Ադրբեջանական կողմը հաստատել է, որ իրենց մոտ պահվող պատանդը Արթուր Բադալյանն է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 16, 2010 17:53

Ադրբեջանական կողմը հաստատել է, որ իրենց մոտ պահվող հայ քաղաքացիական պատանդը` Արթուր Գրիշայի Բադալյանն է, որի մասին տեղեկատվությունը տեւական ժամանակ գաղտնի էին պահվում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:

Վերջինիս խոսքով, ներկայումս բանակցություններ են ընթանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ հույսեր կան, որ առաջիկա օրերին Ադրբեջանը Հայաստանին կվերադարձնի Արթուր Բադալյանին: Կապրիելյանը նշեց, որ ադրբեջանական կողմն առ այսօր չի պատճառաբանել, թե ինչու էր ամիսներ շարունակում հերքում, որ Արթուր Բադալյանը գտնվում է իրենց մոտ: «Բացարձակապես ոչինչ չեն մեկնաբանում: Լրիվ անսպասելիորեն, ուղղակի Կարմիր Խաչին էին ներկայացրել անձին եւ ասել, թե նա հայ է, քաղաքացիական անձ: Անցած շաբաթվա վերջին հաջողվել է պարզել, որ այդ քաղաքացիական անձն, իսկապես, Արթուր Բադալյանն է»,- նշեց աշխատանքային խմբի ղեկավարը:

Արմեն Կապրիելյանն ասաց նաեւ, որ բանակցություններ են ընթանում Ադրբեջանում պահվող 6 հայ ռազմագերիների ճակատագրի վերաբերյալ, սակայն ադրբեջանական կողմը դրական պատասխան դեռ չի տվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Արթուր Բադալյանը Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ է, ով տարօրինակ հանգամանքներում անհետացել էր սահմանամերձ գոտուց՝ Մովսես գյուղի մերձակայքից 2009թ. մայիսի 9-ին:

Դիտվել է 1547 անգամ:
Print Friendly

Leave a Reply