2011թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանվում է 32 500 դրամ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 16, 2010 15:55

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը, որով փոփոխություններ և լրացում է նախատեսվում ՙՆվազագույն ամսական աշխատավարձի մասին՚ և ՙԵկամտահարկի մասին՚ օրենքներում:

Ըստ այդմ, 2011թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանվում է 32 500 դրամ` ներկայումս գործող 30 հազար դրամի փոխարեն: Համախառն եկամտից անձնական նվազեցման չափը կհավասարվի նվազագույն ամսական աշխատավարձի օրենքով սահմանված չափին:

Կառավարությունը մերժել է նվազագույն ամսական աշխատավարձի չափը 45 հազար դրամ սահմանելու մասին ՙԺառանգություն՚ խմբակցության առաջարկությունը հետևյալ հիմանվորմամբ. 32 500 դրամը սահմանվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ հաստատված ՀՀ 2011-2013 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում 2011թ.-ի համար նախատեսված չափը, ՙընդ որում, միջնաժամկետ ծախսային ծրագիրը կազմվել է բազմակողմանի վերլուծությունների հիման վրա` հաշվի առնելով մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները՚: Ըստ կառավարության, 45 հազար դրամի դեպքում ՙկբերի մակրոտնտեսայան խախտման և կհանգեցնի լրացուցիչ ծախսերի՚:

ՙԺառանգություն՚-ը քվեարկությանը չմասնակցեց: Մինչև քվեարկությունը խմբակցության անունից Արմեն Մարտիրոսյանը պարզաբանեց.ՙ Որովհետև դեմ քվեարկելու պարագայում տպավորություն կստեղծվի և այնպես կներկայացվի, որ խմբակցությունը դեմ է աշխատավարձերի բարձրացմանը, բայց այն բարձրացումը, որ կառավարությունը այժմ ներկայացրել է, ընդամենը ՙջայլամի քաղաքականության՚ շարունակությունն է, չցանկությունը տեսնել իրականությունը, անկարողությունը իսկապես նոր փուլի աշխատաոճ որդեգրել՚:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1086 անգամ:
Print Friendly

Leave a Reply