Հեռուստաալիք, որի հզորությունը մարզերին քիչ է հասնում

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | November 16, 2010 17:47
ՙԱրմենիա՚ հեռուստատեսությունը պարբերաբար գովազդում է իրեն` որպես առաջատար ու ամենից շատ դիտվող ալիքի և վկայակոչում է տեխնիկապես զինված, հզոր լինելու հանգամանքը: Բայց, չգիտես ինչու, այդ հզոր համարվող ալիքը Լոռիում պարբերաբար հեռարձակվում է ընդմիջումներով: ժամանակ առ ժամանակ էկրանին տևականորեն (ժամերով, երբեմն էլ` օրերով) որևէ պատկեր է քարանում:  Երկու տարի առաջ, երբ այդ անջատումը մի քանի օր տևեց, ու հեռուստասերիալների երկրպագուների խնդրանքով հետաքրքրվեցինք պատճառներով` զանգահարելով ՙԱրմենիա՚, պատասխանեցին, թե տեխնիկական աշխատանքներ են տարվում և վկայակոչեցին վերահաղորդիչ կայանի հետ կապված աշխատանքները:
Օրերս կրկին վերսկսվեցին նույն երևույթները, և կրկին հեռուստաէկրանին սկսեց պատկեր ՙսառել՚: Դարձյալ փորձեցինք պարզել, թե ինչն է պատճառը և  դարձյալ նույն պատասխանը ստացանք` ՙտեխնիկական աշխատանքներ են տարվում՚: Հաջորդ հարցս, թե ՙերկու տարի է` տեխնիկական աշխատանքներ են տարվում, ի վերջո, չավարտվեցին այդ աշխատանքները՚, ընդհանրապես անպատասխան մնաց:
Հատկանշական է, որ առավել տևական անջատումներ լինում են անբարենպաստ եղանակների ժամանակ: ՙԷդ ինչի  անձրևները հանրայինի վրա չեն ազդում, հենց մենակ ՙԱրմենիայի՚ վրա  են ազդում՚,- զարմանում են մարդիկ: Չի բացառվում, որ անջատումներն արվում են ստուգելու նպատակով, թե որքանով է հեռուստաալիքը դիտողական, որովհետև սովորաբար նման անջատումներին հաջորդում է ինքնագովազդը` սոցիոլոգիական հարցումների և առավել դիտվող ալիք լինելու վերաբերյալ:
Մի կողմ թողնենք հեռուստադիտողի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը (մարդը սպասում է սերիալի շարունակությանը, բայց նրան քարացած պատկեր են հրամցնում), բայց  հետաքրքիր է` գովազդատուները տեղյակ են, թե ինչ տիրույթով են սփռվում իրենց գովազդները կամ արդյոք լիարժեք են հասնում սպառողին: Ցավոք, այս մասին քանիցս ահազանգվել է մամուլում, բայց վիճակը չի փոխվում:
Ի դեպ, վանաձորցիները նաև դժգոհ են, որ օրերս ՙԱրմենիայով՚ սկսված ՙԼոս՚ հայ-ամերիկյան հեռուստասերիալը, որի առանցքային դերակատարներից մեկը ծնունդով վանաձորցի, ներկայումս լոսանջելեսաբնակ, ՀՀ ժողովրդական արտիստուհի Վիոլետա Գևորգյանն է, ցուցադրվում է միայն  մեկ անգամ` ցերեկով, մինչդեռ այլ հեռուստասերիալներ ոչ միայն երեկոյան ու կեսգիշերին են ցուցադրվում ու կրկնվում, այլև շաբաթվա վերջին`  մեկշաբաթյա կտրվածքով:

Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է 1303 անգամ:
Print Friendly

Leave a Reply