Բռնության հետևանքները…կանխե՛ք այն, քանի դեռ ուշ չէ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | November 15, 2010 22:17

Երիտասարդ կինը խանդի զոհ դարձավ

Շիրմաքարի վրա քսանհինգամյա գեղեցկատես նկարի տակ գրված էր. «Սպանվեց բարբարոս ամուսնու կողմից»:

Մոր պատմածից:

«Շատերն էին ճանաչում նրան: Դպրոցում լավ էր սովորում, հետո ընդունվեց ինստիտուտ, բայց ուսումը չավարտած` հանդիպեց այդ տղային: Վերջինս մինչև ականջների ծայրը սիրահարվել էր նրան: Ինչ ասես` չարեց, որ ամուսնանան: Բայց ահավոր խանդը նրան հանգիստ չէր տալիս:

Շատերն էին զարմանում, թե ինչպես աղջիկս համաձայնեց ամուսնանալ այդ տղայի հետ: Խանդի առիթ միշտ էլ լինում էր: Հարսանիքների, քեֆերի ժամանակ բավական էր, որ որևէ ընկեր նրան բարևեր կամ հիացմունքով նայեր, որևէ մեկը պարզապես սիրալիր ժպտար. օրը վերջանում էր ծեծով:

Այդ անգամ էլ ինչ որ առիթ էր եղել: Ինչպես հետո ամուսինն էր պատմում, խանդից կուրացել էր, երեխաներին տարել էր ծնողների տուն և վերադարձել արյունոտ աչքերով` ձեռքերը նույնպես արյունոտելու մտադրությամբ: Կինը փորձել էր հասկացնել, պաշտպանվել, բայց ապարդյուն: Ծեծը սկսվել էր կաշվե գոտու հարվածներով: Կնոջ ամբողջ մարմինը ծեծված էր: Հետո հերթը հասել էր ոտքով հարվածներին: Ներքին արյունահոսություն էր սկսվել: Վերջում աթոռն էր կոտրել գլխին` վնասելով գանգոսկրը:

Դատի ժամանակ ամուսինը խնդրում էր հաշվի առնեն, որ առանց խնամքի են մնում երկու անչափահաս երեխա և մեղմ պատիժ տան իրեն: Բայց ինչպե՞ս պիտի խնամեր որբացած փոքրիկներին և ի՞նչ պատասխան պիտի տար նրանց այդ տարիքում մորից զրկելու համար, պարզ չէր»:

«Այդ զզվելի խանդը դարձավ իմ կուրության պատճառը…»

«61 տարեկան եմ: Քառասուն տարվա ամուսնությունից ինձ հիշատակ մնացին ծեծը, բռնությունները և ամենադաժանը` կուրությունը: Առանձնապես գեղեցիկ չեմ, սակայն ամուսինս ինձ խանդում էր ամենաանհեթեթ առիթներով: Եվ այդ զզվելի խանդը դարձավ իմ կուրության պատճառը. նա քնած ժամանակ աչքերիս թթվի լուծույթ լցրեց:

Մենք բաժանվեցինք: Բայց նա շարունակում էր հարբած գալ, իմ դուռը թակել, վախեցնել, որ եթե համարձակվեմ ոստիկանություն դիմել` նույնը աղջիկներիս էլ կանի: Ես բողոքեցի, նրան դատեցին: Հենց բանտում էլ քաղցկեղից մահացավ»:

 

 

 

Ամուսինը կնոջը զրկել էր աչքի լույսից, քանի որ նա «այլևս չէր ուզում իրեն տեսնել»

Ընկերուհու պատմածից:

«Ամուսնությունից անմիջապես հետո ընկերուհիս ամուսնու հետ մեկնեց Ռուսաստան: Մի քանի տարի անց, երբ վերադարձան, քիչ էր մնում` չճանաչեի նրան: Կենսախինդ, առույգ, եղնիկի քայլվածքով նախկին աղջնակի փոխարեն իմ առջև կանգնած էր վտիտ, գունատ, վախեցած դեմքով մի կին: Խոսում էր շշուկով, կարծես վախենում էր, որ իրեն կլսեն: Ասաց, որ էլ չի ուզում ապրել ամուսնու հետ, հոգնել է ամեն ինչից, կմնա հոր տանը:

