիությունը վտանգված է»,- ասում է Բարսեղյանը:

Անդրադառնալով օրիգինալ և պիրատական ծրագրերի գնային տարբերությանը, Բարսեղյանը նշում է, որ  լիցենզավորված ծրագրային փաթեթի արժեքն արդարացված է, քանի որ համակարգչի տիրոջը պաշտպանում է շատ ավելի մեծ կորուստներից:

Դիտվել է 1543 անգամ:
Print Friendly

Leave a Reply