Վենդետա հայկական ձեւով. Գժոյանների Արտակը սպանեց անչափահաս երեխային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 16, 2010 0:14
Նոյեմբերի 14-ին ժամը 15-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնի բաժին ահազանգ է ստացվել, որ պարանոցի եւ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով, Զավարյան 49/1 հասցեից իրենց մոտ են տեղափոխել 13-ամյա Սարգիս Դավիթի Վարդիկյանին: Երեխան, գիտակցությամբ չգալով, հիվանդանոցում մահացել է: Նա սովորում էր թիվ 2 վարժարանի 9-րդ դասարանում:
Ոստիկանության կենտրոնի բաժնի աշխատակիցները շտապ մեկնել են Զավարյան փողոց, որտեղ նշված հասցեի դիմաց հայտնաբերել են արյան հետքեր, ինչպես նաեւ այն տաքսի ավտոմեքենան, որով Սարգիս Վարդիկյանը տեղափոխվել էր բժշկական կենտրոն:
Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ: Օպերատիվ աշխատանքների արդյունքում իրավապահները կարողացել են պարզել, որ 13-ամյա Սարգսին դանակի մի քանի հարվածներ հասցրել է Արտակ Մելքոնյանը, ով հանրությանը հայտնի է «Գժոյանների Արտակ» մականունով:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Մելքոնյանը Կենտրոնի ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել է Ձերբակալվածների պահման ժամանակավոր մեկուսարան: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕր.-ի 104 հոդվածի հատկանիշներով (Սպանություն):
Ոստիկանությունն առգրավել է նաեւ հանցագործության գործիք դանակը:
Դեպքի վայրում հարեւանները, ովքեր չցանկացան ներկայանալ, հայտնել են, որ սպանությունը վրեժխնդրության (վենդետա) հետ է կապված:
Հիշեցնենք, որ 2009-ի նոյեմբերին սպանվել էր Արտակ Մելքոնյանի 12-ամյա որդին` Սոս Մելքոնյանը եւ Սոսի սպանության մեջ մեղադրվում էին 2 մարդ, որոնցից մեկը դատապարտվել եւ այս պահին գտնվում է ազատազարկման վայրում, իսկ Սարգիս Վարդիկյանը, ով նաեւ մասնակցություն է ունեցել Սոսի սպանության մեջ, չի դատապարտվել հանցագործության սուբյեկտ չլինելու պատճառով:
Երեկվանից ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ հսկողության տակ են վերցրել Գժոյանների բնակության վայրը, քանի որ կա լուրջ մտավախություն, որ հնարավոր է վենդետան շարունակվի:







Facebook
Tweet This
Email This Post
