Տ. Քոչարյան. «Ադրբեջանական ֆիլմերի փառատոնն ի սկզբանե էր ձախողված»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 16, 2010 16:47

Ադրբեջանական ֆիլմերի փառատոնն ի սկզբանե էր ձախողված, քանի որ ճիշտ ժամանակին եւ տեղին չէր կազմակերպված: Այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց բլոգեր, փորձագետ Տիգրան Քոչարյանը` նշելով, որ փառատոնը չուներ որեւէ գաղափարական հիմք եւ առավել եւս` անկեղծ խաղաղասիրություն: «Վերջին ժամանակների ամենախաղաղասիրական ելույթը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանինն էր. Հայաստանում այդպիսի ելույթներ են անհրաժեշտ, ոչ թե ադրբեջանական ֆիլմերի փառատոն, որն ընդամենը գումար աշխատելու միջոց է»,-ասաց Տ. Քոչարյանը:

Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը կարծիք հայտնեց, որ այդ փառատոնը հրաշալի հնարավորություն էր հակառակորդ կողմին ճանաչելու եւ ռազմավարություն մշակելու համար: Նա հավելեց, որ Ադրբեջանը պարտված կողմ է եւ բարդույթներ ունի, իսկ Հայաստանն այդ խնդիրը չպետք է ունենա: Բլոգեր Տիգրան Քոչարյանը, ի պատասխան Ժ. Դադասյանի` Հայաստանում ադրբեջանական ֆիլմերը ներկայացնելու կարեւորության պնդմանը, ասաց, որ ադրբեջանական վերջին ֆիլմերից մեկը պատկերում է Ադրբեջանում սպանված 20-ամյա Մանվել Սարիբեկյանի խոշտանգումները:

Տիգրան Քոչարյանը տեղեկացրեց, որ օրերս Թեքեյան մշակութային կենտրոնում կայացել է Ադրբեջանի կողմից նկարահանված հակահայկական ֆիլմերի ցուցադրություն, որը չխոչընդոտվեց: «Այդ ցուցադրությունը հստակ նպատակ ուներ ցույց տալու Ադրբեջանում տիրող հակահայկական տրամադրությունները, իսկ այս չկայացած փառատոնն ընդամենը բիզնես է»,-հայտնեց Տ. Քոչարյանը: Ի վերջո, Ժիրայր Դադասյանն ու Տիգրան Քոչարյանը համաձայնության եկան, որ անհրաժեշտ է անցկացնել մեկ այլ փառատոն, որում ընդգրկված կլինեն Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների վիճակի մասին պատմող ֆիլմերը:

Դիտվել է 986 անգամ:
Print Friendly

Leave a Reply