Դ. Ռոզենբլում. «Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրել տնտեսության զարգացման ուղղությամբ»

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 16, 2010 0:24

Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրել տնտեսության զարգացման ուղղությամբ: Երեւանում անցկացվող Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստում այսօր նման գնահատականով հանդես եկավ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչ Դան Ռոզենբլումը` հավելելով, որ ՀՀ տնտեսության զարգացման հնարավորությունները դեռ սպառված չեն: Նրա խոսքով, չնայած այդ առաջընթացին` դեռ կան մի քանի մարտահրավերներ, որոնք ծառացած են Հայաստանի Հանրապետության առջեւ հատկապես կառավարման բնագավառում:

«Այս ոլորտում կատարողականը, կառավարության աշխատանքի թափանցիկությունը, կոռուպցիայի ցուցանիշները էապես ազդում են Հայաստանի տնտեսության վրա: Այս հարցերին լուծումներ տալով` կնպաստենք Հայաստանում օտարերկրյա ներդրումների ներգրավմանը»,- ասաց Դ. Ռոզենբլումը` ընդգծելով, որ այս` Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստում, մեծ ուշադրություն է դարձվելու նման խոչընդոտների հաղթահարմանը:

«Մեր այսօրվա նիստի նպատակն է կառուցողական լուծումներ տալ Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, մեր համատեղ նպատակն է` ավելացնել փոխշահավետ առեւտրի եւ ներդրումների հնարավորությունները ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ, ինչպես նաեւ օգնել Հայաստանին ներգրավելու ավելի մեծ ծավալի օտարերկրյա ներդրումներ` երկրում տնտեսական բարեկեցություն ապահովելու համար»,- ասաց ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հայաստանի կառավարության եւ իր անունից ողջունելով նիստի մասնակիցներին, նշեց, որ հայ-ամերիկյան համագործակցությունը բազմաթիվ տարիների պատմություն ունի:

«Մենք ցանկանում ենք զարգացնել փոխադարձ հետաքրքրություն ունեցող ոլորտներում համագործակցությունը` մասնավորապես առեւտրի եւ տնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: ԱՄՆ-ի կառավարության կողմից տարբեր ծրագրերի միջոցով Հայաստանի կառավարությանը ցուցաբերած օգնությունը` հարկային եւ մաքսային ոլորտի, ներդդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ, կարեւորվում է Հայաստանի Հանրապետության կողմից:

Մենք մեծապես համոզված ենք, որ այդ համագործակցությունը շարունակական է լինելու»,- ասաց նախարարը` ողջունելով հատկապես հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի նոր ձեւաչափը, ըստ որի` կախված ոլորտներից` ձեւավորվել են առանձին աշխատանքային խմբեր: Ն. Երիցյանն այս նիստը առանձնաատուկ համարեց նաեւ նրանով, որ մասնավոր հատվածի ներգրավվածությունն է շատ մեծ:

Նախարարը հույս հայտնեց, որ քննարկումը կլինի շատ արդյունավետ: Դ. Ռոզենբլումը նույնպես կարեւորեց նիստի նոր ձեւաչափը եւ տեղեկացրեց, որ ստեղծվել են չորս աշխատանքային խմբեր, որոնք կօգնեն Հայաստանին եւ ԱՄՆ-ին պահպանելու երկխոսությունը ամբողջ տարվա ընթացքում: «Խմբերը նիստեր կգումարեն պարբերբար, նրանք հարթակ կլինեն, որտեղ Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունները կզրուցեն ընթացիկ մարտահրավերների մասին, կփորձենք պարզել` ինչպես նպաստել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, հետամուտ կլինեն տեխնիկական հարցերի լուծմանը, որոնք կբարձրացվեն աշխատանքային խմբերի քննարկումներում»,- ասաց ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը:

Նշենք, որ նիստին մասնակցում էին նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, ԱՄՆ եւ ՀՀ կառավարության այլ ներկայացուցիչներ:

Դիտվել է 700 անգամ:
Print Friendly

Leave a Reply