Արտաշատում նշվել է Վ. Խանամիրյանի ծննդյան տարեդարձը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | նոյեմբերի 15, 2010 12:24

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 14-ին կազմակերպվել է տոնական համերգ` նվիրված Հայաստանի ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի ծննդյան 83-ամյակին: Իրենց ելույթներով վարպետին շնորհավորելու են եկել ավելի քան 15 մարզային պարախմբեր:

Միջոցառմանը հանդես է եկել նորաստեղծ «Բարդիներ» ժողովրդական պարի անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարն է Վ. Խանամիրյանը, իսկ պարուսույցները` նրա դուստրը` Գայանե Խանամիրյանը, նաեւ Աշոտ Ազատյանը: Շուրջ երեք ժամ տեւած համերգից հետո հոբելյարը շնորհակալություն է հայտնել` «իրեն նման տոնական օր նվիրելու համար»:

Նա, բարձր գնահատելով մարզում պարարվեստի զարգացումը, ընդգծել է, որ դեռ մեկ տասնամյակ առաջ այստեղ խմբերը չեն ունեցել ոչ հայ պարարվեստին արժանի հագուստներ, ոչ էլ պատշաճ բեմադրություններ: Վ. Խանամիրյանի խոսքով` այսօր մարզում պարարվեստը զարգացում է ապրում գեղարվեստական ղեկավարների հետեւողական աշխատանքի շնորհիվ: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, շնորհավորելով վարպետին, ընդգծել է, որ Արտաշատի հանդիսատեսը ներկա է մշակույթի եւ արվեստի երախտավորի` նահապետի հոբելյանին, ով իր գիտակցական կյանքը կապել է պարարվեստին:

«Ձեր պարախմբերի «նաիրյան աղջիկների հեզաճկուն պարերը» ուրախացրել ու գերել են ոչ միայն հայաստանյան հանդիսատեսին, այլ նաեւ արտերկրում հուզել մեր հայրենակիցներին: Անուրանալի է Ձեր ներդրումը մատաղ սերնդի դաստիարակման եւ կրթման հարցում: Ձեր գործունեությունն այս ոլորտում երկար պատմություն ունի, եւ ես ցանկանում եմ սերնդին տեսնել միաձուլված այն արվեստին, որի նահապետն եք դուք»,-ասել է նա:

Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը եւս շնորհավորել է վարպետին` վերհիշելով իր դպրոցական տարիները, երբ այս նույն դահլիճում դիտել է Վ. Խանամիրյանի ղեկավարած Պարի պետական անսամբլի ելույթը: «Ես այսօր դիտում էի այս կատարումները, եւ նկատեցի, որ չնայած «Բարդիներն» ունի դեռեւս երեք ամսվա պատմություն, բայց աղջիկների պարը ոչ մի բանով չի զիջում այն ժամանակվա պարուհիների կատարումներին»,-ասել է նա:

Մարզպետն ու քաղաքապետն օրվա կապակցությամբ վարպետին մատուցել են նվերներ, որից հետո Վ. խանամիրյանը նրանց է ընծայել իր ստեղծած գեղանկարներից` Արարատի պատկերով:

Դիտվել է 1080 անգամ:

Leave a Reply