Կողոպտել են «ՎՏԲ-Հայաստան» բանկի Բաղրամյան փողոցի մասնաճյուղը

Օրվա լուր | | July 22, 2009 17:42

Այսօր առավոտյան 9:30-ին կողոպտել են «ՎՏԲ-Հայաստան» բանկի Բաղրամյան 56 հասցեում գտնվող 4-րդ մասնաճյուղը: Ավազակները հափշտակել են 5 մլն դրամ՝ շուրջ 137.00 ԱՄՆ դոլար: «Պարզվել է, որ ժամը 09.20-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք անհայտ անձինք մուտք են գործել նշված մասնաճյուղ, դանակի սպառնալիքով ծեծի ենթարկել կառավարիչ` 1954 թ. ծնված Սեդա Հ.-ին և հափշտակելով 3 միլիոն 900.000 դրամ, 3 040 դոլար, 420 եվրո, 18 000 ռուբլի` դիմել են փախուստի».տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը:

Տուժածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ`ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործություն կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժինը:

«ՎՏԲ-Հայաստան»-ից «Անկախ»-ին տեղեկացրին, որ այս պահին որևէ հավելյալ ինֆորմացիա չի հրապարակվում, որպեսզի չխոչընդոտեն նախաքննությանը:

Բանկն ունի 78 մասնաճյուղ, որոնցից 31-ը` Երեւանում, մնացածը` Հայաստանի բոլոր մարզերում:

Բանկը սպասարկում է 236.951 հաճախորդների, այդ թվում` 231.524 ֆիզիկական եւ 5.067 իրավաբանական անձանց:

Բանկը հիմնադրվել է 1923 թ.: Մինչև 1993 թ. բանկը մտնում էր ԽՍՀՄ Պետական Խնայողական Բանկի կազմի մեջ, այնուհետ սկսեց գործել որպես Հայաստանի մասնագիտացված Խնայողական բանկ: 2006 թ. հունիսի 20-ին «Հայխնայբանկ»-ը վերանվանվել է «ՎՏԲ-Հայաստան»-ի, որի բաժնետոմսերի ողջ փաթեթը պատկանում է ռուսական «ՎՏԲ» բանկին:

Դիտվել է 1949 անգամ:
Print Friendly

Leave a Reply