Հետո իմացա, որ ամուսինը եկել էր, խնդրել, որ իրեն լսի, գուցե հաջողվի ընտանիքը փրկել: Խնդրել էր`իրենց մենակ թողնեն, որ կնոջ հետ առանձին խոսի: Երբ մենակ էին մնացել, նորից ազատություն էր տվել ձեռքերին:

«Չեմ ուզում քեզ տեսնել»,-ասել էր կինը: «Լավ, էլ չես տեսնի»,-պատասխանել էր ամուսինը, և հանկարծ կինը սուր գործիքի հարված էր զգացել աչքերին: Ահավոր ցավից կորցրել էր գիտակցությունը: Ուշքի էր եկել հիվանդանոցում` կուրացած: Այդպես նա ողջ կյանքի ընթացքում զրկվեց աչքի լույսից: Հիմա ապրում է հոր տանը»:

 

«Կնգան մինչև չծեծես, կնիկ չի ըլնի…»

«Ծանոթացա հարևան գյուղից մի տղայի հետ: Ծնողներս` հատկապես հայրս, դեմ էր մեր ամուսնությանը: Հայրս գնաց արտասահման` աշխատելու, և ես ինքնագլուխ որոշեցի այդ տղայի հետ իրենց տուն գնալ: Հետո ինձ այլևս չթողեցին, որ տուն վերադառնամ: Այդպես ամուսնացանք:

Մեկ-երկու շաբաթ հետո դժոխային օրեր սկսվեցին: Ես բոլորի ոտքերը լվանում էի, չորացնում: Շաբաթը մեկ լողացնում էի բոլորին, լվանում նրանց շորերը, ճաշ պատրաստում, անասուններին կերակրում: Ուտում էի բոլորից առանձին` միջանցքի մի անկյունում: Որևէ մեկի հետ բարձրաձայն խոսելու իրավունք չունեի:

Ամուսնուս հորեղբայրը գալիս էր մեր տուն և ամուսնուս ասում. «Կնգան մինչև չծեծես, կնիկ չի ըլնի, ու որ խփես, ընենց տեղ զարկ, որ հետքերը չերևան…»:

Եվ այդ ձևով ինձ գրեթե ամեն օր ծեծում էին` ոչ միայն ամուսինս, այլև` սկեսուրս:

Մեզ հետ էր ապրում նաև ամուսնուս տատը, որին երախտապարտ եմ ինձ փրկելու համար: Նա միշտ ինձ ասում էր. «Ա՛յ բալա, թող, էս տնից գնա, էսի քու տեղը չի, քու գլուխ մի օր կուտեն»:

Եվ մի օր էլ, հերթական ծեծից հետո, երբ ես նույնիսկ ուժ չունեի քայլելու, տատը գաղտնի զանգել էր մորս: Մինչև մորս հասնելն արդեն արյունաքամ էի եղել: Ինձ տեղափոխեցին հիվանդանոց: Երեխայիս կորցրի: Հաջորդ օրը երկու վիրահատություն կատարեցին: Բժիշկներն ասում են, որ հրաշք կլինի, եթե ես երբևէ երեխա ունենամ:

Այս դեպքի մասին տեղյակ էր նաև ոստիկանությունը, բայց ամուսինս ոչ մի պատասխանատվության չենթարկվեց»:

 

Կինը հացն է թոնրի մեջ գցում, ամուսինը` կնոջը

«Այսօր ես ի վիճակի չեմ ձեռքով որևէ գործ կատարել, գրել. Հաշմանդամության պատճառն իմ դժբախտ ամուսնությունն է: Ամուսինս մարդ կոչվելու իրավունք չունի, նա գազան է: Նա ամեն օր ինձ ծեծում էր, հայհոյում, անվայել խոսքեր ասում, հաճախ սպառնում, որ կսպանի:

Մի անգամ, երբ հաց էի թխում, նա հետևում էր, որ հանկարծ լավաշը թոնիրը չգցեմ: Ու հանկարծ հացը ձեռքիցս ընկավ: Նա գոռաց ու ոտքով ինձ այնպես խփեց, որ ընկա վառվող թոնրի մեջ: Չեմ հիշում, թե ինչպես հայտնվեցի հիվանդանոցում: Ամբողջ մարմինս վառվել էր, այլանդակվել:

Որոշ չափով ապաքինվելուց հետո երկու երեխաներիս հետ վերադարձա հորս տուն. Երրորդին չտվեց: Ամբողջ նյարդային համակարգս շարքից դուրս եկավ: Երկու տարի հետո հայտնվեցի հոգեբաուժարանում: Մեկ-երկու ամիս բուժվեցի, բայց մինչ օրս ապրում եմ դեղերով:

