ԱԺ հերթական քառօրյայում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 15, 2010 18:36

Նոյեմբերի 15-ին մեկնարկած Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերում առաջին անգամ գործարկվեց պատգամավորների գրանցման քարտային համակարգը: Ի հայտ եկած տեխնիկական որոշ անսարքությունները վերացնելու նպատակով հայտարարվեց 20-րոպեանոց ընդմիջում, իսկ մինչ այդ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստիպված էր հորդորել պատգամավորներին, ՙովքեր համակարգին չեն տիրապետում, անհարկի միջամտություններ չանել՚ և ՙկոճակների հետ չխաղալ՚:

Կարճատև ընդմիջումից հետո խորհրդարանը շարունակեց աշխատանքը: Հաստատվեց քառօրյայի օրակարգը, որում ընդգրկված է 114, այդ թվում` 12 միջազգային պայմանագիր, նաև ընդունվեցին նախորդ քառօրյայի վերջին օրը քննարկված օրինագծերը:

Այդ թվում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՙՃանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին՚ և մի շարք հարակից օրենքներում կառավարության հեղինակած փոփոխությունների ու լրացումների օրենսդրական փաթեթը: Ըստ այդմ, մասնավորապես, ազգային վարորդական վկայականը տրվելու է տաuը, իuկ միջազգային վարորդական վկայականը` մինչև երեք տարի ժամանակով, բայց ոչ ավելի ազգային վարորդական վկայականի գործողության կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի ժամկետից: Վերանայվում է տրանսպորտային միջոցների դասակարգումը, նաև նախատեսվում է, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը տրված վարորդական վկայականները գործելու են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, իսկ գործողության ժամկետի նշում չպարունակող վկայականները` մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը: Սա նշանակում է, որ 10 տարուց ավելի վաղեմությամբ, այդ թվում` խորհրդային ժամանակաշրջանում տրված վարորդական վկայականները պետք փոխանակվեն նորերով:

Ի դեպ, ընդառաջելով լրագրողների աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված առաջարկներին, ԱԺ ղեկավարության կարգադրությամբ, լրագրողների համար նախատեսված երկու օթյակներում նստելատեղերի առաջնամասում տեղադրվել են ձայնագրման համար նախատեսված բարձրախոսներ, իսկ օթյակներին կից երկու սենյակներում` համակարգիչներ:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1309 անգամ:
Print Friendly

Leave a Reply