Արթուր Աբրահամը հոկտեմբերին մրցելու է աշխարհի նախկին չեմպիոն Ջերմեն Թեյլորի հետ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 22, 2009 18:02
IBF վարկածով միջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ուրախ է թուրք Մահիր Օրալին հաղթելու համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Աբրահամն ասաց, որ ինքը միշտ էլ հնարավորության դեպքում ձգտում է հակառակորդներին շուտ ոչնչացնել: Նա նշեց, որ եթե հնարավորություն լինում է, անպայման դա արվում է, սակայն այս դեպքում մրցակիցն ուժեղ է եղել և ամենևին էլ պարտվելու ցանկություն չի ունեցել:
Անգամ այն ժամանակ, երբ նրա մարզիչը, ի նշան իր սանի անձնատուր լինելու, սրբիչ է նետել, Օրալը չի հանձնվել և շարունակել է պայքարը:
Արթուրը տեղեկացրեց, որ բոլոր ուժեղագույն բռնցամարտիկներն այժմ հրաժարվում են իր հետ մրցել. այդ է պատճառը, որ որոշել է հանձնել չեմպիոնական գոտին և ավելի բարձր քաշային կարգում մասնակցել 6 հանրածանոթ բռնցքամարտիկների մասնակցությամբ մրցաշարին, որը կայանալու է 2009-11-ին:

Ջերմեն Թեյլոր
Աբրահամը հոկտեմբերին մրցելու է աշխարհի նախկին չեմպիոն Ջերմեն Թեյլորի հետ:
Աշխարհի չեմպիոնը, անդրադառնալով թեթևագույն քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի վերջին պարտությանը գանացի Ժոզեֆ Ագբեկոյի հետ մրցամրտում, ասաց, որ այդ հանդիպումից 1 շաբաթ առաջ հեռախոսով զրուցել է Վախթանգի հետ, բարեմաղթանքներ հղել:
Նա նշեց, որ մեր մարզիկի պարտությունն իր համար անսպասելի է եղել: Այսուհանդերձ, Արթուրը վստահեցրեց, որ Վախթանգը ռինգում դեռ նորանոր հաջողությունների կհասնի: «Համոզված եմ, որ Վախթանգն այդ տղային կոչնչացնի»,- ասաց Արթուրը:
Այն հարցին, թե արդյոք ինքը մտադիր չէ Դարչինյանի օրինակով հանդես գալ հայկական դրոշի ներքո, Արթուրն ասաց, որ մինչև աշխարհի չեմպիոն դառնալն ինքը համապատասխան պայմանագիր է կնքել, որի ժամկետը լրանալու է 2011-ին: Իսկ եթե ինքը փորձի խախտել կարգը, կարող է լուրջ խնդիրների հետ բախվել:
Չեմպիոնը հայտնեց, որ Երևանում է մնալու մինչև հուլիսի 28-ը, որից հետո վերադառնալու է Գերմանիա:






Facebook
Tweet This
Email This Post
