ՙԿրթություն և կարիերա EXPO 2010՚-ում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացել է իր` Կարիերայի զարգացման ծրագրով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 16, 2010 21:01

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` ՙՄՏՍ՚ ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ բացվել է ՙԿրթություն և կարիերա  EXPO 2010՚ ցուցահանդեսը, որին ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցում է Կարիերայի զարգացման իր ծրագիրը ներկայացնող տաղավարով:

ՙԿրթություն և կարիերա  EXPO 2010՚-ը կանցկացվի նոյեմբերի 16-18-ը` ՙՄոսկվայի Տուն՚ մշակութագործարարական կենտրոնում: Ցուցահանդեսի նպատակն է ժամանակակից կրթության ամբողջ շրջանակի վերաբերյալ դպրոցականներին և ուսանողներին  տեղեկությունններ տրամադրելը,  կրթօջախների և ձեռնարկությունների միջև  գործնական հարաբերությունների ստեղծմանը նպաստելը, աշխատաշուկայում առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին հանրությանը տեղեկացնելը, աշխատանք փնտրողների և գործատուների միջև  հանդիպումներ կազմակերպելը, ինչպես նաև կրթական նոր ծրագրերի շուրջ պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններին համախմբելը:

ՙԳործունեության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու հայաստանյան այլ ընկերությունները ձևավորել են գործնական գիտելիքի հսկայական պաշար: Այսօրինակ ցուցահանդեսների միջոցով ընկերություները կկարողանան օգնել Հայաստանի երիտասարդությանը` հայրենիքում ինքնադրսևորվելու, սեփական ապագան կերտելու և սեփական երկրի համար արժեք ստեղծելու հարցում: Այս նպատակներին համահունչ` ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձևավորել է Կարիերայի զարգացման համապարփակ ծրագիր, որն ուսանողներին օգնում է համատեղել տեսական և  գործնական  գիտելիքները` կիրառելով դրանք հեռահաղորդակցության ոլորտում՚, – բացման խոսքում նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի  գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հանդիսանալով միջոցառման գլխավոր ինֆորմացիոն աջակիցը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նաև կարիերայի զարգացման իր ծրագիրը: Այն գործում է չորս հիմնական ուղղություններով. ուսանողների ստաժավորում, ՎիվաՍել-ՄՏՍ դպրոց, բաց դռների օրեր, և ընկերության մասնագետների կողմից` բուհերում կազմակերպվող դասախոսություններ, դասընթացներ: ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի նպատակը ուսանողներին աջակցելն ու գործնական հարթության վրա նրանց մասնագիտական գիտելիքները, հմտություններն ընդլայնելն է: Յուրաքանչյուր դասընթաց նվիրված է նեղ մասնագիտական թեմայի և մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել մասնագիտական հմտություններ:

ՙԿրթական համակարգին ձեռք մեկնելը հավասարազոր է մեր երկրի ապագային աջակցելուն: Մեր երեխաների կրթության պլանավորումը պետք է լինի մեր` ծնողների և քաղաքացիների, մեծագույն խնդիրը՚, ասել է  Ռալֆ Յիրիկյանը:

Կարիերայի զարգացման ծրագրի գոյության մեկուկես տարիների ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը 45 անգամ դասախոսությամբ է հանդես եկել ավելի քան 4030 ուսանողների համար: Համագործակցության հուշագրեր են ստորագրվել ընկերության և շուրջ 30 բարձագույն կրթական հաստատությունների միջև, 19 բաց դռների օր է կազմակերպվել Երևանի և մարզերի դպրոցների ավելի քան 380 աշակերտների համար: Ընկերության շենքում անցկացվել է ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի  ուսուցողական 5 դասընթաց, ՎիվաՍել-ՄՏՍ-ի համապատասխան բաժիններում աշխատանքային պրակտիկա է անցել 147 ուսանող, ուսանողների համար կազմակերպվել են բազմաթիվ այլ միջոցառումներ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն այն փոքրաթիվ ընկերություններից է, որտեղ հատուկ կարիքներ ունեցող մարդիկ կարող են լիովին ինքնադրսևորվել և իրացնել իրենց մասնագիտական ներուժն ու հմտությունները: ՎիվաՍել-ՄՏՍ-ում աշխատում է 37 հատուկ կարիքներով աշխատակից:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ՎիվաՍել-ՄՏՍ-ին շնորհվեց գերազանցության վկայական` հայաստանյան բաժանորդներին շարժական հեռախոսակապի բարձրորակ ծառայություներ մատուցելու համար:

Դիտվել է 1351 անգամ:
Print Friendly

Leave a Reply