Մարմնի խնդրականացումը արվեստի մեջ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | November 17, 2010 10:38

«Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսը ներկայացնում են հինգ արվեստագետ-համադրողներ` Արարատ Սարգսյանը, Սարգիս Համալբաշյանը, Արևիկ Արևշատյանը, Արման Գրիգորյանը և Դավիթ Կարեյանը: Նրանց կոնցեպտները ներկայացված են այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ:


«Ճակատային մերկություն». այպես է կոչվում Արման Գրիգորյանի ներկայացրած նախագիծը օրերս Նկարիչների միությունում բացված «Մարմին. Նոր պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսում:

Արման Գրիգորյանը, ով տվյալ դեպքում հանդես է եկել որպես համադրող, մեկն է հինգ մյուս համադրողներից, որոնք ներկայացնում են ցուցահանդեսը:

Իր նախագծում, որ ներառում է  8 արվեստագետների, նա ներկայացված է 2010թ. արված  «Կոնստրուկտիվիստական էքստերիեր» և «Անկախ հասարակություն» աշխատանքներով, որտեղ հեղինակը անցյալից եկած, բայց ապագայում ապրող մարդկանց մերկ պատկերելով ցուցադրել է իր վերբերմունքը կառուցվող ապագա հասարակության հադեպ. «Մերկ մարդիկ ազատ են, հավասար և ցուցադրում են իրենց համերաշխությունը՝ դեն նետելով դասակարգերի, խտրականության և վերահսկման խորհրդանիշ հանդիսացող զգեստները»:

«Ճակատային մերկություն» նախագծում է ներկայացված Կարեն Ալեքյանի տեքստային աշխատանքը, որտեղ կա  Մոսֆիլմի արխիվում պահվող հին լուսանկար: «20-ականների անհայտ արվեստագետի այս լուսանկարը երջանիկ հասարակության կառուցման կորած վկայությունն է»,- ասում է Ալեքյանը:

Արման Գրիգորյանը խիստ կարևորում է համադրողների ինստիտուտը, որը Հայաստանում ձևավորվել է հետխորհրդային ժամանակներում:

Համադրողը կարող է լինել նաև արվեստագետ: Նախկինում ցուցահանդեսներ կազմակերպվել են առանց համադրողների: Այսօր էլ Նկարիչների միությունում կազմակերպված ցուցահանդեսները հիմնականում կազմակերպվոմ են սովետական տրադիցիոն ոճով:

«Համադրողով կազմակերպված ցուցահանդեսը  ավելի հետաքրքիր է, որովհետև այն հենված է գաղափարի վրա, որը ներկայացված է տեքստով,- ասում է Գրիգորյանը,- համադրողներն են ընտրում հեղինակներին և այնպես են ցուցադրում նրանց, որ իրենց ընտրած գաղափարն ավելի ընդգծված ու ներկայանալի լինի»:

Ինքն իր հեղինակներին ընտրել է մերկության սկզբունքով, այսինքն հեղինակների՝ ովքեր աշխատում են մերկ մարմնի հետ:

Ցուցահանդեսը ժամանակային առումով ընդգրկում է մոտ 100-ամյա դիապազոն. ներկայացված են Սուրենյանցից մինչև Սվետլանա Անտոնյան(Օկեան), ով ստեղծագործում է մոտ կես տարի:

Արման Գրիգորյան

Արարատ Սարգսյանի նախագծում  ներկայացված է  Արտաշես Էմինի մերկ մարմինների հավաքածուն, որում տեղ են գտել  Վարդգես Սուրենյանցը, Ռուբեն Նաքյանը, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանն ու այլ դասականներ:

Դավիթ Կարեյանի  «Մարմնի ճշմարտություն» կոնցեպտի հիմքում ընկած է  ֆիզիկական մարմնի ու հոգևորի հավասարազորության միտքը, որով նա ընդգծում է  մարմնի նկատմամբ հոգածությունը  որպես ոչ պակաս կարևոր նշանակության առարկա, քան հոգևորն է:

«Ընդհանրապես հոգևորն ընկալվում է որպես ավելի բարձր արժեք, քան մարմինը,- մեկնաբանում է  արվեստագետը,- ինչքան մարմինը ճնշվում է, այնքան բարձրանում է հոգևորը և դա արտահայտվում է գաղափարախոսություն-սուբյեկտ հարաբերությունների մեջ, որի արդյունք են բոլոր տեսակի դեպրեսիաներն ու հիսթերիաները: Ես ցույց եմ տալիս, որ  մարմինն ու հոգին հավասար արժեքներ են»:

Կարեյանի նախագծում իրենից բացի ներկայացված են Սոնիա Պալասանյանը,  Ինցեստ խումբն ու Գարիկ Ենգիբարյանը:

Արմինե Հովհաննիսյան

Արևիկ Արևշատյանի «Մարմինը` որպես իրականության զգացողության միակ սուբյեկտ»  կոնցեպտում  կարևորված է կնոջ հայացքը դեպի կինը: «Ես ուզում եմ, որպեսզի  կին արվեստագետների հայացքը նկատելի լինի, որովհետև վաղուց արդեն ժամանակավրեպ է այն միտքը, որ կանանց տեսնում են միայն կիրառական արվեստում»,- ասում է Արևշատյանը:

Նրա նախագծում ներկայացված են 11 կին արվեստագետներ, որոնք ստեղծագործել են 80-ականների վերջից, սակայն նրանց մեջ է նաև Օվսաննա Շեկոյանը, ով դաշտում է հայտնվել վերջին երկու տարում:

Արվեստաբան Նազարեթ Կարոյանն այս ցուցահանդեսը համարում է պատմական այն առումով, որ թեմայի ակտուալությունն իր առաջնային ելքը թողել է անցյալում:

«Մարմնի թեման իր առաջնային, նախնական և առավել արմատական ձևով մեր նկարչության մեջ դրվեց 10 տարի առաջ, և այս ցուցահանդեսն  իր մեջ ամփոփում է վերջին քսան տարիների  կատարված որոնումները,- ասում է նա,- այս ցուցահանդեսում ձևավորվողը ավելի շատ հետահայաց է, թեպետ մենք տեսնում ենք բառացիորեն նոր արված  գործեր. Օվսաննա Շեկոյանն, օրինակ,  եկել է վերարտադրելու ու վերաշահագործելու այն կածանները, որոնք գցվել են 2000-ականների սկզբներին»:

Կարոյանն ասում է, որ մարմնի թեման 90-ականների կեսերից հետինդուստրիալ իրականության  հիմնական խնդիրներից մեկն է, որի միջոցով  իր արտահայտությունն են ստանում անձնականության ու  ինքնության խնդիրները և ինքնությունը՝  որպես անձնականության մաս:

«Դրանից առաջ՝ սովետական կարգերի ժամանակ,  մարմնի թեման մերժված ու ճնշված էր և կար մարմնի ծիսականացման ու սոցիալականացման պատկերներ, ասենք սրբազան մայր-զավակ հարբերությունների կոնտեքստով,- մեկնաբանում է Կարոյանը,- որովհետև սովետական իրականությունը մարմնի ներկայացման արվեստում  շարունակում էր կիրառել միջնադարյան քրիստոնեական  մշակույթում ձևավորված արգելքների համակարգը»:

Ինչպիսի՞ փոխակերպումներ է կրել մարմինը պատկերելու արվեստը ժամանակի մեջ:

Կարոյանն ասում է, որ տեխնոլոգիաների զարգացման ազդեցության հետևանքով տրանֆորմացիան ակնհայտ է:

«60-70-ականների թթ. արված նկարն այսօր նույն տեխնիկայով արվելու դեպքում  դադարում է  նկար լինելուց,- ասում է նա,-  մնալով հանդերձ պատկեր՝ այն դադարում է նկար լինելուց, որովհետև նրա մեջ դրված խնդիրները դադարում են լինել գեղանկարչական»:

Սրա պատճառը արվեստաբանը բացատրում է նրանով, որ մեդիաները արվեստի ստեղծագործությունները  դարձնում են ոչ այնքան առարկա, որքան տեղեկատվություն կրող:

Հակոբ Հակոբյան

«Մարմինն, ըստ  ըստ էության անձին տրված քաղաքականություն իրականացնելու հիմնական գործիքն է,- մեկնաբանում է Կարոյանը,- ժամանակակից ձախ փիլիսոփաներն ասում են, որ եթե ինդուստրիալ դարաշրջանում կապիտալիզմին բնորոշ էր մարմնի մասնակի շագհագործում, ապա նոր ժամանակաշրջանում այն դառնում է կատարյալ՝ չճանաչելով ոչ ցերեկ, ոչ գիշեր»:

Կարոյանն ասում է, որ դրա հետևանքով մարմնի խնդրականացումը արմատական դրսևորումների մեջ հասնում է  վիրտուալացմանը և այդ վիրտուալ մարմնին են հղում կատարում արվեստագետները. «Այդ հղումների մեջ մենք տեսնում են տարբեր ընտրություններր, այդ թվում նաև  դեպի նախնական, արխայիկ վիճակներ, որտեղ մարմինը ներկայանում է որպես առասպելների ու անգիտակցական վիճակնների մի հանգույց կամ  դեպի նոր տեխնոգեն ուղղություններ»:

Արվեստաբանի կարծիքով սակայն, ցուցահանդեսում մարմնի թեման՝ որպես առավել ռադիկալ- քաղաքական դրսևորում ավելի ավելի պակաս է ներկայացված, քան թե ոչ ռադիկալ և շուկայական դրսևորումները:

Համադրողներ արվեստագետների նախաձեռնությունը հնարավոր է դարձել  «Ակադեմիա» մասնավոր ցուցասրահի և Մշակույթի նախարարության աջակցությամբ:  Ներկայացված է  39 արվեստագետի ավելի քան 50 աշխատանք. գեղանկար, քանդակ, վիդեոարտ, պերֆորմանս:

Ակադեմիա պատկերասրահի տնօրեն Գոռ Վարդանյանն ասաց, որ ցուցահանդեսի առանցքի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ բոլոր նկարիչներն էլ  դպրոցական ու ուսանողական տարիներից սկսած մարմին են նկարել:

«Այդ պատճառով էլ հինգ համախոհ նկարիչների հետ ուզեցինք մի տեղ հավաքել ժամանակակից ու դասական նկարիչներին»,-ասաց նա:

Ցուցահանդեսի բացման ընթացքում, ի դեպ, արվեստագետներին  պսակի տեսքով անակնկալ էր սպասվում: Սև ժապավենով պարուրված «Ի հիշատակ անդրշիրիմյան մարմինների» երկտողով՝ արվեստագետներ Շուշան Ավագյանը, Լուսինե Թալալյանն ու Արփի Ադամյանն իրենց քննադատական վերաբերմունքն  են արտահայտել ցուցահանդեսում ներկայացված մարմնի գաղափարի վերաբերյալ, որն ամբողջական տեսքով կարելի է կարդալ այստեղ:  Տեքստի հեղինակ, գրող Շուշան Ավագյանը որպես նշանային համակարգ՝ օգտագործել է «Ինքնագիր» գրական հանդեսի երրորդ համարում տպագրված «Երրորդ հարկ» խմբի պատմության մասին Արման Գրիգորյանի գրած տեքստից հատվածներ:

Ցուցահանդեսը բաց է մինչև նոյեմբերի 25-ը:

Դիտվել է 2109 անգամ:
Print Friendly

Leave a Reply