ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի դպրոցի աշակերտների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 15, 2010 23:45

Նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալված Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի դպրոցի տարբեր դասարանների աշակերտների հետ: Մինչ այդ երեխաները նաեւ հետեւել էին Ազգային ժողովի նիստի աշխատանքներին:

Հիշեցնենք, որ այս տարվա  նոյեմբերի 2-ին Տավուշի մարզ կատարած  աշխատանքային այցի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահն եղել էր նաեւ Ազատամուտ գյուղի դպրոցում. Հովիկ Աբրահամյանը դպրոցի աշակերտներին հրավիրել էր  այցելել Ազգային ժողով, ծանոթանալ խորհրդարանի աշխատանքներին եւ մասնակցել նիստին: Խորհրդարանի ղեկավարը նաեւ  համակարգիչ եւ գրքեր էր նվիրել դպրոցին:

Ողջունելով դպրոցականներին` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ազատամուտն ու նրա բնակիչները շատ հարազատ  են իրեն: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողովում հյուրընկալվող տարբեր դպրոցների աշակերտները հնարավորություն են ունենում մոտիկից պատկերացում կազմել խորհրդարանի աշխատանքների մասին:

Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքը,  դերը եւ գործառույթները, անդրադարձավ ԼՂ հակամարտությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին:

Այս հարցերի վերաբերյալ  խորհրդարանի նախագահը խոսեց նաեւ աշակերտների տարաբնույթ հարցերին պատասխանելիս` նշելով, որ բոլորս ամեն ինչ պիտի անենք երկիրը հզորացնելու համար, լինենք միասնական եւ հույսներս ավելի շատ մեզ վրա դնենք:

Հանդիպման վերջում  Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնելով, որ բարեկամությունը ազատամուտցիների հետ կշարունակվի, պատրաստակամություն հայտնեց քննարկել յուրաքանչյուր հարց եւ աջակցել խնդիրների լուծմանը:

Ազգային ժողովում հյուրընկալված դպրոցականները շրջեցին խորհրդարանի նիստերի դահլիճում, այնուհետեւ լուսանկարվեցին ԱԺ նախագահի հետ:

Դիտվել է 1608 անգամ:
Print Friendly

Leave a Reply