Վարչապետի համոզմամբ` Հայաստանն արտաքին պարտքի մարման հարցում խնդիրներ չի ունենա

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 22, 2009 18:38

Հայաստանն արտաքին պարտքի մարման հարցում խնդիրներ չի ունենա. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ երկրի արտաքին պարտքի չափն ամբողջովին վերահսկելի է, և ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը չի գերազանցի 50 տոկոսը:

«Բոլոր միջազգային կառույցները պատրաստ են մեզ ֆինանսավորում հատկացնել: Մենք ունեինք արտաքին պարտքի ցածր բեռ, ինչը մեզ հնարավորություն է տվել այս տարի ավելացնել պարտքի ծավալը, որպեսզի ամբողջությամբ իրականացնենք հակաճգնաժամային միջոցառումները և թեթևացնենք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները մեր տնտեսության վրա»,- նշել  է  վարչապետը:

Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանն այսօր արտոնյալ վարկեր է ստանում միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցներից, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային և Ասիական բանկերը: Հայաստանին համեմատաբար բարձր տոկոսներով է տրամադրվել միայն ռուսական կայունացման վարկը:

ՀՀ վարչապետն ասել է, որ Հայաստանը պայմանավորվածություն ունի ԱՄՀ հետ առաջիկա 3-4 տարիների ընթացքում 620 մլն դոլար, ՀԲ հետ` 540 մլն դոլար, Ասիական բանկի հետ` շուրջ 500 մլն դոլար վարկ ստանալու վերաբերյալ: «Այս արտոնյալ վարկերն օգնելու են, որպեսզի մեր երկրում որակապես բարելավվեն ենթակառուցվածքները և իրականացվեն բարեփոխումներ: Վարկերը նպատակային են և ուղղված կոնկրետ ծրագրերի իրագործմանը: Մենք ԱԺ միջոցով հանրությանը մանրակրկիտ հաշվետվություն ենք տալիս, թե ինչ ծրագրեր ենք իրականացնում, որ ոլորտներում և ինչքան գումար ենք ծախսում»,- նշել է վարչապետը:

Դիտվել է 1449 անգամ:
Print Friendly

Leave a Reply