Թուրքիայի`հայամետ թվացող ակցիաները ջուր են լցնում թուրքական դիվանագիտության ջրաղացին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 22, 2009 16:35

hpim1411«Էրգենեկոնի» բացահայտումը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Թուրքիայի պատմության մեջ շրջադարձային էջ է համարում, քանի որ ձերբակալվածների մեջ զինվորականներ կան, իսկ Թուրքիայում զինվորականները միշտ էլ ներգրավված են եղել քաղաքականության մեջ:

«Ձերբակալվածների մեծամասնությունը հակահայկական կողմնորոշում ունեն և պանթուրքիստական գաղափարախոսության կրողներ են»,-ասաց Մելքոնյանը:

«Էրգենեկոնի» շրջանակներում ձերբակալված պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուկը, փաստաբան Քեմալ Քերինչսիզը ու Անկարայի առևտրի փաստաբանների պալատի նախագահ Սինան Այգունը սերտորեն առնչվել են Հրանտ Դինքի դեմ հալածանքների կազմակերպմանը:

Իսկ «Էրգենեկոնի» շրջանակներում բացահայտված 300 հոգանոց ահաբեկչական կազմակերպությունը պիտի զբաղվեր Թուրքիան «ներքին թշնամուց» մաքրելով, իսկ նրանց ծրագրած սպանությունների ցուցակում կային նաև հայերի` այդ թվում Պոլսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անունը:

«Էրգենեկոնը»ընդհատակյա ահաբեկչական խմբավորում է, որի  անդամները մեղադրվում են պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ:

Հուլիսի 20-ին Թուրքիայում մեկնարկել է«Էրգենեկոնի» գործի դատաքննությունը: Դատարանի առջև կանգնել է 56 մարդ, այդ թվում` լրագրողներ, գիտնականներ, զինվորականներ:

Թուրքագետը կարծում է, որ մենք քիչ ուշադրություն ենք դարձնում Թուրքիայի ազգայնամոլական դրսևորումներին: «Ֆուտբոլային խաղը պիտի տեղի ունենար Կեսարիայում, բայց բնակչությունը ստորագրահավաք կազմակերպեց` «Իմ եղբորը սպանողին չեմ ուզում տեսնել իմ տանը» խորագրով, և կարճ ժամանակ անց Թուրքիայի նախագահը հրամանագիր ստորագրեց` խաղը Բուրսայում անցկացնելու մասին»,- ասում է Մելքոնյանը:

Իսկ հայկական ԶԼՄ-ներում մեծ աղմուկ հանած թուրքերի «ներողություն եմ խնդրում» ակցիան, ըստ թուրքագետի, դարձյալ արվում էր` ի նպաստ թուրքական դիվանագիտության: Որպես օրինակ` Մելքոնյանը հիշում է կազմակերպիչներից Օրհան Բասքընի հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ թուրքական իշխանությունները պետք է շնորհակալ լինեն նախաձեռնողներից, քանի որ նրանց շնորհիվ հայկական սփյուռքը փափկեց, իսկ միջազգային հանրությունը գնահատեց իրենց ադեկվատ մոտեցումը:

Բանախոսի համոզմամբ` հենց այս ակցիայի նախաձեռնողները շրջանառության մեջ գցեցին Մեծ Եղեռն տերմինը, ինչն էլ ամիսներ անց օգտագործեց Օբաման:

Դիտվել է 1384 անգամ:
Print Friendly

Leave a Reply