Ընկերվար Միջազգայնականի(Սոցինտեռն) Խորհուրդը բանաձեւ է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2010 20:44

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը 2010թ. նոյեմբերի 15-16-ին, Փարիզում, մասնակցեց Ընկերվար Միջազգայնականի Խորհուրդի ժողովին։ Ժողովի ավարտին, ԸՄ Խորհուրդը ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հետեւյալ բանաձեւը.
«Առաջնորդվելով այս տարի Երեւանում եւ Բաքվում գումարված ժողովների արդյունքներով , որտեղ մեր անդամ կուսակցությունների հայ եւ ադրբեջանցի ներկայացուցիչները կարողացան աննախընթաց երկխոսություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ` անկախ իրենց տարակարծություններից եւ կարգավորման պատկերացումներից, գնահատում ենք անդամ կուսակցությունների, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների՝ մյուս երկրից Ընկերվար Միջազգայնականի անդամ կուսակցությունների պատվիրակներին հյուրընկալելու փաստը, համարում շատ դրական երեւույթ։
«Մենք այժմ տեսնում ենք հնարավորություն եւ անհրաժեշտություն՝ օգտվելու առկա հիմքերից, երկխոսություն եւ վստահություն կառուցելու, թե՛ մեր Միջազգայնականի ներսում եւ թե՝ այդ երկրների քաղաքական ավելի լայն դաշտում։
«Խիստ կարեւոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը առաջ տանել այդ երկու երկրների միջեւ, տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար։ Ընկերվար Միջազգայնականը, որ խաղաղության իր նախաձեռնությամբ է հանդես եկել, իր ճիգերի ներածին չափով շարունակելու է ներդրում ունենալ առաջընթացը պահպանելու եւ շարունակելու համար՝
«ա) Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պաշտոնականացումը եւ տարածաշրջանի համար բոլորի կողմից ընդունելի վերջնական կարգավիճակ.
«բ) Երկու կողմից տեղահանված անձանց իրավունքների հաստատում.
«գ) Կոչ ենք անում հարգել 1994թ.-ի զինադադարի պայմանագիրը եւ հետ կանգնել բոլոր տեսակի զինադադարի խախտումներից, ներառյալ՝ դիպուկահարների կրակից.
«դ) Կոչ ենք անում կողմերին հակամարտության գլխավոր հարցը կարգավորելու համար ցուցաբերել քաղաքական կամք՝ հասնելու համարժեք, հավասարաչափ եւ միաժամանակյա փոխ-զիջումների»:
Հիշեցնենք, որ Ընկերվար Միջազգայնականի Խորհուրդի ժողովին ՀՅԴ պատվիրակության կազմում էին Մարիո Նալպանդյանը (ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ընկերվար Միջազգայնականի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի համանախագահ), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ), Լեւոն Մկրտչյանը (ՀՅԴ Բյուրոյի անդամ), Մուրատ Փափազյանն ու Ռիշար Անանյանը (ՀՅԴ Արեւմտյան Եւրոպայի Կենտրոնական Կոմիտեի համանախագահներ, Ֆրանսիա), Մարիետ Կարապետյանը (Ֆրանսիա) եւ Գասպար Կարապետյանը (Հունաստան)։

ՀՅԴ Մամլո Դիւան

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply