Բանակ և հասարակություն. կա արդյո՞ք փոխադարձ երկխոսություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | November 15, 2010 16:54

Աջից` Թաթուլ Հակոբյան, Գարեգին Խումարյան, Ալեքսանդր Ավետիսյան, Արթուր Սաքունց

Հասարակությունում առկա բոլոր խնդիրները վաղ թե ուշ արտացոլվում են բանակում: Եթե խնդրահարույց հարևանի հետ կարող ենք չշփվել, ապա բանակում նման հնարավորություն չկա. այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Բանակ և հասարակություն» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ՊՆ պաշտպանության քաղաքականության վարչության իրավաբանական բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ավետիսյանը:

Ավետիսյանը նշում է, որ աշխարհի զաչգացած երկրների բանակներում էլ խնդիրներ լինում են և որպես օրինակ մատնանշում անցած տարի ԱՄՆ-ում տեղի ունեցած դեպքը, երբ նորակոչիկը երդման արարողության ժամանակ 20 մարդ էր սպանել:

Հելսինկյան քաղքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի  նախագահ , իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն, մատնանշում է, որ առկա է պարադոքսային իրավիճակ. 1989-ին, երբ բանակ, որպես այդպիսին չկար, մարդիկ կամավոր գնում էին հայրենիքը պաշտպանելու: Մեր օրերում, երբ կա կայացած ու կանոնավոր բանակ, մարդիկ խուսափում են զորակոչվելուց և բանակում ծառայելուց:

Սրա հիմնական պատճառն, ըստ Սաքունցի, այն է, որ 1995-ից է վեր հայկական բանակն ու ոստիկանությունը բարեփոխումների չեն ենթարկվել: «Ինչպես բոլոր ոլորտներում, այս ոլորտներում ևս բարոփոխումները իմիտացիոն բնույթ են կրել և հիմա բանակում խնդիրները կարծրացած են»:

Սաքունցի կարծիքով` ՊՆ-ն փորձում է կոծկել բանակում տեղի ունեցող հանցագործությունները` դրանք բացահայտելու և իրական մեղավորներին պատժելու փոխարեն:

Ավետիսյանը, սակայն, հակադարձելով Սաքունցին, նշում է, որ բանակը շարունակաբար բարեփոխվում է. «Պետությանը ձեռնտու չէ, որ բանակի նման կենսական կառույցը վատ գործի»:

Սաքունցը նշում է, որ հայկական բանակն այսօր փակ համակարգ է, իսկ նման միջավայրում ցանկացած գործողություն կասկածելի է թվում:

Նա ասում է, որ պաշտպանության ոլորտում որևէ անգամ աուդիտ չի իրականացվել և հայտնի չէ, թե ինչպես են ծախսվում զինված ուժերին տրամադրված ֆինանսական միջոցները:  Սաքունցը բանակին վերաբերող մտահոգիչ երևույթ է համարում այն, որ կան լավ զինվորականներ, ովքեր սրտացավությամբ են վերաբերում բանակին, սակայն որոշումներ կայացնելիս նրանց ձայնը լսելի չէ: Մեկ այլ մտահոգիչ երևույթ է համարում այն, որ զինվորական հրամանատարությունը նաև գործարարությամբ է զբաղվում. «Միթե ՊՆ-ն չի մտահոգվում, որ գեներալները  բիզնես ունեն»:

Նա նշում է, որ պաշտոնապես պետք է հստակեցվի, բանակին վերաբերող որ տեղեկատվությունը պետք է փակ լինի, որը ոչ: «Այս տարի բանակում գրանցված 34 սպանության դեպքերից միայն 11-ի սկզբնաղբյուրն է եղել պաշտպանության նախարարությունը, մյուս 23 դեպքերին արձագանքել է   մահվան փաստի  հայտնի դառնալուց հետո: Հարց է, թե սպանության քանի դեպքեր էլ կան, որոնք չեն բացահայտվում»: Սաքունցը նշում է, որ բանակում կատարվող բռնության դեպքերն ավելի մեծածավալ են . «Անգամ բացահայտված դեպքերի հետագա քննությունը մնում է ինքնահոսի: Մինչդեռ հանրությանը պետք է իրազեկել այդ գործերի քննության ընթացքի մասին»:

ՊՆ առնթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանն ասում է, որ վերջին տարիներին բանակում գրանցվող սպանությունների  թիվը նվազել է` հասնելով տարեկան 30-40 դեպքի: «Իհարկե անգամ մեկ զինվորի մահը ցավալի է և աշխատում ենք, որ նման դեպքեր չլինեն: Սակայն բանակը մի մեծ կառույց է, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ ամեն օր շփվում են զենքի հետ»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, սակայն, նշում է, որ բանակում զոհերի մասին պաշտոնական տվյալները հաճախ վստահելի չեն: Նա,  որպես օրինակ,  մատնանշում է տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպք, երբ Հելսինկյան կոմիտեն հարցում է ուղարկել ՊՆ և ռազմական դատախազություն` պարզելու 2005-ին բանակում գրանցված  զոհերի թիվը: «Ունեցանք միմյանից տարբերվող 4 պաշտոնական տվյալ: ԱԳՆ-ի կայքում նշվում էր, որ 2005-ին բանակում 12 զոհ է եղել, պաշտպանության նախարարը հարցազրույցներից մեկում  նշել էր 42 թիվը, ՊՆ-ի պաշտոնական պատասխանի համաձայն կար 28 մահվան դեպք, մինչդեռ զինվորական դատախազության տվյալներով` 89»:

Իշխանյանը նշում է, որ բանակում զավակ կորցրած ծնողների հիմնական ցանկությունն է, որ պատժվեն իրական մեղավորները. «Սկզբում վստահում են քննչական մարմիններին, ամիսներ անց, սակայն, հիասթափվում են, հաճախ էլ տարիներ հետո անգամ վստահ են, որ իրենց զավակի մահվան իրական մեղավորները չեն պատժվել»:

Անդրադառնալով բանակում «դեդովշչինա» հասկացությանը, Ավետիսյանը նշում է, որ հայկական բանակում նման երևույթներ չկան.  «Մենք փորձում ենք բացառել նման դեպքերը»:

Այս տարի բանակից զորացրված լրագրող Գարեգին Խումարյանը ևս հաստատում է, որ բանակում ոչ կանոնակարգային, «դեդովշչինա»  երևույթը չկա:

Դիտվել է 5490 անգամ:
Print Friendly

Leave a Reply