Այդ սարսափելի ամուսնության պատճառով ոչ միայն առողջությունս կորցրի, այլ հավատս, որ երբևէ կարող եմ երջանիկ լինել: Սակայն գիտեմ, որ աստված տեսնում է այս ամենը, և բոլորն էլ կստանանա այն, ինչ արժանի են»:

«Զարթնեցի հիվանդանոցում` վիրակապերի մեջ…»

«Ամուսինս հարբեցող էր: Ամեն անգամ հարբած տուն էր գալիս, ինձ ծեծում, վիրավորում: Ծեծում էր նաև աղջիկներիս: Մի անգամ փոքր աղջկաս գլխին այնպես խփեց, որ կարճատեսություն առաջացավ:

Մի օր էլ, երբ նորից հարբախ տուն էր եկել, ձեռքին ինչ որ շիշ կար: Ես վախեցա, սկսեցի բղավել, լաց լինել: Բացեց իր բերած շիշն ու լցրեց երեսիս: Էլ ոչինչ չեմ հիշում:

Զարթնեցի հիվանդանոցում` վիրակապերի մեջ: Միլիցիայի հարցաքննությունից հետո իմացա, որ թթվի լուծույթ էր լցրել դեմքիս: Նրան դատեցին. բանտում էլ մահացավ: Բայց կործանեց նաև իմ կյանքը»:

 

Տարիներ են անցել, բայց կինը չի մոռանում ասեղների ծակոցները

Ես իմ մանկավարժական աշխատանքով եմ ապրել: ինձ միշտ վիրավորել, ստորացրել են իմ տգետ ամուսինն ու նրա կիսախելագար մայրը:

Դաժան կյանքս իմ երեխաներն ու աշակերտներն էին թեթևացնում: Բայց ամեն օր դասարան էի մտնում ծեծված, ուռած ու կարմրած աչքերով` ամաչելով աշակերտներիցս: Այդ վիճակն այլևս անտանելի էր դառնում:

Մի օր էլ վերցրի մորս տված կարի մեքենան և երեխաներիս հետ դուրս եկա տնից: Մի քանի օր անց ամուսինս և սկեսուրդ եկիան մեր հետևից: Ես նրանց դուրս հրավիրեցի: Այդպիսի վերաբերմունքի չէին սպասում: Հանկարծ երկուսով բռնեցին թևեիցս, ձախ ձեռքս դրեցին կարի մեքենայի տա և սկսեցին ծակծկել: Իմ ճիչը լսելով` վրա հասան տանտերերը և ինձ ազատեցին այդ դահիճներից: Հիմա իմ կյանքի աշունն եմ ապրում: Կրթված, խելացի երեխաներ ու փոռներ ունեմ, բայց ասեղի այն ծակոցները դեռ չեմ մոռացել»:

 

«ժավել էին խմացրել, իբր քույրս ինքնասպանություն է գործել»

Քրոջ պատմածից

«Երբ հիշում եմ քրոջս ապրած օրերը, սիրտս կտոր-կտոր է լինում: Ինչու՞ եկավ աշխարհ, ինչու՞ գնաց: Առաջին ամուսնությունից երկու ամիս անց ամուսինն ավտովթարից մահացավ: Քույրս արդեն հղի էր:

Երբ երեխան երեք տարեկան էր, քույրս երկրորդ անգամ ամուսնացավ: Նոր ամուսինն իր մոր խոսքով էր շարժվում, որը շատ չար կին էր: Մայր ու որդի դաժանորեն ծեծում էին նրան: Մի օր էլ արդուկով խփել էին գլխին և իրենց ապահովագրելու համար ժավել էին խմացրել, իբր քույրս ինքնասպանություն է գործել: Որ ստիպողաբար էին խմացրել, երևում էր նրա կապտած շուրթերից ու կոտրված ատամներից:

Հիմա քրոջս որբացած որդուն մենք ենք պահում, նա արդեն չորս տարեկան է: Տարիների հետ ատելությունս ավելի է խորանում այդ անիծված գյուղի բնակիչների, արդարադատության ծախված աշխատոողների նկատմամբ…»:

Պատմությունները տրամադրել է

«Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

Դիտվել է 4918 անգամ:
Print Friendly

Leave a Reply