Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանը 18 տարի անց կրկին իր ծննդավայում է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 22, 2009 18:22
Սյուզի Քենտիկյան
Այսօր թեթևագույն քաշային կարգի WBA և WIBF վարկածներով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանը մամուլի ասուլիսում հայտնեց, որ իր ծննդավայր Երևան է այցելել 18 տարի անց: 21-ամյա չեմպիոնուհին ընտանիքի հետ բնակվում է Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Սյուզին իր մրցամարտերն անցկացնում է Գերմանիայում:
Մարզուհին պատմեց իր վերջին հանդիպման մասին, որում հաղթել էր արգենտինացի Մարչելա Գուտիերա Գայիտեին: Սյուզին նշեց, որ մրցակիցն ուժեղ մարզուհի է, աշխարհի չեմպիոնուհի և քաշն իջեցրել էր, որ մրցի իր հետ: Թեև Սյուզիին կոչում են «Մարդասպան թագուհի», չեմպիոնուհին ասում է` կյանքում ինքը շատ բարի է, սիրում է մոդայիկ հագնվել ու գեղեցիկ տեսք ունենալ:
Սյուզին հավանել է Հայաստանը, բայց պետք է 2 շաբաթից վերադառնա Գերմանիա: Իսկ հայրենիք կրկին կայցելի հաջորդ տարի:
Բռնցքամարտիկն առաջիկա հանդիպումն անցկացնելու է հոկտեմբերին: Նրա մրցակցուհին դեռևս հայտնի չէ, սակայն նա կլինի ուժեղագույններից մեկը:
Քենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում 29 հանդիպում է անցկացրել և բոլորն էլ ավարտել իր օգտին:
Մինչև 12 տարեկան Քենտիկյանն ուժերն է փորձել լողում, մարմանարզությունում, արևելյան մարտարվեստի տարբեր մրցաձևերում:
«Իմ մեջ շատ էներգիա կա, և բռնցքամարտն է, որ օգնում է ինձ այն դուրս բերել»,-ասաց Քենտիկյանը:
Այսօրվա հանդիպմանը ներկա էր նաև չեմպիոնուհու հայրը` Լևոնը: նա նշեց, որ նախապես դեմ է եղել, որ իր աղջիկն այդ մարզաձևով զբաղվի, սակայն հետագայում վերանայել է տեսակետը:
Սկզբում Սյուզին սիրողական ռինգում է մրցել և անցկացրած 30 հանդիպումից միայն մեկում է պարտվել: Դա դաս է եղել մարզուհու համար, քանի որ վատառողջ վիճակում է ռինգ դուրս եկել:
«Ամեն հաղթանակից հետո ես նոր լիցք եմ ստանում և ավելի նպատակադիր աշխատում»,-ասաց Սյուզին:






Facebook
Tweet This
Email This Post
